Հայաստանում ադրբեջանական ֆիլմերի փառատոնի անցկացման գաղափարն ի սկզբանե ձախողված էր, որովհետեւ դրա կազմակերպման ոչ ժամանակը, ոչ էլ տեղը ճիշտ չէին ընտրված։ Ըստ tert.am-ի, երեկ «Հայելի» ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց բլոգեր Տիգրան Քոչարյանը։ Նրա խոսքով, Հայաստանում ադրբեջանական ֆիլմերի փառատոնի կազմակերպիչ Գեորգի Վանյանը իր այս «պայծառ մտահղացմամբ» PR ակցիա էր անում, խաղաղասիրության գաղափարի քողի տակ ամերիկյան կողմից գրանտներ ստանում եւ փողեր աշխատում։ «Ադրբեջանում հայկական մշակույթի օրեր չեն կազմակերպվում, ինչո՞ւ պետք է ադրբեջանական կինոյի օրեր կազմակերպվեն Հայաստանում։ Սա պարզապես բիզնես-նախագիծ է։ Իր ադրբեջանամետ վերլուծություններով (օրինակ՝ Խոջալուի դեպքերի մասին) Վանյանը միայն սեփական բիզնես-նպատակներ է հետապնդում. այստեղ ոչ մի մշակույթ էլ չկա։ Այդ մարդու հերթական պայծառ միտքը, օրինակ, կարող է լինել Ծիծեռնակաբերդում Աթաթուրքի մասին դասախոսություն կարդալը»,- նկատեց բլոգերը՝ միաժամանակ համոզմունք հայտնելով, որ Հայաստանում ադրբեջանական ֆիլմերի փառատոնի կազմակերպիչը խաղաղասիրությունը ֆետիշ է դարձրել եւ այդ գաղափարի վրա փորձում է շահույթներ ստանալ։
Ասուլիսի մյուս բանախոս, Մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանն իր հերթին նկատեց, որ Վանյանի՝ ադրբեջանական ֆիլմերի փառատոն անցկացնելու միտքը չպետք է քաղաքականացնել։ «Խոսքն ընդամենը փառատոնի մասին է։ Մենք, որպես հաղթող կողմ, չպետք է բարդույթավորվենք։ Հաղթած ժողովուրդը պետք է մի դաս բարձր մնա եւ վերեւից նայի պարտվողին։ Պարզապես մեզ գրգռում է այն հանգամանքը, որ մեզ մոտ պետք է ցուցադրվեին մեր հարեւանի ֆիլմերը։ Բայց արժե տեսնել, թե ի՞նչ եւ ինչպե՞ս են հիմա նկարում ադրբեջանցիները։ Հայկական կողմը նման հարցերում պետք է սառնասիրտ եւ արժանապատիվ կեցվածք ընդունի եւ աշխատի որքան հնարավոր է լավ ճանաչել իր թշնամուն»,- նշեց Ժ. Դադասյանը՝ հավելելով, թե հաչան շունը կծող չի լինում։ Տ. Քոչարյանը, նրա հայտնած այս մտքի հետ չհամաձայնելով, նկատեց, որ «հաչան շունը լավ էլ կծող է լինում»։ «Ադրբեջանցիները հայ զինվորների եւ խաղաղ բնակիչների են սպանում, վերջինը Մանվել Սարիբեկյանի օրինակն է, նրա մասին ադրբեջանցիների ֆիլմն էլ տեսել եմ»,- ասաց նա։
Ի դեպ, նույն օրը կայացած մեկ այլ ասուլիսում Գ. Վանյանը համաձայնել է, որ իր նախաձեռնած ադրբեջանական ֆիլմերի փառատոնն ընդամենն ինքնագովազդի փորձ է: Այդ մասին նա հավաստել է այն բանից հետո, երբ լրագրողները մեղադրել են էժանագին PR-ի եւ ազգային հերոսի դերում ներկայանալու փորձի մեջ: