Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՌՈՒՄԻՆԱՑԻՆԵՐԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Նոյեմբեր 17,2010 00:00

\"\"
Կոնստանտին Բոգդան

 \"\"
:        Կրիոտուրու Ադրիան:

Դեռ սեպտեմբեր ամսվա սկզբներին, երբ Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայում հասունացած խմորումների արդյունքում ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը ստեղծված իրավիճակը պարզելու նպատակով ֆեդերացիայի գործկոմի արտահերթ նիստ հրավիրեց, որին ներկա եղավ նաեւ ձյուդոյի միջազգային ֆեդերացիայի (ՁՄՖ) նախագահ Մարիուս Վիզերը, նախնական քննարկումների արդյունքում պարոնայք Ծառուկյանի եւ Վիզերի միջեւ փոխադարձ համաձայնություն ձեռք բերվեց, որ ՁՄՖ նախագահը Հայաստան կգործուղի երկու մասնագետների, որոնցից մեկը կզբաղվի ֆեդերացիայի աշխատանքները ժամանակակից պահանջներին համապատասխան մակարդակով կազմակերպելով, մյուսը՝ կգլխավորի ազգային հավաքականը եւ կկազմակերպի մարզաձեւի տարածումն ու զարգացումը Հայաստանում:

Երեկ Գագիկ Ծառուկյանը լրատվամիջոցներին հրավիրել էր արդեն Հայաստանում գտնվող մասնագետներին ներկայացնելու համար: Մինչ այդ, ՀԱՕԿ-ի նախագահը մեկ անգամ եւս հիշեցրեց, որ իր համար գլխավորը ճշմարտությունը պարզելն ու ճիշտ հետեւություններ անելն է: «Հենց դրա համար էլ Մարիուս Վիզերի ներկայացուցիչներին առաջարկել եմ, որպեսզի նրանցից յուրաքանչյուրն իր ոլորտում առանց շտապելու, բայց ողջամիտ ժամկետներում կոնկրետ եզրակացություններ եւ անելիքների ծրագիր ներկայացնի: Ինձ համար այստեղ անձնական առնչությունների որեւէ խնդիր չկա, կարեւորը, որ ամեն բան լինի արդարացի»,- ասաց Գագիկ Ծառուկյանը:

Նա նախ ֆեդերացիայի գործկոմի անդամներին ներկայացրեց Կրիոտուրու Ադրիանին, որն ստանձնեց ձյուդոյի մեր ազգային հավաքականի գլխավոր մարզչի պարտականությունը, ապա ընդունված կարգի համաձայն ֆեդերացիայի նախագահի պաշտոնում ընտրվելու համար առաջարկեց Կոնստանտին Բոգդանի թեկնածությունը՝ ներկաներին առաջարկելով ներկայացնել նաեւ այլ թեկնածուների անուններ: Եվ քանի որ գործկոմի անդամները այդպիսի թեկնածու չունեին, քվեարկությամբ Կոնստանտին Բոգդանն ընտրվեց Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի նախագահ:

Պաշտոնական այս արարողություններից հետո ՀԱՕԿ-ի նախագահը տեղեկացրեց, որ Վիզերի առաջարկած երկու մասնագետներն էլ Ռումինիայից են, որ նրանց առջեւ ինքը Հայաստանում կոնկրետ խնդիրներ է դրել, որոնց նախնական պտուղները պետք է տեսանելի դառնան կոնկրետ ժամկետներում: Իսկ որպես սկիզբ, նրանց հետ պայմանագիր (պատկառելի վարձատրությամբ) ինքը ստորագրելու է մինչեւ 2012 թվականին կայանալիք Լոնդոնի ամառային օլիմպիական խաղերը: Նաեւ հայտարարեց, որ ռումինացի մասնագետների հետ նախնական զրույցներից ինքը տեղեկացել է, որ մարզաձեւում այսօր ներդրված գումարները բավարար չեն եւ խոստացել, որ պակասը օլիմպիական կոմիտեն եւ ինքը կլրացնեն:

Իսկ ինչ վերաբերում է մինչեւ այսօր մեր ձյուդոիստների ձեռքբերումներին, ՀԱՕԿ-ի նախագահն ասաց. «Թե պարոն Բոգդանը, որը ձյուդոյում մեծ հեղինակություն եւ, որպես լուրջ մասնագետ, գիտական կոչումներ ունի, դասախոսել է Եվրոպայի առաջատար մարզական բուհերում, թե Կրիոտուրու Ադրիանը, որ որպես մարզիկ եւ մարզիչ լուրջ նվաճումներ է ունեցել աշխարհի ամենահեղինակավոր տատամիներում, վայելում են Մարիուս Վիզերի լիակատար վստահությունը: Ես էլ վստահում եւ հավատում եմ պարոն Վիզերին: Մեր նախնական զրույցներից մի մեջբերում անեմ, որն ուսանելի կլինի մեր տեղի մասնագետների, հետաքրքիր՝ լրագրողների համար: Բոգդանը եւ Ադրիանն արդեն հասցրել են ծանոթանալ Հայաստանում ձյուդոյի դրվածքին եւ ընդհանուր վիճակին: Նրանց համոզմամբ, մարզաձեւում մեր ունեցած նվաճումները նախ եւ առաջ հայի գենետիկ կառուցվածքի հետեւանք են: Իսկ եթե սրանից հետո նրանք մարզումների եւ նախապատրաստության ընթացքում կարողանան ավելացնել նաեւ ներկայացվող ժամանակակից պահանջները, հույս ունեմ, որ արդյունքներն ավելի կբարձրանան: Հենց դրա համար էլ նրանք այսօր Հայաստանում են»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել