Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆ ԱՅՍՕՐ ԿԱՌԱՋԱՐԿԻ ԶՐԿԵԼ ԻՐԵՆ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅՈՒՆԻՑ

Նոյեմբեր 18,2010 00:00

Վերահսկիչ պալատը երեկ դիմեց դատարան՝ պահանջելով ՀՀԿ խմբակցության պատգամավորին պարտավորեցնել ԱԺ ամբիոնից ներողություն խնդրել եւ
ԶԼՄ-ներով հերքել իր հայտարարությունը կաշառքի վերաբերյալ:

\"\" \"\"

Երեկ ամփոփիչ ելույթով հանդես գալով ՀՀ վերահսկիչ պալատի 2009 թվականի հաշվետվության վերաբերյալ՝ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը պատասխանեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, «Ժողովրդավարություն եւ աշխատանք» կուսակցության նախագահ Սպարտակ Մելիքյանի կողմից նախօրեին ԱԺ ամբիոնից հնչեցված մեղադրանքներին: Հիշեցնենք, որ վերջինս հայտարարել էր, թե ՎՊ-ն քննադատել է «Անանիա Շիրակացի» միջազգային հարաբերությունների համալսարանին այն պատճառով, որ ինքը «հրաժարվել է բավարարել ստուգող խմբի ղեկավարի պահանջը՝ տալ 4000 դոլար կաշառք, որն, ըստ իրեն, համաձայնեցված է եղել Իշխան Զաքարյանի հետ՝ այսպես կոչված սեւ ցուցակում չհայտնվելու համար»:
ՀՀ վերահսկիչ պալատի նախագահը նախ ասաց. «ՎՊ-ի ստուգումների արդյունքում, ես գիտեմ, ոսկորը շատերի կոկորդում է մնում»: Եվ հավելեց. «Շատ լավ հասկանում ենք, որ որոշ մարդիկ պարբերաբար ուզում են ՎՊ-ին ներքաշել կեղտոտ խաղերի մեջ: Դա երեւաց մեր գործունեության սկզբնական փուլում, երբ փորձ արվեց ուղղակի ջարդել ՎՊ-ի ողնաշարը: Չհաջողվե՛ց: Այժմ փորձում են սկսել երկրորդ փուլը, որտեղ, ինչպես ցույց տվեց երեկվա ելույթներից մեկը, կիրառվելու են անթույլատրելի եւ հայկական բարոյականությանը խորթ երեւույթներ»: Իշխան Զաքարյանը հայտնեց, թե այդ հայտարարությունից հետո շատ մանրամասն քննարկել են խնդիրը. «Այն, ինչ արձանագրել ենք Անանիա Շիրակացի համալսարանում՝ միանշանակ ճիշտ է, հիմնավոր եւ անառարկելի: Նաեւ ուզում եմ տեղյակ պահել ԱԺ-ին, որ «Անանիա Շիրակացի» համալսարանի 100 տոկոս բաժնետերը, սեփականատերն այն նույն պատգամավորն է, որը երեկ խոսում էր այդ համալսարանի մասին: Եվ կարծեմ, Սահմանադրության համապատասխան հոդվածով, այդ տեսակ գործունեությունն արգելվում է եւ անհամատեղելի է պատգամավորական գործունեության հետ, որի հետ կապված մենք մեր գրավոր նամակը կներկայացնենք: Ուզում եմ ձեզ տեղյակ պահել, որ մենք քննարկեցինք նաեւ ՀՀ դատախազություն ուղարկելու եւ զրպարտության հոդվածով Վերահսկիչ պալատին վարկաբեկելու հետ կապված քրեական գործ հարուցելու խնդիրը, սակայն մեզ դատախազությունից ասացին, որ այդ հոդվածն ԱԺ-ի կողմից դեռ մայիս կամ հունիս ամսին հանված է: Ուստի մեզ մնում է իրավական եւս մեկ ճանապարհ՝ դիմել դատարան: Եվ այսօր Վերահսկիչ պալատը դիմել է դատարան: Այս խնդրի հետ կապված՝ մնացած բոլոր հարցերի մասին մենք կխոսենք օրենքի դաշտում: Հարցը սրանով համարում եմ ավարտված»: Ներկայացված հայցի պահանջն է՝ Սպարտակ Մելիքյանին պարտավորեցնել Ազգային ժողովի ամբիոնից հրապարակայնորեն ներողություն խնդրել Վերահսկիչ պալատից: ՎՊ-ն դատարանից պահանջում է նաեւ պատգամավորին պարտավորեցնել հայտարարություն տարածած բոլոր ԶԼՄ-ներով հրապարակել դատարանի վճիռը, ինչպես նաեւ հերքել զրպարտություն համարվող տվյալները:
Սպարտակ Մելիքյանն ԱԺ դահլիճում այլեւս չհակադարձեց Իշխան Զաքարյանին, սակայն դա արեց՝ պատասխանելով լրագրողների հարցերին:
Մասնավորապես հարցին, թե ապացույցներ ունի՞ իր պնդումների վերաբերյալ՝ պատասխանեց. «Երեւի ես անլուրջ մարդու տպավորություն չեմ թողնում, որ առանց ապացույցների խոսեմ եւ այսպիսի բարձր ամբիոնից հայտարարություն անեմ»: Հայտնեց, թե ունի վկաներ: Իսկ հարցին, թե արդյոք ունի՞ նաեւ ձայնագրություններ՝ հակադարձեց. «Ինչի՞, ես անվտանգության աշխատո՞ղ եմ՝ ձայնագրեմ: Կգան իրավապահ մարմինները, կպարզեն ամեն ինչ»: «Առավոտը» հիշեցրեց, թե ինքը միայն բանավոր է դիմել իրավապահ մարմիններին, եւ հետաքրքրվեց, թե արդյոք դիմելո՞ւ է նաեւ գրավոր: «Կարող եմ եւ գրավոր դիմել,- պատասխանեց պրն Մելիքյանը:- Խնդրելու եմ խորհրդարանին, որ ինձ զրկեն անձեռնմխելիությունից, որպեսզի հետագայում որեւէ մեկը չասի, թե կաշկանդում եմ կամ խոչընդոտ առաջացնում այդ քննությունը մինչեւ վերջ տանելու համար»: Մեր ունեցած տեղեկություններով, ՀՀԿ խմբակցության պատգամավորն այսօր է այդ դիմումը ներկայացնելու ԱԺ նախագահին: «Պատրաստ եմ մանդատն էլ դնել»,- ասաց նա:
Խնդրեցինք նաեւ անդրադառնալ Իշխան Զաքարյանի պնդմանը, թե նման անվանարկումը ՎՊ ողնաշարը ջարդել փորձելու համատեքստում է: Նրա պատասխանն էր. «Ես կարծում եմ՝ այդպիսի հայտարարություն անելուց լավ կլիներ այդ «ոմանց» բառի փոխարեն կոնկրետ ազգանուն տալ. օրինակ ասել՝ ա՜յ, այս նախարարին պատժել ենք, իրենց կոկորդին է մնացել, իրենք էլ Մելիքյանին հրահրել են, որպեսզի Մելիքյանը նման հայտարարություն անի: Ա՜յ, այդ ժամանակ ես կհասկանայի, որ դա նորմալ զրույց է, որի համար մարդուն կարելի է պատասխանատվության ենթարկել»:
Սպարտակ Մելիքյանը նաեւ հաստատեց, որ ինքն «Անանիա Շիրակացի» համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահն է. «Որեւիցե մեկի համար, կարծում եմ, գաղտնիք չէ, որ ես համարվում եմ այդ համալսարանի սեփականատերը։ Սահմանադրությունն ինձ թույլ է տալիս հանդիսանալ այդ համալսարանի սեփականատեր։ Եվ եթե ՎՊ նախագահը չգիտի Սահմանադրությունը, որ դա ինձ օրինական հասնում է, եւ ես այդ օրենքից եմ օգտվում՝ դա արդեն իր բացթողումն է»:
Ի դեպ, նա հայտնեց. «Ես խոսում եմ իմ անունից, դա իմ տեսակետն է եւ որեւիցե կապ չունի ՀՀԿ-ի տեսակետի հետ»: Մեր հարցին, թե ՀՀԿ խմբակցությունից եղե՞լ է դժգոհություն, թե ինչու է ՎՊ-ի դեմ նման հայտարարություն արել՝ պրն Մելիքյանը պատասխանեց. «Ո՛չ, նման որեւէ ճնշում, հարց կամ առաջարկություն չի եղել, եւ, կարծում եմ, երեւի չի էլ լինի, որովհետեւ ամեն պատգամավոր պատրաստ է ինքն իր համար պատասխան տալ»:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը մեր հարցին՝ այս բանավեճում, իր կարծիքով, ճշմարտությունն ասելու առումով ո՞ր մեկի «նժարն» է ավելի ծանր՝ պատասխանեց. «Նման խնդիրները հնարավոր էլ չէ քննարկել: Պարզապես, եթե ստուգող կազմակերպություններ են՝ ընդհանուր առմամբ, հասարակության վերաբերմունքը միշտ գորշ է դիտարկվում»: Փորձեցինք ճշտել, թե ըստ այդմ՝ արդյոք տեղի՞ն է համարում արված պնդումները, քանի որ դրանք ընդհանրապես հարիր են ստուգող մարմինների գործելակերպին, եւ պրն Սահակյանն առարկեց. «Բայց վերացական ընկալումներով տարածել մի բան, որը փաստարկված չէ, կարծում եմ՝ չէր կարելի»:

Հ. Գ. Նշենք, որ ԱԺ-ն երեկ քննարկեց ՀՀ վերահսկիչ պալատի 2011 թվականի գործունեության ծրագիրը, որով նախատեսվում է ստուգումներ անցկացնել Եգիպտոսում, Բելառուսում, Գերմանիայում ՀՀ դեսպանություններում, նաեւ ՀՀ ոստիկանության զորքերում: Սակայն ԱԳՆ-ում ու ոստիկանությունում ուսումնասիրությունների արդյունքները չեն հրապարակվում: Հաջորդ տարի ծրագրվում է ստուգումներ անցկացնել մասնավորապես, զորակոչային եւ նախազորակոչային տարիքի անձանց փորձաքննության եւ բժշկական օգնության ծառայություններում, ընդերքի օգտագործման տրամադրման օրինականությունը եւ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից սակագների սահմանման արդյունավետության վերաբերյալ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել