Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԴԵՂԱՏՆԵՐՆ ԷԼ ՄԵՆԱՇՆՈՐՀ ԿԴԱՌՆԱՆ

Նոյեմբեր 18,2010 00:00

Դատելով Հայաստանի կառավարիչների քայլերից, խնդիր է դրված դեղամիջոցների վաճառքն էլ կենտրոնացնել օլիգարխների ձեռքում:

Երբ վարչապետը բոլորին կարգադրեց նաեւ կադրային փոփոխություններով հասնել Հայաստանում առկա ցավոտ խնդիրների, մասնավորաբար՝ կոռուպցիայի ծավալների նվազեցմանը, աշխատանքից ազատվեցին առողջապահության միանգամից երկու փոխնախարարներ: Նախարար Հարություն Քուշկյանին ոչ ոք նախատինքի որեւէ խոսք չասաց: Թե որքանով էր տրամաբանական եւ նորմալ, երբ առողջապահության ոլորտում բիզնես շահեր ունեցողին ժամականին նույն վարչապետը վստահեց առողջապահության ոլորտի համար պետության անունից թիվ մեկ պատասխանատուի գործը՝ այլ հարց է: Մեր աղբյուրները պնդում են, որ Հարություն Քուշկյանը կարող է դառնալ քավության նոխազ՝ վարչապետի ու օլիգարխների հերթական շահերից բխող, գեղեցիկ փաթեթավորված, զարդարված եւ իբր հանրության շահերին հետամուտ մի ծրագրի իրականացման արդյունքում: Մեկ շաբաթից ավելի է, ինչ ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության, Ազգային անվտանգության ծառայության եւ առողջապահության նախարարության ներկայացուցիչները իսկական խաչակրաց արշավանք են սկսել փոքր դեղատների դեմ:
Որ դեղամիջոցների վաճառքը ազգային անվտանգության հարց է՝ միանշանակ է, որ այստեղ պետական խիստ վերահսկողություն է պետք՝ միանշանակ է, բայց որ այսօր փոքր դեղատներում ստուգումները այս վեհ նպատակներին չեն ծառայում՝ էլի միանշանակ է:
Հայաստանում ընդունված չափանիշների համաձայն, դեղատունը պետք է ունենա 2 քմ մակերեսով զուգարան, 18 քմ մակերեսով սրահ եւ 8 քմ մակերեսով հանգստի սենյակ: Երեւանի, էլ չասած Հայաստանի շատ դեղատներ, այս չափանիշներին չեն համապատասխանում: Ըստ մեր աղբյուրների, Երեւանում այս ստանդարտներից շեղված մի քանի հարյուր դեղատուն կլինի: Փոքր դեղատներում պահպանված են դեղամիջոցների վաճառքի հիմնական, կարեւոր պայմանները՝ դեղատները ունեն օդորակիչներ, հատուկ ջերմային ռեժիմով դեղերի համար՝ սառնարան, հաճախորդը եւ դեղագործ-վաճառողը իրարից բաժանված են ապակյա միջնորմով: Փոքր դեղատներում աշխատում է 1-3 հոգի, գումարած սեփականատերը ու կստացվի, որ ամեն փոքր դեղատուն «պահում» է 2-4 ընտանիք: Պետությունը, սակայն, հիմնական չափանիշները թողած, որոշել է 2 քմ մակերեսով զուգարան, 18 քմ մակերեսով սրահ եւ 8 քմ մակերեսով հանգստի սենյակ չունեցող դեղատներին ոչ թե ժամանակ տալ խախտումները վերացնելու համար, այլ՝ փակել:
Ժամանակին ոչ ոք դեմ չէր «Հյուսիսային պողոտա» ծրագրին, մարդիկ ուղղակի ուզում էին ստանալ իրենց ունեցվածքին հարիր փոխհատուցում: Չստացան, ու այս պետությունից դժգոհողների մի նոր հոծ բանակ ձեւավորվեց: Հիմա նույն վիճակն է: Հանուն դեղամիջոցների վաճառքի շուկայում բիզնես շահեր ունեցող վարչապետի, կառավարությունը որոշել է ամեն ինչ անել, որ փակվեն փոքր դեղատները: Այսօրվա դեղատան տերը 6 ամսում կամ մեկ տարում կարող է ապահովել կառավարության պահանջները, եթե նրան վերաբերվեն այնպես, ինչպես օլիգարխին՝ օգնեն: Կամ ամենաքիչը՝ չխանգարեն: Մեկ անգամ եւ մեկ դեղատան դեպքում չէ, որ դեղատան տարածքը մեծացնելու դիմումներին դրական պատասխան չեն տալիս համայնքապետերը:
Երբ կառավարությունը փորձում էր ոչ այնքան վերահսկելի պայմաններում զարգացած ձկնարդյունաբերողներին «կարգի հրավիրել», աղմուկ բարձրացավ եւ երկխոսության արդյունքում ձկնարդյունաբերողներին ժամանակ տրվեց կառավարության պահանջները կատարելու համար: Կառավարությունը փոքր դեղատներին «մեծանալու» հնարավորություն եւ ժամանակ չի տալիս, փոխարենը եւս մի քանի հազար մարդու տալիս է այս երկրից հեռանալու որոշում ընդունելու բոլոր անհրաժեշտ հիմքերը: Դեղատան այսօրվա տերը կարող է կառավարության «խստության» արդյունքում փակել դեղատունը եւ հեռանալ Հայաստանից: Տարածքը կմնա եւ 6 ամիս կամ մեկ տարի անց մի ծպտյալ կամ բացահայտ օլիգարխ նույն տեղում կառավարության սահմանած չափանիշներով դեղատուն կբացի: Ինչպես այլ ոլորտներ, դեղատներն էլ կկենտրոնանան մի քանի «լավ տղաների» ձեռքին: Ու դրանից հետո թող մեկը անկեղծորեն ասի՝ քանի՞ գրոշ արժեն Երեւանում Հայաստանի դեղագործության մրցունակության միջազգային երրորդ համաժողովի անցկացումը, հսկայական ներուժի, ձեռքբերումների (՞՞՞՞՞) եւ պայծառ ապագայի մասին խոսակցությունները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել