Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

2 500 ՀԱՅ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ՝ ՄԵԿ ԳՐՔՈՒՄ

Նոյեմբեր 17,2010 00:00

Գրքի մարդը եւ նրա նոր գիրքը

Լույս է տեսել նոր կենսագրական հանրագիտակ՝ «Արմատներ, անհատներ, ավանդներ»: Կրթության ազգային ինստիտուտի աշխատակից Ալբերտ Միքայելյանը իսկական գրքասեր է, թեեւ ավարտել է ոչ բանասիրական թեքումով 2 բուհ՝ Կիրովականի մանկավարժական ինստիտուտը եւ ԵՊՀ-ն: Հիմնական աշխատանքին զուգահեռ՝ Ա. Միքայելյանը զբաղվել է նաեւ լրագրությամբ, գիտամեթոդական եւ մշակութային բնույթի բազում ակնարկներ եւ հոդվածներ է տպագրել հանրապետական մամուլում: Ալբերտը ոչ միայն կարդում է, այլեւ իրեն հետաքրքրող նյութերը դասակարգում, հավաքում, ի մի է բերում փաստական տվյալները, համադրում: Նա յոթ տարում լույս ընծայեց 3 գիրք: «Մտքի հրավառությունը» գրքում զետեղվել են տարբեր ժամանակների մեծագույն մտածողների եւ ժողովուրդների շուրջ 4000 ասույթներ, թեւավոր արտահայտություններ, զրույցներ, կատակներ եւ այլն: «Մարզաշխարհի հարյուր գերաստղեր» գրքույկը ամփոփում է համաշխարհային սպորտի պատմության մեջ մտած մարզաշխարհի հարյուր երեւելիներին:

«Արմատներ, անհատներ, ավանդներ» գիրքը եզակի է այն առումով, որ առաջին անգամ փորձ է արվել հավաքել 19-20-րդ դարերում ծնված շուրջ 2500 հայ գործիչների կենսագրությունը: Հայաստանի եւ սփյուռքի 30 քաղաքներում ծնված այդ գործիչները ներկայացված են ըստ ծննդավայրի, եւ նրանց ներկայացնելու չափորոշիչները եղել են հանրաճանաչությունը, գիտական կամ պետական կոչումների առկայությունը, միջազգային մրցույթներին մասնակցությունը, որեւէ բնագավառում ներդրած ազգային կամ համամարդկային ավանդը, հայանպաստ գործունեությունը: Աշխատանքը առավել արժեւորվում է նրանով, որ ընթերցողը տեսնում է տարբեր գերդաստանների, սերունդների հերթափոխը, կապը եւ կրթամշակութային ավանդույթները: Անվանի մարդկանց կողքին գրքում տեղ են գտել նաեւ ոչ այնքան հանրահայտ, առավել երիտասարդ մարդկանց անուններ: Ուշագրավ այս գիրքը ունի հավելված, ուր կան տեղեկություններ այն ամենի մասին, ինչը ուղղակիորեն առնչվում է Հայաստանին, հայությանը եւ կհետաքրքրի հայ ընթերցողին:

Սպասենք, որ Ալբերտ Միքայելյանը հնարավորինս շուտ գրքի երկրորդ հատորում ներկայացնի Հայաստանի եւ սփյուռքի քաղաքներում ծնված արժանավոր մարդկանց:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել