Աշխատանքային այցով ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ: ՌԴ նախագահի հետ հանդիպման ընթացքում նախագահ Սարգսյանը կարեւորել է երկկողմ պարբերական հանդիպումները, որոնք երկրի ղեկավարի խոսքով՝ թույլ են տալիս ճիշտ ժամանակին քննարկելու եւ համաձայնեցնելու հայ-ռուսական բազմաշերտ համագործակցությանը վերաբերող հիմնական հարցերը: «Հաճույքով արձանագրում եմ, որ մեր ռազմավարական գործընկերությունը վստահորեն զարգանում է, բոլոր մակարդակներում շարունակվում են քաղաքական խորհրդատվությունները: Ձեր վերջին պետական այցի ընթացքում ստորագրված պայմանագրերը նոր ազդակ հաղորդեցին մեր հարաբերություններին: Մենք պայմանավորվեցինք, որ կհանդիպենք ուշ աշնանը եւ կամփոփենք ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը»,- նշել է Սերժ Սարգսյանը, ընդգծելով նաեւ, որ Հայաստանը ձգտում է Կովկասում խաղաղության ու կայունության, եւ դրանով են պայմանավորված ԼՂ հիմնահարցի խաղաղ ու երկարաժամկետ լուծման որոնմանն ուղղված մեր երկրի ջանքերը: Նախագահն ասել է, որ Ռուսաստանը միշտ էլ Կովկասում դրական դերակատարում է ունեցել, եւ շնորհակալություն է հայտնել Դմիտրի Մեդվեդեւին՝ նրա կողմից գործադրվող ջանքերի համար՝ հույս հայտնելով, որ այդ ջանքերը կեզրափակվեն շուտով եւ դրական արդյունքով:
ՌԴ նախագահը եւս կարեւորել է երկու երկրների ղեկավարների միջեւ հաճախակի դարձած հանդիպումները, որոնք, նրա հավաստմամբ, առաջնային բնույթ են կրում: «Գործնականում գրեթե ցանկացած միջազգային միջոցառման ժամանակ մենք անպայման հանդիպում ենք՝ քննարկելու ընթացիկ իրադարձությունները: Երկկողմանի շփումներում էլ Դուք եք այցելում մեզ, վերջերս էլ ես էի Ձեզ մոտ մեծ այցով: Սրանք հնարավորություններ են՝ մի շարք երկկողմ եւ տարածաշրջանային հարցերում ժամացույցի սլաքներն ուղղելու եւ իհարկե՝ խոսելու ԼՂ հակամարտության կարգավորման մասին ու նախանշելու ապագայի կողմնորոշիչները»,- ասել է ՌԴ նախագահը:
ԳԱՍՊԱՐԻՆ ՄԻԵԴ-ԻՑ ՆԱՄԱԿ Է ՍՏԱՑԵԼ
Նոյեմբերի 16-ին Հայ ազգային կոնգրեսի անդամ Վարդգես Գասպարին Մարդու իրավունքների Եվրոպական դատարանից նամակ է ստացել: Դատարանը նախկին քաղբանտարկյալին խնդրել է ուղարկել գանգատի տպագիր տարբերակը, քանի որ այն ձեռագիր է եւ այնքան էլ ընթեռնելի չէ: Երեկ «Ա1+»-ին այդ մասին ասել է Գասպարին, ով ՄԻ Եվրոպական դատարանին ուղղված դիմումում հայտնել է, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում 2008թ. մարտի 11-ին եւ 12-ին բռնությունների է ենթարկվել իր խցակցի կողմից: Խցակիցը՝ Տիգրան Թադեւոսյանը, որը պարբերաբար եղել է թմրանյութերի ազդեցության տակ, ստիպել է նրան զբաղվել թղթախաղով կամ գումար տալ: Քաշքշուկը շարունակվել է նաեւ առավոտյան: Ու քանի որ, ըստ դիմումատուի, Տիգրան Թադեւոսյանը իմացել է, որ Վարդգես Գասպարին դեպքի մասին դիմում է ներկայացնելու «Նուբարաշեն»-ի պետին, փորձել է դիմումը գողանալ: Վարդգես Գասպարին փորձել է արդարադատություն գտնել հայաստանյան դատական համակարգում, սակայն դա նրան չի հաջողվել, ու հիմա վստահ է, որ ՄԻԵԴ-ը անպայմանորեն կքննի եւ կբավարարի իր գանգատը: Հիշեցնենք, որ Վարդգես Գասպարին ձերբակալվել էր 2008թ. մարտի 1-ին՝ ՔՊ 316 հոդվածի առաջին մասի՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու հատկանիշներով: