Նոյեմբերյանի քաղաքապետը ճանապարհ բացելու համար Կարմիր գրքում գրանցված ընկուզենի է հատել
Թե Սամվել Գիշյանը, թե Վանուշ Ամիրաղյանը «մարտական» են տրամադրված:
Մոտ մեկ տարի առաջ Նոյեմբերյանի «Քամուտ» հեռուստաընկերության ուղիղ եթերում, տողերիս հեղինակի հետ զրույցի ժամանակ, մի հեռուստադիտող պահանջեց քաղաքի Աբովյան փողոցից դեպի կենտրոնական՝ Երեւանյան փողոց ճանապարհը վերաբացել: Իսկ նախանցած ուրբաթ՝ նոյեմբերի 5-ին, Նոյեմբերյանի քաղաքապետարանի մի խումբ աշխատակիցներ՝ քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանի գլխավորությամբ, «Նպաստ աշխատանքի դիմաց» ծրագրում ընդգրկված նոյեմբերյանցիների, քաղաքի Աբովյան փողոցի մի խումբ բնակիչների եւ ոստիկանության թաղային աշխատակցի ուղեկցությամբ մտել են քաղաքի նախկին շուկայի հարակից տարածք՝ ճանապարհ բացելու: «Ընկերներով մեր տանը հաց էինք ուտում, երբ աղմուկ լսեցինք»,- պատմում է նախկին շուկայի տարածքի սեփականատեր Սամվել Գիշյանը: Նրա խոսքով՝ քաղաքապետը ցանկացել է 6 մետր լայնությամբ ճանապարհ բացել, իսկ նրա հետ եկած «Նպաստ աշխատանքի դիմաց» ծրագրի ներկայացուցիչները «զինված» են եղել գործիքներով՝ սղոցով, գերանդիով, «բոլգարկով», կացնով եւ այլն: Եկվորները հատել են յոթ տարեկան մի ընկուզենի, որը տնկել է Սամվելի տիկինը՝ Ռայա Նազարյանը, հատվել է նաեւ մեծ ընկուզենու մի հաստ ճյուղ, ցանկացել են նաեւ տեղաշարժել Սամվել Գիշյանի տարածքի երկաթե դարպասը: Սամվել Գիշյանը զանգել է ոստիկանության «թեժ գիծ», դեպքի վայր է ժամանել Նոյեմբերյանի ոստիկանապետի ծառայության գծով տեղակալ Կարեն Անտոնյանը, ում հաջողվել է մեղմել լարված իրավիճակը: Ոստիկանը քաղաքապետին եւ Սամվել Գիշյանին խորհուրդ է տվել վիճելի հարցը լուծելու համար դիմել դատարան: Սամվել Գիշյանը Հայաստանի Կարմիր գրքում գրանցված հունական ընկուզենին հատելու մասին տեղեկացրել է Տավուշի մարզի բնապահպանական պետական տեսչության պետ Արտյոմ Մանուչարյանին, դեպքի վայր է ժամանել տեսչության աշխատակից Գարիկ Սարուխանյանը:
Սամվել Գիշյանը մոտ 15 տարի առաջ գնել է նախկին շուկայի 2800 քմ մակերեսով տարածքը, նաեւ «Կարգավորիչ շիտեր» անունը ստացած փակ 2 ջրամբարներով տարածքը՝ 140 քմ մակերեսով: Այս տարածքների համար ունի սեփականության վկայականներ՝ տրված համապատասխանաբար 1995 եւ 1997 թվականներին:
2000 թվականին Նոյեմբերյանի քաղաքապետարանը՝ քաղաքապետ Սերյոժա Ամիրաղյանի գլխավորությամբ, պայմանագիր է կնքել Սամվել Գիշյանի հետ, որով նրան նախկին շուկային եւ քաղաքային մարզադաշտին կից 20 տարի ժամկետով վարձակալությամբ տարածք է հատկացվել եւ հասարակական զուգարան կառուցելու թույլտվություն տրվել: Պայմանագիրը, սակայն, նոտարական վավերացում չի ստացել, բայց Գիշյանը նախկին շուկայի տարածքը կառուցապատել է՝ դարձրել հանդիսությունների սրահ, կառուցել հասարակական զուգարան, ավտոտնակ եւ լողավազան: Այս լողավազանում սահմանամերձ տարածաշրջանի հարյուրավոր երեխաներ լող են սովորել: Անցյալ տարի պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեuչության Տավուշի տարածքային մասնաճյուղը Սամվել Գիշյանից պահանջել է կոյուղագծերի վթարվելու պատճառով զուգարանի աշխատանքը դադարեցնել:
Երբ վիճահարույց խնդրի վերաբերյալ զանգեցի Նոյեմբերյանի քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանին, նա ասաց. «Ես Սամվել Գիշյանի հարցը մի շաբաթում ուրիշ ձեւով եմ լուծելու»:
Նոյեմբերի 10-ին խնդրի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու համար կրկին հանդիպեցինք Նոյեմբերյանի քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանին: Նա չցանկացավ որեւէ պարզաբանում տալ, ասելով, որ իրենք կգործեն «օրենքով սահմանված կարգով»: Նույն օրը Նոյեմբերյանի քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանը ծանուցում է ուղարկել Սամվել Գիշյանին, ուր գրված է, որ Գիշյանը համայնքին պատկանող տարածքում ինքնակամ շինություններ եւ բազմամյա տնկարկներ (պտղատու ծառեր) է հիմնել: Քաղաքապետը Գիշյանին խորհուրդ է տվել 10 օրվա ընթացքում քանդել ինքնակամ շինությունները՝ չմոռանալով հիշեցնել ինքնակամ շինությունների համար նախատեսված 400 հազար դրամ տուգանքի մասին:
Սամվել Գիշյանն էլ նույն օրը դիմել է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարան՝ «կռվախնձոր» տարածքի նկատմամբ վարձակալի իր իրավունքները հաստատելու պահանջով: Մեկ օր անց՝ նոյեմբերի 11-ին, Նոյեմբերյանի քաղաքապետարանի, անշարժ գույքի կադաստրի Նոյեմբերյանի տարածքային ստորաբաժանման եւ ոստիկանության ներկայացուցիչները փորձել են չափագրել հասարակական զուգարանը, սակայն Սամվել Գիշյանն ընդդիմացել է՝ ասելով, որ գործը դատարանում է:
Գիշյանի վկայությամբ՝ իր վարձակալած տարածքում խորհրդային տարիներին հետիոտն ճանապարհ եղել է՝ Աբովյան փողոցից դեպի քաղաքային շուկա, բայց 1990-ական թվականների սկզբից այդ շուկան չի գործում: Սամվել Գիշյանը կարծում է, որ ճանապարհ բացվելու դեպքում իր տարածքից կարող է գողություններ կատարվեն:
Գիշյանը պնդում է, որ 2008 թվականի հոկտեմբերին Նոյեմբերյանի քաղաքապետի ընտրություններում սատարել է Վանուշ Ամիրաղյանին: Նոյեմբերյանում հասարակական զուգարան ունենալը Վանուշ Ամիրաղյանի 2008թ. նախընտրական խոստումներից է, որ դեռ կյանքի չի կոչվել: