Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Թուրքիայի ջրաղացին ջո՞ւր ենք լցնում»

Նոյեմբեր 18,2010 00:00

Ձկնաբույծները պնդում են, որ կառավարությունը ոլորտի խնդիրները միայն իրենց վզին է փաթաթում

Հայաստանի ձկնաբույծների միավորումն այսօր արտակարգ նիստ է հրավիրել: «Առավոտի» հետ զրույցում երեկ Ձկնաբույծների միավորման գործադիր տնօրեն Արթուր Աթոյանն ասաց, որ նիստին ներկայացնելու են իրենց՝ ամիսներ առաջ բարձրացրած խնդիրները, որոնք այդպես էլ լուծում չգտան: Նրան մտահոգել է վերջերս ՀՀ գյուղնախարարությունից ստացած նամակը. «Վարչահրամայական մեթոդով՝ առանց բացատրելու, առանց տեխնիկական պայմանները ճշտելու նախազգուշական նամակ են ուղարկել, որով տեղեկացնում են, որ մինչեւ նոյեմբերի 1-ը պետք է օրինականացման գործընթաց կատարենք, այսինքն՝ ջրաչափեր տեղադրենք, ջրահեռացման մասին պայմանագրեր կնքենք, հողի նշանակությունը փոխենք, եւ ջրի ժամկետների երկարաձգման գործընթացը կարգավորվի»: Պարոն Աթոյանը նորից մեկ առ մեկ թվարկեց ոլորտի խնդիրները ու իր տեսակետներով հիմնավորեց, թե ինչու է կառավարությունն իրենց նման պահանջներ ներկայացրել. «Պահանջում են, որ ձկնաբույծը փոխի հողի նշանակությունը, եւ այն, որ ձկնաբուծարանի տարածքը պետք է համարվի արտադրական տարածք, այսինքն՝ գյուղատնտեսական նշանակության հողի կատեգորիան պարտադրում են փոխել արտադրականի: Իմ խորին համոզմամբ, սա արհեստական միջոցառում է, ու այն, ինչ պարտադրում են՝ հակասում է միջազգային իրավական նորմերին ու խախտում մեր սահմանադրական իրավունքը: Հաջորդ հարցը վերաբերում է ջրաչափերին, պարտադրում են ձկնաբուծարաններում ջրաչափեր տեղադրել, ես էլ բացատրում եմ՝ ջրաչափի իմաստը մեկ միավոր վայրկյանում ծախսած ջրի ծավալի ճշգրիտ չափորոշումը չէ՞, բայց մենք նույն արդյունքը կարող ենք ստանալ նաեւ առանց ջրաչափի: Մեկ տոննա տարողությամբ բաք ենք դնում ու դրա մեջ բաց թողնում հորատանցքից դուրս եկող ջուրն ու վայրկենաչափով չափում, հետո էլ բազմապատկում համապատասխան գործակցով ու ստանում արդյունքները»: Պարոն Աթոյանի խոսքով, հաջորդ խնդիրն էլ վերաբերում է ձկնաբուծարանից բաց թողնված ջրին. «Կանխորոշված չէ, թե ուր պետք է գնա այդ ջուրը, ջրի ժամկետի թույլտվության ժամանակ պարզապես նշվել է՝ տանել ու ջուրը լցնել, ասենք, Սեւ ջուր կամ Հրազդան գետ, առանց հաշվի առնելու, որ այդ վայրը ձկնաբուծարանից 10 կմ հեռավորության վրա է գտնվում: Շատ էլ որ ժամանակին տեր ու տիրական չի եղել, ինչ ուզել՝ գրել են, բայց հո կարգն էդպե՞ս չէ, ախր, մինչեւ էնտեղ հասցնելը 1 կիլոմետրի համար մեզնից կպահանջվի 2 միլիոն դրամ, ամբողջ խնդիրն այն է, որ էսպիսի պայմաններում նման ծախսեր կատարելը անիմաստ է»: Իսկ ինչ վերաբերում է ջրօգտագործման թույլտվության գործունեության ժամկետի երկարացմանը, որով ձկնաբույծներից պահանջում են յուրաքանչյուր ձկնաբուծարանում առկա հորատանցքերի քանակով երեք տարին մեկ անգամ ամեն հորի համար կառավարությունից թույլտվություն վերցնել, Ձկնաբույծների միավորման գործադիր տնօրենի համոզմամբ. «Էս հարցն էլ վերջին երկու տարում շատ բարդացրել են, կառավարությունը լրացուցիչ որոշումներ է ընդունել, որոնք գործող ջրային օրենսդրության հետ համահունչ չեն, եւ դեռ եթե առաջիկայում էլ իրագործեն իրենց որոշումն ու փոխեն ջրային օրենսդրությունը, մեր վիճակն ավելի կբարդանա, ու արդյունքում շատ ձկնաբուծարաններ ուղղակի կքայքայվեն»: Պարոն Աթոյանը դժգոհեց նաեւ ՀՀ տարածքների կառավարման նախարարության աշխատանքից՝ բացատրելով, որ ձկնաբույծների առաջ քաշած ոչ մի խնդրին համապատասխան անդրադարձ չեն կատարում. «Մեզ ոչ մի հարցով նախարարը չի ընդառաջում, միայն ամեն անգամ եղած խնդիրները դնում է է ձկնաբույծների վզին: Միայն պատճառաբանում են, որ ընդերքի ջուրը ձկնաբույծներն օգտագործում են քանակից ավելի, եւ այն չի հասցնում այդ քանակությամբ վերականգնվել: Բա այդ նույն ընդերքի ավազանից Թուրքիան չի՞ օգտվում, որ մեծ ջանասիրությամբ իրար հետեւից ձկնաբուծարաններ են կառուցում: Իսկ նրանք, որ կառուցեն, վերջացնեն, մեր ջուրն իջնելու է՝ նկատի ունենալով այն, որ մեզ ասում են, թե ջուրը չափից ավելի շատ ենք օգտագործում, մենք էլ կարծում ենք, որ հարեւան պետության ջրաղացին ջուր ենք լցնում, մենք քիչ օգտագործենք, որ իրենք ավելի շա՞տ օգտագործե՞ն, կամ էլ կառավարությունը տեսել է տնտեսության աշխատող մի ոլորտ ու չորս կողմից փորձում է ճնշել՝ լրացուցիչ ու անհարկի պարտավորություններով ու ծախսերով»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել