Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԷԺԱՆ ՆՈՐ ՏԱՐԻՆ՝ ԱՐԱԲՆԵՐԻ ՀԵՏ

Նոյեմբեր 18,2010 00:00

Հայաստանում Ամանորը տոնելը չափազանց մեծ հաճույք է

Այս տարի Նոր տարվա խոզի բդից, բլինչիկից, պասուց տոլմայից ու մայրաքաղաքային աղցանից հիասթափվածների թիվը կտրուկ մեծացել է: Տուրգործակալություններից ստացած տվյալները ցույց են տալիս, որ տարեցտարի նվազում են այն ընտանիքները, որտեղ Նոր տարվա գիշերն ու տոնական օրերն անցկացվում են հյուր ընդունելով ու ճանապարհելով, աման-չաման լվանալով ու տեսակ-տեսակ ուտեստներ պատրաստել-թափելով: Չնայած սարսափելի թանկ գներին, արդեն Ծաղկաձորի, Դիլիջանի, Ջերմուկի ու Աղվերանի հանգստյան տներում Ամանորի օրերն անցկացնելու համար մատների վրա հաշված տեղեր են մնացել: Ընդ որում, արդեն պատվիրատուների համար կապ չունի՝ կոնկրետ որ կամ քանի աստղանի հյուրանոցային համալիրում կանցկացնեն տոնական օրերը, կարեւորը՝ փախչեն Երեւանից, սպասված ու անսպասելի հյուրեր ընդունելուց ու պարտականության պես հյուր գնալուց:
Օրինակ, «Արմանե» տուրգործակալությունը տարածել է «Ամանորը հետաքրքիր անցկացնելու շահավետ առաջարկ», ըստ որի՝ Աղվերանի «Կարին» հանգստյան տանը դեկտեմբերի 31-ից մինչեւ հունվարի 5-ը կարելի է անցկացնել 1 անձի համար ընդամենը 92500 դրամով, իսկ 4 անձի համար՝ 335 հազար դրամով: Մեզ հետ զրույցում տուրգործակալությունից վստահեցրին, որ այսօրվա գների համեմատ՝ դա բավականին մատչելի առաջարկ է. «Դա փաթեթ է, որն իր մեջ ներառում է գիշերակաց, 3-անգամյա սնունդ եւ Ամանորի շոու ծրագիր»: «Կարին» հանգստյան տան տնօրենից փորձեցինք ճշտել, թե Ամանորի այդ շոու-ծրագիրն ի՞նչ է իրենից ներկայացնում, ի՞նչ հայտնի աստղեր են լինելու, որ իրենց համեստ հանգստյան տան գնացուցակն այդքան թանկացել է. «Ոչ մի հայտնի աստղ էլ չի լինելու, դեռ չենք հասել այդ աստիճանի, ուղղակի կենդանի երաժշտություն է լինելու, այդքան բան: Մեկ էլ երեւի Ձմեռ պապ ու Ձյունանուշ»:
Նշենք, որ այս օրերին ամբողջ աշխարհում «թեժ տուրեր» են գործում, էժանանում է նաեւ ավիատոմսի արժեքը, իսկ մեր երկրում ավիատոմսերը թանկանում են, իսկ ներգնա «թեժ տուրերի» գները եվրոպական 4-5 աստղանի հյուրանոցների գներին են մոտենում: Ծաղկաձորում Նոր տարվա համար 5-օրյա հանգիստը միջինը 400-500 հազար դրամ է, իսկ Սիցիլիայում 370 հազար դրամով առաջարկում են այդ օրերին հանգստանալ 7 օր՝ ավիատոմսի արժեքը ներառյալ, ընդ որում՝ 1 անձի համար տալիս են երկտեղանոց համար: Եգիպտոսի 4 աստղանի հյուրանոցում մեկշաբաթյա հանգիստը, որի մեջ մտնում է նաեւ Ամանորի շոու-ծրագրերին մասնակցությունը, արժե 420-430 հազար դրամ՝ ներառյալ ավիատոմսի արժեքը: Իսկ մինչեւ, այսպես կոչված, «բարձր սեզոնը»՝ դեկտեմբերի 20-ը, Եգիպտոսի, Արաբական Էմիրությունների, Գերմանիայի, Ավստրիայի ու Չեխիայի հյուրանոցները պատրաստ են ջրի գնով հանգստացողների ընդունել: Օրինակ, «Մենուա տուր» գործակալությունն առաջարկում է Եգիպտոսի 3 աստղանի հյուրանոցում 11-օրյա հանգիստ՝ 75-98 հազար դրամով, ավիատոմսի արժեքը, դիմավորում-ճանապարհումը ներառյալ:
Ամեն տարի ամռանը, երբ Վրաստանը, Թուրքիան հանգստանալու բավականին շահավետ ու գայթակղիչ առաջարկներ են ներկայացնում, իսկ Հայաստանում հյուրանոցների գները կտրուկ բարձրանում են, էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության եւ տարածքային տնտեսական զարգացման վարչության պետ Մեխակ Ապրեսյանը մեր հյուրանոցատերերին արդարացնում է, թե ողջ տարվա ընթացքում ծախսեր են անում, աշխատողներ են պահում եւ միայն ամռան այս մի քանի ամիսներին են այցելու ունենում, նրանք ստիպված են ինքնարժեքից բարձր գներ ասել: Սակայն տուրգործակալությունները վստահեցնում են, որ ձմռանն էլ Ծաղկաձորում, Դիլիջանում, Աղվերանում ու Ջերմուկում հանգստացողներից տեղ ու դադար չկա: «Արմանե» գործակալության աշխատակցի խոսքերով՝ «Չէի ասի, թե մեզ մոտ գները բարձր են, կան առաջարկներ՝ բոլոր սոցիալական խմբերի համար, էժան տարբերակներ էլ կան, օրինակ, տեղ ունենք Ծաղկաձորում՝ 1 օրը 7000-9000 դրամ»: Նրանք, որոնք օգտվել են այդ, այսպես կոչված, «էժան տարբերակներից», արդեն հասկացել են, որ Հայաստանում 7000 դրամանոց հանգիստը քթներից է գալիս: Նախորդ տարի Նոր տարին Ծաղկաձորի էկոնոմ կլասի «Ռիփա» հանգստյան տանն անցկացրած մարդիկ պատմում են, որ դռնից ներս չմտած՝ արդեն սպասարկումից հիասթափված են եղել ու Ամանորը սթրեսներով դիմավորել: Նրանց խոսքերով՝ «Մեր սենյակները դեռ նախորդ այցելուներից հետո չէին մաքրել: Ժամերով դռան մոտ սպասեցինք, ստիպված եղանք ինքներս հավաքարարին գտնել ու բերման ենթարկել, որ բարեհաճի սենյակը մաքրել, անկողինը հին էր, կեղտոտ, մի խոսքով՝ դա հանգիստ չէր»: Տեղեկատուում, երբ փնտրում էինք Հայաստանի որեւէ էժան հանգստյան գոտի, որտեղ կարելի էր անցկացնել Ամանորի գիշերը, գտնում էինք այնպիսի հյուրանոցներ, որտեղ, որպես ծառայություն, առաջարկվում էր «տաք եւ սառը ջուր», այսինքն՝ կարող էր դա չլիներ էլ: Աղվերանի «ՄԳԵ Կավալիեռ» հանգստյան տունը խորհուրդ է տալիս հենց իրե՛նց մոտ դիմավորել Նոր տարին՝ առաջարկելով մանկական խաղահրապարակ, բժշկի, անվտանգության ծառայություններ եւ DVD՝ յուրաքանչյուր համարում: Այնպիսի տպավորություն է, որ Նոր տարվա հրավառությունները, տոնակատարությունները մի կողմ թողած՝ պետք է մի կլորիկ գումար վճարել՝ DVD-ով Աղվերանում կինո նայելու, հիվանդանալու կամ թիկնապահական ծառայությունից օգտվելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել