Երեկ ԱԺ պատգամավորի այս հարցին ի պատասխան՝ վարչապետը մասնավորապես ասաց, թե «հետճգնաժամային աշխարհը նման չի լինելու մինչճգնաժամային աշխարհին»:
Խորհրդարանի հետ կառավարության երեկվա հարցուպատասխանի ընթացքում ամենաուշագրավն ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ռեպլիկներն էին: ՀՅԴ պատգամավոր Ռուզան Առաքելյանը փորձեց պարզել կառավարության վերաբերմունքը «Գազպրոմ» ընկերության ղեկավարի տեղակալի հայտարարությանը, թե «Բելառուսի, Մոլդովայի ու Հայաստանի հետ շարունակվելու է անցումը շուկայական գնագոյացման, եւ այդ պատճառով էլ մենք գների աճ ենք սպասում այդ տարածաշրջաններում»: ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը ի պատասխան ասաց. «Մենք բանակցությունները տանում ենք՝ նպատակ ունենալով գոնե նույնը թողնել գազի գինը: Բանակցությունների հիմնական նպատակը սա է: Իսկ թե ինչքանո՞վ դա կհաջողվի՝ բանակցությունների արդյունքը ցույց կտա»: Խոսքը եզրափակեց այսպես. «Գազի գները ՀՀ-ում պետք է ապրիլի 1-ից փոխվեն՝ եթե փոխվելու լինեն։ Ժամանակ կա, կբանակցենք, կտեսնենք», եւ Հովիկ Աբրահամյանն արձագանքեց. «Պարոն Մովսիսյան, պայքա՛ր, պայքա՛ր մինչեւ վերջ»:
Հետո ՀՀԿ պատգամավոր Գագիկ Մելիքյանը ԱԳ նախարարին ներկայացրեց իր դիտարկումը, թե Թուրքիայի համար անընդունելի է հարաբերություններն առանց նախապայմանների կարգավորելը, եւ Էդվարդ Նալբանդյանն արձագանքեց. «Եթե դա անընդունելի է, ուրեմն գործընթացը ոչ միայն առաջ չի գնա, այլեւ ձախողման կենթարկվի թուրքերի պատճառով»: Եվ ԱԺ նախագահը դարձյալ միջամտեց. «Թուրքը մնում է թուրք՝ ի՞նչ պետք է անենք»:
Ուշագրավ էր նաեւ այն հարցը, որն ուղղեց անկախ պատգամավոր, «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահության անդամ Արա Սիմոնյանը, որը հիշեցրեց՝ «ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրում խնդիր է դրված «աղքատների տեսակարար կշիռը բնակչության ընդհանուր թվաքանակի նկատմամբ 2012թ. հասցնել 11,9%-ի»: Եվ այս տվյալը համադրեց հետեւյալ փաստի հետ՝ ՀՀ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը սեպտեմբերի 10-ին հայտարարել է. «Համաձայն վերջին ցուցանիշների, ՀՀ-ում աղքատության մակարդակն իջել է մինչեւ 23,5%-ի: Իսկ 2015թ. այդ ցուցանիշը ծրագրված է հասցնել մինչեւ 20%-ի»: Արա Սիմոնյանը հարցրեց. «Ի՞նչ ճգնաժամ կամ էքսցես է կանխատեսվում Հայաստանում 2012-ից մինչեւ 2015թ., որն աղքատության մակարդակը կրկին կբարձրացնի մինչեւ 20%»: Հարցին պատասխանեց վարչապետ Տիգրան Սարգսյանը. «ՀՀ նախագահի նախընտրական ծրագրում կան բազմաթիվ այլ ցուցանիշներ, որոնց վերաբերյալ մենք ունեինք նպատակադրումներ, թիրախներ, որոնց պետք է ձգտեինք հասնել կառավարության ծրագրերի իրականացման միջոցով: Հասկանալի է, որ 2009 թվականի ճգնաժամն էական շեղումներ է մտցրել մեր թիրախային ցուցանիշների մեջ: Կարծում եմ, յուրաքանչյուրի համար պարզ է, որ մենք այսուհետեւ կազմելով մեր ծրագրերը՝ հիմք ենք ընդունում այն մակրոտնտեսական ցուցանիշները, որոնք այսօր առկա են»:
Արա Սիմոնյանը հավելյալ հետաքրքրվեց, թե ուրեմն կարո՞ղ ենք արձանագրել, որ ճգնաժամի հետեւանքները Հայաստանում չեն հաղթահարվել՝ չնայած ֆինանսատնտեսական բլոկի ղեկավարների հակառակի մասին պնդումներին: «Ես հարցադրումն այլ կերպ կշարադրեի,- պատասխանեց Տիգրան Սարգսյանը:- Ակնհայտ է, որ հետճգնաժամային աշխարհը նման չի լինելու մինչճգնաժամային աշխարհին: Եվ վերականգնել հին մոտեցումները, հին ցուցանիշները հնարավոր չէ, որովհետեւ մենք գործ ունենք նոր իրողությունների հետ: Մեր այսօրվա աշխատաոճը, մեթոդաբանությունը, որով պետք է ղեկավարվենք՝ պետք է հիմնված լինի այն հանգամանքի վրա, որ մենք պետք է կարողանանք մեզ համար բացահայտել այն մարտահրավերներն ու վտանգները, որոնք մեզ առջեւում դեռեւս սպասում են: Շեշտադրումը պետք է անենք մակրոկայունության վրա եւ կուտակենք նոր ռեզերվներ, որպեսզի կարողանանք նոր մարտահրավերներին դիմագրավել, դիմակայել: Մեզ սպասող անորոշությունները դեռեւս, ցավոք, շատ են»: