Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հայփոստը» գցում է ՊԵԿ-ի վրա, ՊԵԿ-ը՝ «Հայփոստի»

Նոյեմբեր 18,2010 00:00

\"\"ՀԴՄ կտրոնների բոնուսների գլխին մի «օյին» խաղում են, բայց թե ով՝ հայտնի չէ

ՀԴՄ չշահած կտրոնների դիմաց պարգեւավճարների հանձնումը մոտ մեկ ամսով դադարեցվել էր: Մարդիկ ամեն օր 2-3 հազար դրամ բոնուսի համար գնում էին «Հայփոստ» ու մերժվում, որովհետեւ «Հայփոստի» աշխատակիցներն ասում էին, թե փող չկա կամ հրաման չեն ստացել, որ գումարները տան: Երբ թոշակառուներն ու ՀԴՄ կտրոնների բոնուսների հույսին ապրող ընտանիքները սկսեցին բողոքներով հեղեղել կառավարությունն ու Պետեկամուտների կոմիտեն, ՀՀ կառավարությունը հստակ հայտարարեց, որ բոնուսների փողը բյուջեից տրամադրել են, Պետեկամուտների կոմիտեն էլ վստահեցրեց, որ ինքն էլ այդ գումարը փոխանցել է «Հայփոստին»: Թե այդ ընկերությունն ինչ էր արել փոխանցված գումարի հետ, ուր էր կորել փողը՝ պարզ չէր: Քանի որ խոսքը բավականին մեծ գումարների մասին է, կասկածներ կային, որ «Հայփոստն» այն դնում է շրջանառության մեջ ու սպառողներին ցրելով՝ նրանց նյարդերի հաշվին եկամուտներ է ստանում: Շրջանառվող լուրերից մեկն էլ այն էր, որ բոնուսների տրամադրման գործընթացը դադարեցվել է, քանի որ որոշ քաղաքացիներ մեծ բոնուսներ ստանալու համար մեծ թվով կեղծ կտրոններ էին ներկայացրել ՊԵԿ, որոնց «ծագումը» պարզելու համար էլ հարկայինը ժամանակավորապես դադարեցրել էր բոնուսների տրամադրումը: 
Երեկ այս առնչությամբ մեր հարցին, թե ո՞րն էր պատճառը, որ մեկ ամսով դադարեցվել էր բոնուսների տրամադրումը՝ «Հայփոստից» պատասխանեցին, որ, համենայնդեպս, իրենք դրա հետ որեւէ կապ չունեն: «Հայփոստի» հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Գեւորգ Աբրահամյանի խոսքերով՝ «Մեր ընկերությունը միայն հաղորդակցման ֆունկցիան է ապահովում, գումարի հետ որեւէ առնչություն չունի, «Հայփոստը» մեծ ցանկության դեպքում էլ չի կարող յուրացնել այդ գումարները: ՊԵԿ-ը ինչ գումար որ փոխանցում է՝ մենք այն բաշխում ենք մեր ընկերության մասնաճյուղերում, ու վերջին հաշվով ամեն մասնաճյուղում դա խոշոր գումար չի կազմում՝ շուտ սպառվում է»: Բանն  այն է, որ նախորդ անգամ, երբ փոխանցումն արվել էր, Պետեկամուտների կոմիտեն «Հայփոստին» գումար է պարտք եղել՝ 550 մլն դրամ, որը «Հայփոստն» իր ռեզերվից տրամադրել է քաղաքացիներին: Հետո, երբ փոխանցումն արվել է, ընկերությունն այդ փոխանցման հաշվին իր պարտքն է մարել, դրա համար բոնուսների տրամադրման գործընթացը երկար ժամանակով կասեցվել է: Համենայնդեպս, այդպես են բացատրում ընկերությունից: Նշենք, որ կառավարությունը հստակ ժամկետներում հաշվարկված գումարը հատկացնում է ՊԵԿ-ին, եթե բոնուսների գումարը պակասում է, որոշում է կայացվում պահուստային ֆոնդի հաշվին այն լրացնել: Այսինքն, չի կարող ստացվել այնպես, որ գումարը քիչ փոխանցվի, ՊԵԿ-ը ստիպված պարտք մնա, հետո պարտք փակի, «Հայփոստն» էլ ստիպված սպառողներին ամիսներով տանի-բերի:
ՀԴՄ-ների բոնուսների վճարումը, քանի գնում՝ իսկապես խաղի է վերածվում: Կարելի է ասել՝ ամեն ինչ արվում է, որ բարեխիղճ սպառողները հիասթափվեն ու ՀԴՄ կտրոն հավաքելուց վերջապես ձեռք քաշեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել