ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանի պարզաբանումները
«Սիվիլիթաս» հիմնադրամի կողմից նոյեմբերի 15-ին բանակի թեմայով կազմակերպված քննարկման ժամանակ բարձրացված որոշ հարցեր ժամանակի սղության պատճառով ամբողջական պատասխաններ չեն ստացել, եւ ՊՆ մամուլի խոսնակ Դավիթ Կարապետյանը երեկ հարկ համարեց տարածել հետեւյալը. «ՀՀ պաշտպանության նախարարությունը վարում է թափանցիկ պաշտպանական քաղաքականություն: ՀՀ զինված ուժերի նկատմամբ գործում են ժողովրդավարական վերահսկողության մեխանիզմներ, որոնց մեջ առանձնահատուկ դեր ունեն Ազգային ժողովը, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը, ինչպես նաեւ քաղաքացիական հասարակության կառույցները: Այդ մեխանիզմները աստիճանաբար ավելի են ընդլայնվում ու կատարելագործվում՝ հանդիսանալով պաշտպանական բարեփոխումների կարեւորագույն ուղղություններից մեկը: Սակայն թափանցիկությունը չի նշանակում, որ ցանկացած քաղաքացի կամ քաղաքացիական խումբ կարող է ազատորեն իր տրամադրության տակ ունենալ ազգային անվտանգությանը վերաբերող այնպիսի տեղեկություններ, որոնցով կարող է որոշել պաշտպանական բյուջեի ծախսերի նպատակահարմարությունը: ՀՀ պետական բյուջեն՝ պաշտպանական ծախսերի մասով, անցնում է բոլոր գործընթացները, որով անցնում են ՀՀ այլ պետական կառույցների բյուջեները. քննարկումներ է անցնում ՀՀ ֆինանսների նախարարությունում, ՀՀ վարչապետի մոտ, Ազգային ժողովի համապատասխան հանձնաժողովներում, իսկ կատարման ընթացքում պարբերաբար վերահսկվում է ոչ միայն պաշտպանության համակարգում գործող ներքին վերահսկիչ ծառայությունների, այլ նաեւ արտաքին՝ ՀՀ ֆինանսների նախարարության վերահսկողության եւ ՀՀ վերահսկիչ պալատի աուդիտների միջոցով: ՀՀ ԶՈՒ կարիքների համար ձեռք բերվող ապրանքների ցանկը եւ կնքվող պայմանագրերը ուսումնասիրվում եւ հավանության են արժանանում համապատասխան պետական լիազոր մարմինների կողմից: Ճիշտ է՝ ԱԺ-ում պաշտպանական ծախսերի քննարկումները փակ են, սակայն կարծում եմ՝ դա օրինաչափ երեւույթ է»: Դավիթ Կարապետյանը նաեւ հարկ է համարել նշել, որ «ՀՀ պաշտպանության նախարարության կողմից կառուցվող շենքերի բնակիչների ցուցակների վերաբերյալ շահարկումները նույնպես անհիմն են, քանի որ դրանք կարելի է ձեռք բերել բաց աղբյուրներից: Նման ցուցակներ գոյություն ունեն համայնքներում, ընտրական հանձնաժողովներում, ՀՀ ոստիկանությունում եւ այլն: Իսկ ինչ վերաբերում է քննարկման ժամանակ հնչած այն տեսակետին, որ ՀՀ պաշտպանության նախարարության կողմից զինծառայողներին բնակարանների տրամադրումը տեղի չի ունենում թափանցիկության մթնոլորտում, տեղեկացնում եմ, որ գոյություն ունի հերթացուցակ, եւ բնակարանի հերթագրված յուրաքանչյուր զինծառայող քաջատեղյակ է հերթացուցակում իր տեղի վերաբերյալ»: