Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ՍՊԻՏԱԿԵՂԵՆԸ ԼՎԱՑԵՔ ՆԵՐՍՈՒՄ»

Նոյեմբեր 18,2010 00:00

Հորդորում են հաշմանդամ օդաչուները,  որոնց իրավունքները չեն վերականգնվել

Սեպտեմբերի 30-ը ՀՀ քաղաքացիական ավիացիայի տոնակատարության օրն էր. (Որոշում թիվ 902, 2001թ., ընդունված՝ ՀՀ վարչապետ երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանի կողմից, վավերացված՝ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից):
Հոկտեմբերի 5-ին մեծ շուքով ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ նշվեց Ուսուցիչների օրը, այնուհետեւ՝ Գրադարանավարների օրը եւ այդպես բոլոր տոները:
Մենք՝ ավիացիայի վետերաններս, այդ օրը ուշի-ուշով հետեւում էինք լրատվական միջոցներին՝ մեր հասցեին որեւէ շնորհակալական խոսքեր լսելու ՀՀ վերադաս մարմինների կողմից:
Հարց է առաջանում, ինչո՞վ արժանի չենք մենք՝ ավիատորներս, մանավանդ մեր փառապանծ օդաչուները, որոնք մեծ ծառայություններ մատուցեցին մեր պետությանը, հայ ժողովրդին՝ աղետալի երկրաշարժի ժամանակ, Չեռնոբիլի աղետի հետեւանքները վերացնելու կապակցությամբ: Օդաչուներից շատերը Աֆղանստանի պատերազմի մասնակիցներ են, իսկ այն, թե ինչ արեցին օդաչուները Արցախի ազատագրման համար՝ դժվար է գերագնահատել:
Մեծ ավիացիայի օդաչուներս տարբեր քաղաքներից կրում էինք զենք, զինամթերք, այն հասցվում էր «Էրեբունի» օդանավակայան, այնտեղից Ղարաբաղ: «Տու-134», «Տու-154» ինքնաթիռների օդաչուները Կիրովաբադից, Բաքվից, Կրոսնովոդսկից գերծանրաբեռնված՝ մազապուրծ եղած մեր հայրենակիցներին տեղափոխում էին հայրենիք:
1644 ուղեւոր եւ անձնակազմի անդամներ են փրկվել՝ վթարային վիճակից հերոսաբար դուրս գալով: Ամեն վայրէջքից հետո Դուք ծափահարում էիք մեզ՝ օդաչուներիս, մոռանում մինչ մյուս ուղեւորությունը:
Անահիտ Չիբուխչյանի «Հերոսամարտի պողպատե թեւերը» գրքում Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ սրբազանը գրել է. «Օդաչուները Արցախին կերակրող երակն էին, որոնք պետք է շրջափակված Արցախ հասցնեին հագուստ, դեղորայք, սնունդ, զենք ու զինամթերք, մարդիկ: Ես կարծում եմ, որ դա հրաշքների հրաշքն էր, որ մենք ունեցանք այդպիսի օդաչուներ եւ որ այդ գործը անխափան աշխատեց: Ճիշտ է, այդ ճանապարհին մենք մեծ կորուստներ ունեցանք, զոհեր (15 օդաչու), հերոսացած մարտիկներ: Եթե չլինեին օդաչուները, անհնարին էր նույնիսկ երազել հաղթանակի մասին: Այդ հաղթանակի 90%-ը կռեցին օդաչուները: Այդ մասին են վկայում նույնիսկ Աֆղանստանում ծառայած, պատերազմ տեսած ռուս զինվորականները: Օդաչուների կատարած սխրագործությունները ոսկե տառերով պետք է ամրագրվի հայոց նոր պատմության էջերում: Ես պետք է ասեմ, որ նրանք իրենց ոսկե արձանը կերտեցին եւ անսասանելի պատվանդան դրեցին մեր հաղթանակի հիմքում: Քանի որ, նորից եմ կրկնում (երեւի չհասկացողների համար), առանց մեր օդաչուների՝ հաղթանակի մասին ոչ հնարավոր էր մտածել եւ ոչ էլ երազել: Դրա համար ազգովի նրանց՝ օդաչուներին ենք պարտական: Ես այսօր կարող եմ ասել, որ Աստված բոլորին օրհնյալ պահի, զորացնի, իսկ նրանք, ովքեր, ավաղ, կյանքից շուտ հեռացան, Աստված հոգիները լուսավորի, նրանց թողած որբերին Աստված ինքը մխիթարի (թոշակների, նպաստների հարցն էլ Աստծո հույսին): Մենք ազգովի խոնարհում ենք մեր գլուխները նրանց բոլորի առջեւ եւ պարտական ենք նրանց՝ մեր հաղթանակով»:
Իսկ Կոմանդոսը՝ Արկադի Տեր-Թադեւոսյանը գրել էր. «Ողջ պատերազմի ընթացքում նրանք էին հասցնում հեղուկ վառելանյութ, զինամթերք, սնունդ, պարեն: Առանց նրանց օգնության՝ մենք ոչինչ անել չէինք կարող: Ղարաբաղի բոլոր հաջողությունները, հաղթանակը կապված էր ավիացիայի հետ: Օդաչուների շնորհիվ հազարավոր մարդկային կյանքեր փրկվեցին: Նրանք շրջափակված Արցախից հանում էին հիվանդներին, վիրավորներին: Այն, ինչ արեցին մեր հայ օդաչուները՝ երբեք չի խամրի: Նրանք արժանի են կառավարական բարձր պարգեւների: Բոլորը պետք է հպարտանան այդ արծիվներով եւ նրանց ոգով դաստիարակեն մեր երիտասարդությանը»:
Հիմա մեր դարդ ու ցավից…
25-40 տարի թռիչքներ իրականացրած օդաչուներից շատերս ստացանք մասնագիտական հիվանդություն՝ գլխացավեր, վատ լսողություն, ինսուլտ, ինֆարկտ, ինչի համար ստանում էինք փոխհատուցում-թոշակ (օդաչուի միջին աշխատավարձի 60% չափով), որը ընդունված է Միջազգային ավիացիոն ընկերության կողմից (ԻԿԱՕ, նրա լիիրավ անդամ է հանդիսանում մեր հանրապետությունը, բայց նրա պահանջները չի կատարում ՀԱՈՒ-ի լուծարումից հետո): Իրավահաջորդ չեղավ, որի համար պատասխանատվությունը կրում է ՀՀ կառավարությունը: Անցանք բոլոր դատական ատյանները՝ մեր մասնագիտական թոշակները ստանալու համար, սակայն՝ ապարդյուն: Դատարանները մերժում են մեզ՝ թոշակների վերականգնման հարցում:
Չէ՞ որ ասում եք. «Մեր կեղտոտ սպիտակեղենը մի փռեք դրսում»: Դե սիրելի պատկան մարմիններ, լվացեք այն ներսում:
Այս հարցի շուրջ ցանկալի կլիներ հրապարակավ լսել ՀՀ արդարադատության նախարարի, գլխավոր դատախազի, աշխատանքի եւ սոցիալական հարցերով նախարարի եւ, ինչու չէ՝ Ազգային ժողովի պատգամավորների կարծիքը:
Մի՞թե սա է Ձեր գնահատականը մեր՝ օդաչուների նկատմամբ, չէ՞ որ մենք Ձեզ միշտ էլ պետք ենք, Հայրենիքին եւ Արցախին:
Նսեմացված ենք նաեւ նրանով, որ «Զվարթնոց» օդանավակայանը Էռնեկյանին հանձնելուց ի վեր մենք՝ վետերաններս, զրկվեցինք մեր ակումբից (ժողովներ, միջոցառումներ անցկացնելուց), զրկված ենք վարչական տարածք ազատ մուտք ու ելքից, բուժկետից, կադրերի բաժնից: Մի՞թե դժվար է այդ անցակետը տեղափոխել մի 200 մ ներս. առանձին պետություն պետության մեջ:
Վարչության պետ Ա. Մովսիսյանը ոչ մի լծակ չունի նրանց դեմ:
Վետերաններով հանդիպում ենք քաղաքի տարբեր այգիներում կամ հերթական մեր գործընկերոջը վերջին հրաժեշտը տալու կապակցությամբ, վերադառնում տուն, ընդունում համապատասխան հաբը, մտնում անկողին:
Խնդրում ենք նեցուկ կանգնել մեզ, բարձրացնել ավիատորներիս՝ մասնագիտական հիվանդություն ստացածներիս թոշակ-նպաստներ չվճարելու հարցը, թանկարժեք դեղորայքները հայթայթելու՝ եւս մի քանի տարի մեր կյանքը երկարացնելու միտումով: Մեր հանրապետության ոչ մի ուժային կառույց չի ունեցել ավելի մեծ հնարավորություն Հայաստանին եւ Արցախին զորակից լինելու հարցում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել