Սյունիքի մարզի Սիսիանի տարածաշրջանի գյուղերում ընտանի թռչուններ են սատկում: Անկման դեպքերը օրեցօր ավելանում են, դառնում մասսայական: Ընտանի թռչունների շրջանում տարածված վարակի դեմն առնել մարզի անասնաբույժները չեն կարողանում, գյուղապետերի խոսքով՝ անասնաբույժների խորհուրդներն արդյունք չեն տալիս:
Վարակը հիմնականում տարածված է Սիսիանի շրջանի Բալաք, Շաղատ, Մուցք գյուղերում: Շաղատի գյուղապետ Տիգրան Խաչատրյանի փոխանցմամբ, դրական փոփոխություններ չեն նկատվում: «Այս 15 օրվա մեջ արդեն 2000-ից ավելի հավ է սատկել: Անասնաբույժները եկել են գյուղ, ծանոթ են իրավիճակին, խորհուրդ են տվել մածուն ու սխտորի խառնուրդ սարքել եւ տալ հավերին, բայց օգուտ չկա, էլի սատկում են: Հավերի անկման դեպք մեկ էլ մոտ 3-4 տարի առաջ էր եղել մեր գյուղում: Գյուղում 280 տնտեսություն կա, որից 250-ը հավ է պահում»,- ասում է Շաղատի գյուղապետը:
Հիվանդությունից տուժած Բալաք գյուղում էլ են շարունակվում հավանոցները դատարկվել, վարակի հնարավոր տարածումն էլ կանխելու համար սատկած հավերին թաղում են:
Գորիսի տարածաշրջանի Բարձրավան գյուղում հավերի անկումներ գրանցվել էր ամռան ամիսներին: Գյուղապետ Օնիկ Ավագյանի խոսքով, այդ ընթացքում 100-ից ավելի ընտանի թռչուն էր սատկել: «Բավականին դրական փոփոխություններ կան: Էն ժամանակ հավանաբար եղանակային պայմանների փոփոխությամբ վարակը տարածվեց գյուղում, հիմա, բարեբախտաբար, դրական տեղաշարժեր կան»,- մեզ հետ ունեցած զրույցում նշեց Օնիկ Ավագյանը:
Սյունիքի գյուղերում ընտանի թռչունների այս զանգվածային հիվանդության մասին փորձեցինք տեղեկանալ մարզի գլխավոր անասնաբույժ Էդգար Թոխսանցից, սակայն նա հանրապետության այլ մարզում սեմինարի մասնակցելու եւ զբաղված լինելու պատճառով մեզ տեղեկատվություն չտրամադրեց եւ նշեց, որ այս հարցով պարզաբանում-տեղեկություն կարող ենք ստանալ Սիսիանի տարածաշրջանի գլխավոր անասնաբույժ Սենիկ Սանթրոսյանից: Վերջինս, սակայն, հայտարարեց, որ իրավասու չէ որեւէ տեղեկատվություն տրամադրելու մեզ, քանի որ պարտավոր է միայն Էդգար Թոխսանցին տեղյակ պահել իրավիճակի մասին, իսկ լրատվամիջոցներին ինֆորմացիա տրամադրելը Էդգար Թոխսանցի ֆունկցիան է: