Ընդհանրապես ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի նիստում ՀՀ իշխանություններին ուղղված նրա քննադատությունը բավականին կոշտ է եղել:
Երեկ «Առավոտն» արդեն տեղեկացրել էր, որ նոյեմբերի 16-ին ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովում նաեւ Հայաստանի հարցով համազեկուցող Ջոն Պրեսկոտն է խոսելու պատեհ առիթ ունեցել եւ անդրադարձել է ԵԽ առջեւ Հայաստանի ստանձնած պարտավորությունների եւ ԵԽԽՎ բանաձեւերի կատարման ընթացքին: Նույնիսկ ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության ղեկավար, իշխանական ՀՀԿ-ն ներկայացնող Դավիթ Հարությունյանի մատուցմամբ, Պրեսկոտը մոնիտորինգի հանձնաժողովում կոշտ հայտարարություններ է արել: Թե ինչին են վերաբերել այդ կոշտ արտահայտությունները՝ փորձեցինք պարզել ԵԽԽՎ-ում Հայ ազգային կոնգրեսի ոչ պաշտոնական ներկայացուցիչ Արման Գրիգորյանից: Վերջինս ասաց, թե ինքն այս անգամ մոնիտորինգի հանձնաժողովի նիստին չի մասնակցել, բայց տեղյակ է, որ Պրեսկոտն անդրադարձել է ոչ միայն «Ա1+»-ին, «Ընտրական օրենսգրքում» բարեփոխումներ իրականացնելուն, այլեւ քաղբանտարկյալների ազատ արձակման ու «Մարտի 1»-ի սպանությունների բացահայտման անհրաժեշտությանը եւ, իսկապես, որոշ կոշտ հայտարարություններ է արել: Ի դեպ, որ մոնիտորինգի հանձնաժողովում Պրեսկոտը խոսել է քաղբանտարկյալների ազատ արձակման մասին, «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում փաստել է նաեւ հայաստանյան պատվիրակության ղեկավարը, որի մատուցմամբ, Պրեսկոտը հայտարարել է, թե այդ հարցը առաջիկայում լինելու է իր ուշադրության կենտրոնում՝ թերեւս հունվարի վերջին կամ փետրվարի սկզբին համազեկուցողների Հայաստան կատարելիք հերթական այցի ժամանակ:
Պատասխանելով ռ/կ-ի հարցին՝ ՀՀ իշխանությունները կոնկրետ ի՞նչ քայլեր են ձեռնարկում մարտիմեկյան իրադարձություններից հետո անազատության մեջ գտնվող ընդդիմադիր գործիչներին ազատ արձակելու ուղղությամբ, Դ. Հարությունյանն ասել է, թե այդ խնդիրը իրավական հարթության մեջ է, եւ որ այս փուլում գոյություն ունեն մի քանի եղանակներ, որոնցից մեկն էլ, նրա ասելով, հավանաբար պետք է գործադրվի. պայմանական վաղաժամկետ ազատում, ներում, համաներում եւ, ի վերջո, պատժի կրում: ՀԱԿ-ի իրավական հանձնախմբի համակարգող, ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը ի պատասխան այս վերջին՝ «պատժի կրում» տարբերակի բարձրաձայնմանը՝ այսպես արձագանքեց՝ «Դավիթ Հարությունյանը գլուխը պատովն է տվել», ու մեր հարցին, թե դեռեւս անազատության մեջ գտնվող 12 քաղբանտարկյալների թվում կա՞ մեկը, որը ազատ արձակվելու համար ՀՀ նախագահին իրեն ներում շնորհելու դիմում կարող է ներկայացնել, պատասխանեց. «Մենք չունենք որեւէ այնպիսի անձ, որ ներման խնդրագիր գրի: Եթե լինեին՝ վաղո՜ւց ներում խնդրած կլինեին: Ինչո՞ւ պիտի սպասեն, ավելի քան երկուսուկես տարի պատիժ կրեն՝ հետո նոր ներում խնդրեն»: Ինչ վերաբերում է քաղբանտարկյալների նկատմամբ եւս մեկ համաներում կիրառելու գաղափարին, ապա Գ. Ջհանգիրյանի ասելով, համաներման վերաբերյալ Կոնգրեսը բազմիցս է ասել. համաներումը կիրառում են հանցագործների նկատմամբ: «Քանի որ ինչպես Պրեսկոտը, այնպես էլ մնացած միջազգային կառույցների պաշտոնատար անձինք, նաեւ մեր ողջ ժողովուրդը գիտի, որ մեր բանտարկյալները քաղբանտարկյալներ են, ուստի մեզ համար համաներումն ընդունելի չէ: Համաներում են հանցագործներին, այլ ոչ թե անմեղ մարդկանց»,- ՀԱԿ տեսակետը եւս մեկ անգամ պնդեց Գ. Ջհանգիրյանը: Այսինքն՝ մնաց միայն պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու տարբերակը: ՀԱԿ-ը դրա դեմ ոչինչ, կարծես թե, չունի. «Այդ դեպքում դատապարտյալն իր մեղքը չի ընդունում, եւ մեղքն ընդունելը այդ դեպքում պարտադիր պայման չէ (դա պարտադիր է միայն ներում խնդրելու պարագայում- Ն. Մ.): Իսկ ընդհանրապես, թե ո՞նց կազատեն քաղբանտարկյալներին՝ իշխանությունների խնդիրն է: Իսկ իրենք ի՞նչ հիմքերով են անմեղ մարդկանց դատել ու դատապարտել: Եթե կարողացել են ապօրինի, հակաօրինական ճանապարհով անմեղ մարդկանց պատժել, դատել եւ ազատազրկման դատապարտել, թող բարի լինեն օրինական, ապօրինի ճանապարհներով՝ ոնց կուզեն, ուղղեն իրենց սխալները»:
Այն, որ բոլոր քաղբանտարկյալները մոտ ապագայում ազատ են արձակվելու՝ Ջհանգիրյանը չի կասկածում. «Գործընթացները զարգանում են այդ ճանապարհով: Դա կլինի մինչեւ այս տարեվերջ, թե հունվարից հետո՝ չեմ կարող ասել, բայց մենք հուսով ենք, որ մեր շարժման, ներքին եւ արտաքին ճնշումների ազդեցության տակ իշխանություններն այդ որոշումը կայացնելու են»:
Կոնգրեսի ներկայացուցչին նաեւ հարցրին՝ իր դիտարկմամբ, Պրեսկոտի կոշտ դիրքորոշումն ինչի՞ արդյունք է՝ այստեղ ընդդիմության կողմից իրեն մի երկու քաղցր խոսք ասելո՞ւ, թե՞ նրա խիղճն է սկսել տանջել իրեն: «Չէ, ուղղակի նա եւ մոնիտորինգի հանձնաժողովի անդամները, ի վերջո, հասկացան, որ Հայաստանի պաշտոնյաները, պետական մարմինները իրենց խաբում, ֆռռացնում են, փափուկ բարձ են դնում գլխների տակ ու մատը մատին չեն տալիս ԵԽԽՎ բանաձեւերը կատարելու ուղղությամբ: Նրանց համբերությունն էլ հատել է: Իրենք նաեւ այդ պատճառով իրենց վիրավորված ու արհամարհված են զգում: Սա է, ոչ ավելին»,- ասաց Գ. Ջհանգիրյանը: