Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մարզակա՞ն կարիերան, թե՞ գործարարինը

Նոյեմբեր 17,2010 00:00

Երկրորդ միջին քաշային կարգում «Super Six» մրցաշարի երրորդ շրջանի Արթուր Աբրահամ-Կարլ Ֆրոչ (Մեծ Բրիտանիա) մենամարտին, որում խաղարկվելու է նաեւ WBC վարկածի չեմպիոնական թափուր տեղը, ընդամենը 10 օր է մնում:

«Sauerland Event» պրոումոթերական ընկերության կայքէջը տեղեկացնում է, որ, ի տարբերություն Ֆրոչի, որը լրատվամիջոցներին տված հարցազրույցներում նշում է, թե գերազանց է նախապատրաստվել եւ արդեն հասցրել է 200 ռաունդ մարզումային մենամարտ անցկացնել, Աբրահամը շատ հանգիստ է: Այնքան հանգիստ, որ անգամ ժամանակ է հատկացնում իր գնած եւ «AEROKING» անվանակոչած ինքնաթիռով իր երկրպագուների համար ճանապարհորդություններ կազմակերպելուն: «Ես ցանկանում եմ իմ երկրպագուներին առանձնահատուկ ինչ-որ բան առաջարկել: Մարդիկ պետք է վճարած գումարների դիմաց լավագույնն ստանան»,- հայտարարել է IWF-ի նախկին չեմպիոնը: Իսկ այդ լավագույնն այն է, որ մարդիկ կարող են 699 եվրոյով փաթեթ գնել, որի մեջ կա երկկողմ ուղեւորության տոմս, սենյակ «Radisson» հյուրանոցում եւ նախաճաշ, մենամարտի տոմս եւ հանդիպում անձամբ Արթուր Աբրահամի հետ: «FightNws.ru»-ն տեղեկացնում է, որ սովորական տոմսերը դեռ կարելի է ձեռք բերել 46-137 եվրոյով:

Մի կողմից ուրախացնում է Արթուրի հանգստությունը, մյուս կողմից էլ մտորելու տեղիք տալիս, թե արդո՞ք այդքան ինքնավստահ լինելը վատ ծառայություն չի մատուցի: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Աբրահամն այս պատասխանատու պահին ավելի շատ կենտրոնացած է իր սկսնակ գործարարի կարիերայի, քան՝ մի քանի օրից ռինգում կայանալիք դժվար մենամարտի վրա, որում կարող է երկրորդ անգամ չեմպիոնական գոտի նվաճել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել