Այս տարվա հունվարից սեպտեմբեր ընկած հատվածում Հայաստան է այցելել 487 902 զբոսաշրջիկ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ 15,6%-ով ավելի է: Այս մասին երեկ ասուլիսում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության եւ տնտեսական զարգացման բաժնի պետ Մեխակ Ապրեսյանը: Նրա տեղեկացմամբ, նույն ժամանակահատվածում Հայաստանից մեկնել է 474 հազար մարդ, ինչը նախորդ տարվանից 19%-ով ավելի է: Պարոն Ապրեսյանը նկատեց, որ հայերն առաջվա պես այդքան շատ չեն նախընտրում Անթալիայում հանգստանալ, որովհետեւ հիմա այլընտրանքային ու ավելի էժան ծովափնյա հանգստավայրեր կան: Թե որքան գումար է մեկ զբոսաշրջիկը ծախսում Հայաստան այցի ընթացքում, պարոն Ապրեսյանն ասաց, որ թեեւ պաշտոնական վիճակագրական տվյալների համաձայն $700-800 է նշվում, սակայն, իր կարծիքով, մեկ զբոսաշրջիկի ծախսը $1000-ի է հասնում: Նա նաեւ նշեց, որ առայժմ հստակեցված չէ, զբոսաշրջության ոլորտը ՀՀ պետբյուջեի եկամուտների քանի տոկոսն է ապահովում. «Մինչեւ հիմա նման հաշվարկներ չեն արվել: Զբոսաշրջիկների թիվը հատուկ մեթոդաբանությամբ են հաշվում: Զբոսաշրջիկ չեն համարվում այստեղ աշխատելու համար եկածները կամ երկարաժամկետ բնակություն հաստատած անձինք: Զբոսաշրջիկ է նա, ով եկել է Հայաստան, օրինակ՝ ատամները բուժելու նպատակով, ու, ի դեպ, նրանց թիվը այդքան էլ փոքր չէ»: