Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՐՔԵՐՆ ԱՎԵԼԻ ԵՆ ՈՒԺԵՂԱՑԵԼ»

Նոյեմբեր 18,2010 00:00

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հարցազրույցը «Առավոտին»

– Գաղտնիք չէ, որ մեր բանակում, երեւի այլ երկրների բանակներում եւս, նորակոչիկները ծառայության սկզբնական շրջանում մի տեսակ անպաշտպան են լինում, «դեդովշչինան» ճնշում է նորերին. իրականացվո՞ւմ են կոնկրետ եւ արդյունավետ միջոցառումներ, որպեսզի նորակոչիկն ապահովագրված լինի «հին» զինվորների ոտնձգություններից:
– Ոչ կանոնադրական հարաբերությունները գրեթե բոլոր երկրների զինված ուժերի հիմնական ներքին խնդիրներից մեկն է: Հայոց բանակում, հատկապես վերջին շրջանում, ոչ կանոնադրական հարաբերություններն արմատախիլ անելու խնդրին մեծ ուշադրություն է դարձվում, եւ այդ նպատակով կիրառվում են մի շարք միջոցներ: Դրանցից են՝ ընդհանուր կարգապահության բարձրացումը, անձնակազմի հետ տարվող դաստիարակչական եւ հոգեբանական աշխատանքները, հասարակական-պետական պատրաստության դասընթացները, ինչպես նաեւ ՀՀ օրենսդրությամբ սահմանված՝ մարդու իրավունքների հետ ծանոթացման եւ պաշտպանությանն ուղղված միջոցառումները: Սակայն միայն զինված ուժերում տարվող աշխատանքն այս առումով բավական չի կարող լինել: Մինչեւ պարտադիր զինվորական ծառայության մեկնելը՝ քաղաքացին անցնում է այնպիսի հասարակական ինստիտուտներով, ինչպիսիք են ընտանիքը, դպրոցը, բուհը եւ այլն՝ յուրաքանչյուրից քաղելով ինչպես դրականը, այնպես էլ բոլոր այն բացասական որակները, որոնք հետո առավել ցայտուն դրսեւորվում են զինվորական ծառայության պայմաններում: Այդ պատճառով բանակում տեղի ունեցող անախորժությունների սկզբնաղբյուրը պետք է փնտրել ոչ միայն զինված ուժերում, այլեւ հասարակության բոլոր օղակներում: Միաժամանակ յուրաքանչյուր զինծառայող, շարքայինից մինչեւ գեներալ, անելիք ունի այս ուղղությամբ, անելիք, որը պետք է հիմնված լինի բարձր ինքնագիտակցության ու իր ժողովրդի նկատմամբ պատասխանատվության զգացման վրա:
– Վերջերս ծանոթներիցս մեկն առաջարկեց բանակում կիրառել զինվորի կյանքի ապահովագրություն, նման բան հնարավո՞ր է:
– Իսկ դուք ի՞նչ նկատի ունեք «կյանքի ապահովագրություն» ասելով: Զինվորի ոչ միայն կյանքի, այլեւ առողջական եւ ֆիզիկական վիճակի, համապատասխան գիտելիքների, պատրաստության եւ պատրաստականության, ինչպես եւ արտաքին տեսքի ու հանդերձանքի համար պատասխանատու է պետությունը, առաջին հերթին՝ զինվորի անմիջական հրամանատարի միջոցով: Այդ պատասխանատվությունը հստակորեն սահմանված է զինված ուժերի կանոնադրություններում՝ յուրաքանչյուր հրամանատարին վերապահված պարտականությունների տեսքով: Զինվորի կյանքի ու առողջության ապահովման լավագույն երաշխիքը կանոնադրությամբ սահմանված պարտականությունների կատարումն է, հատկապես զենքի հետ վարվելու եւ այլ անվտանգության կանոնների պահպանումը: Գաղտնիք չէ, որ զինվորների կյանքին եւ առողջությանը սպառնացող դեպքերի ճնշող մեծամասնությունը տեղի է ունեցել վերջիններիս կողմից իրենց կանոնադրական պարտականությունները չկատարելու կամ դրանցում թերանալու պատճառով:
– Հասարակությունը տեղյակ է, որ բանակում եւս կոռուպցիան լուրջ արմատներ է ձգել, դա երեւում է անգամ անզեն աչքով. որպես նախարար՝ ի՞նչ եք կարծում, բանակի ո՞ր ոլորտում են առավել նկատելի կոռուպցիոն երեւույթները, արդյոք զորակոչի շրջանում այդ երեւույթն ավելի ակտիվ չի՞ դառնում:
– Կոռուպցիան, ինչպես հայտնի է, յուրաքանչյուր համակարգի ապակառուցողական երեւույթներից է՝ կախված ոչ թե համակարգի մեխանիզմներից, այլ յուրաքանչյուր անհատի բարոյական նորմերից, եւ որի կանխման եւ արմատախիլ անելու ուղղությամբ բանակում կիրառվում են բոլոր հասանելի միջոցները: Զորակոչի ընթացքում թերեւս միակ խնդիրը կոռուպցիոն ռիսկերն են: Բոլոր այն գործընթացներում, որտեղ կան խախտումներ, սակայն դրանց բացահայտման համար միայն պաշտպանության նախարարության ջանքերը լիարժեք չեն կարող լինել. զորակոչը բոլորիս խնդիրն է՝ ե՛ւ հասարակության, ե՛ւ ծնողի, ե՛ւ նույն զորակոչիկի: Ուզում եմ կոչ անել, որ բոլորը հաշվի առնեն այդ հանգամանքը, եւ եթե կլինեն թերություններ, բացթողումներ կամ չարաշահումներ, ապա առաջին հերթին դիմեն պաշտպանության նախարարին կից գործող հասարակական խորհրդին, մենք ունենք թեժ գիծ, կարող են ցանկացած ժամանակ ահազանգել, դիմել պաշտպանության նախարարության, գլխավոր շտաբի ղեկավար կազմերին, անձամբ ինձ: Մենք, օրենքի սահմաններում, ցանկացած հարցի դրական լուծում կտանք:
– Վերջին շրջանում հաճախակի են դարձել սպաների, հրամանատարների կողմից զինվորների նկատմամբ իրականացվող բռնությունները, այդ մասին շարունակ գրվում է, մարդիկ ահազանգում են, լինում են զոհեր: Ձեր կարծիքով՝ ի՞նչ պատճառով են այդ կարգի դեպքերը այսքան հաճախակի դարձել:
– Չեմ ուզում ասել, որ աշխարհի բոլոր բանակներում էլ լինում են նմանատիպ դեպքեր, այլ ուզում եմ, որ մեր հայրենակիցներն իմանան՝ այդ կորուստների ժամանակ առաջին հերթին մենք ենք ցավ ապրում, առաջինը մենք ենք մտահոգված: Մենք ենք այդ զինծառայողների ծնողների հետ շփվում, փորձում նրանց ցավակից լինել, փորձում ինչ-որ ձեւով սփոփել, եւ կարծում եմ, որ մենք այդ ուղղությամբ դեռ աշխատանք ունենք կատարելու: Հասարակության մտահոգությունը մենք կիսում ենք, եթե դա կառուցողական է, եթե դա ուղղված չէ բանակի վարկաբեկմանը կամ քաղաքականացմանը: Մենք լրջորեն աշխատում ենք, որպեսզի այդ բացթողումները հասցնենք նվազագույնի: Սակայն կուզենայի նշել նաեւ, որ համաձայն վիճակագրության, ոչ կանոնադրական հարաբերությունների հետեւանքով տեղի ունեցած դեպքերի քանակը ոչ թե ավելացել է, ինչպես ձեզ է թվում, այլ զգալիորեն նվազել է՝ սկսած ՀՀ զինված ուժերի ստեղծման պահից առ այսօր: Պարզապես վերջին շրջանում հանրային իրազեկման միջոցներում տեղի ունեցած որակական փոփոխությունները, ինչպես նաեւ ՀՀ պաշտպանության նախարարության կողմից իրականացվող թափանցիկության քաղաքականությունը թույլ են տալիս առավել տեղեկացված լինել նման դեպքերի մասին: Բազմիցս եմ ասել եւ հիմա էլ կրկնում եմ, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը գործադրում է բոլոր ջանքերը նման երեւույթների բացահայտման եւ կանխման, մեղավորներին օրենքի ամբողջ խստությամբ պատժելու ուղղությամբ: Հասարակական կառույցները եւ մասնավորապես՝ մամուլը պետք է օգնեն մեզ այս գործընթացում եւ ոչ թե օգտագործեն նման առիթները բանակի վարկանիշը հասարակության աչքերում գցելու համար: Որոշ թերթերում եւ ինտերնետ կայքերում բանակի մասին արտահայտվող կարծիքը ամենեւին չի կրում կառուցողական քննադատության բնույթ եւ երբեմն պարզապես անհիմն է: Ինչպես յուրաքանչյուր գերատեսչություն եւ կազմակերպություն, զինված ուժերը նույնպես ունի խնդիրներ, որոնք պետք է բացահայտվեն, ուսումնասիրվեն եւ կարգավորվեն: Այս գործում պաշտպանության նախարարությունը պատրաստ է համակողմանի համագործակցել բանակի մասին հոգ տանող յուրաքանչյուր հասարակական կազմակերպության եւ ինստիտուտի հետ:
– Պարոն նախարար, ինչպե՞ս եք վերաբերվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի կողմից հաճախակի դարձած հակահայկական եւ ռազմատենչ հայտարարություններին: Ըստ որոշ վերլուծաբանների, դա նշանակում է, որ Հայաստանի դիրքերը թուլացել են:
– Սկսեմ նրանից, որ ղարաբաղյան հակամարտության դաշտում Հայաստանի դիրքերը ամենեւին չեն թուլացել, այլ հակառակը: Թե ռազմական եւ թե դիվանագիտական առումներով Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղն այսօր շատ ավելի պատրաստ են դիմակայելու որեւէ տարածքային ոտնձգության, քան 1990թ.-ի սկզբին: Դիրքերի թուլացումը, ինչպես ասացիք, ներկայումս ավելի շատ վերաբերում է ադրբեջանական կողմին: Այդ պետության ղեկավարները շատ լավ գիտակցում են, որ, ինչպես փորձը ցույց տվեց, ուժային ճանապարհով ղարաբաղյան հակամարտությունը լուծել չի կարելի: Յուրաքանչյուր նոր փորձ ի սկզբանե դատապարտված է անհաջողության եւ ավելի կվատթարացնի Ադրբեջանի վիճակը՝ թե արտաքին քաղաքական եւ թե ներքաղաքական առումներով: Իսկ Իլհամ Ալիեւի ռազմատենչ հայտարարությունները կարելի է մեկնաբանել որպես նրա զինանոցում մնացած այն միակ միջոցը, որով փորձում է չկորցնել իր ընտրազանգվածը կամ խոչընդոտել Ղարաբաղի անկախության եւ միջազգային ճանաչման անդառնալի գործընթացին:
– Սակայն Ադրբեջանի ռազմական բյուջեն շարունակում է կտրուկ ավելանալ, եւ այդ երկիրը նոր սպառազինություններ է ձեռք բերում եւ շարունակ բարձրաձայն խոսում է այդ մասին:
– Հայաստանը հավասարակշռում է Ադրբեջանի կողմից պարտադրված զենքի մրցավազքը ՀՀ զինված ուժերի որակական հատկանիշների կատարելագործմամբ, ինչպես նաեւ միջազգային անվտանգության համակարգերի եւ մի շարք երկրների հետ ռազմական համագործակցությամբ եւ դրա ընդլայնմամբ: Մի մոռացեք, որ պատերազմների պատմության վիճակագրությունը ցույց է տալիս, որ քանակական գերակայությունը մարտում ամենեւին չի նախանշում վերջինիս արդյունքը: Ելնելով ղարաբաղյան պատերազմի օրինակից՝ կարելի է վստահ ասել, որ այնպիսի գործոններ, ինչպիսիք են անձնակազմի բարոյահոգեբանական վիճակն ու մարտական ոգին, տեղանքը, օպերատիվ հնարամտությունը եւ հրամանատարների մտավոր որակները, ավելի կարեւոր դեր են խաղում մարտում հաջողության հասնելու համար: Միաժամանակ դուք պետք է տեղյակ լինեք, որ այսօր մեր զինված ուժերում առկա սպառազինությունն արդիական է, եւ մենք էլ ենք նոր տեխնիկա ձեռք բերում՝ առանց սպառազինությունների մրցավազքի մեջ մտնելու:
– Հայտնի է, որ բանակից զորացրվածները կարծես խորթանում են հասարակությունից, նախարարությունն ունի՞ հատուկ միջոցառումների ծրագիր, որպեսզի զորացրվող զինվորը կարողանա արագ ինտեգրվել հասարակությանը:
– Նախ եւ առաջ հարկ է նշել, որ բանակային առօրյայի մի շարք միջոցառումներ, որոնցից են հասարակական պատրաստությունն ու անձնակազմի հետ տարվող այլ աշխատանքները, ուղղված են Հայաստանում եւ այլ երկրներում ընթացող հասարակական, քաղաքական եւ այլ գործընթացների վերաբերյալ զինվորին տեղեկացված պահելուն: Օրակարգով սահմանված ժամերին անձնակազմը կարող է տեղեկատվություն քաղել նաեւ հեռուստացույցից, ռադիոյից եւ թերթերից, որոնք տրամադրվում են զորամասերում: Հաշվի առնելով բանակում տեղեկատվության աղբյուրների հասանելիությունը, ինչպես նաեւ այն, որ տեղեկատվությունը հասարակության լիարժեք անդամ լինելու հիմնական նախապայմաններից է, չեմ կարծում, որ զինվորական ծառայությունն ավարտած երիտասարդի ինտեգրումը հասարակություն լուրջ խնդիրներ է առաջացնում: Միեւնույն ժամանակ, բանակում ծառայության ընթացքում ձեռք բերած ֆիզիկական եւ հոգեւոր տոկունությունը, աշխատանքային կարգապահությունը, ինչպես նաեւ սպառազինության եւ ռազմական տեխնիկային տիրապետելու գիտելիքներն ու հմտությունները միմիայն կարող են օժանդակել հասարակությանն ինտեգրվելուն: Իմ կարծիքով՝ հենց զինված ուժերում ծառայությունն է, որ հանդիսանում է հասարակությանը ինտեգրվելու առաջին քայլը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել