ԱԺ-ն երեկ սկսեց քննարկել 2011թ. ՀՀ պետական բյուջեի նախագիծը: ՀՅԴ պատգամավոր Լիլիթ Գալստյանի հարցին՝ գնաճի վերաբերյալ, ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը պատասխանեց, թե անցած տարվա կանխատեսումները հավանաբար հնարավոր չի լինի ապահովել, ինչը պայմանավորված է արտաքին ու ներքին մի շարք գործոններով. «Հաշվի առնելով այս տարվա բավական բարձր, ոչ բարենպաստ բազան՝ հուսով ենք, որ հաջորդ տարվա համար մեր կանխատեսումները՝ 4,1%, իրատեսական են, որովհետեւ այն բացասական զարգացումները, որոնք արդեն կան՝ բազան բավական վատացրել են»: Նախարարը, սակայն, նշեց, թե կառավարության եւ ԿԲ-ի կողմից գնաճը զսպելու քայլեր են ձեռնարկվում, եւ դրանց արդյունքները տեսանելի կլինեն տարվա սկզբից. «Ջանք կգործադրենք՝ համենայնդեպս»: Ի պատասխան՝ Լիլիթ Գալստյանն ասաց, թե՝ հիշեց անեկդոտն Ավարայրի ճակատամարտի մասին, երբ Աստված ասում է. «Նորից հույսն ինձ վրա են դրել»: Իսկ կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում, երբ Լիլիթ Գալստյանը վերստին Երեւանում ապօրինի շինարարության փաստերն արծարծեց՝ ակնկալելով կառավարության հակազդեցությունը,
ի վերջո՝ փոքր-ինչ հուսահատ արձանագրեց. «Խեղդվողների փրկության գործը
խեղդվողների գործն է»: