60000 հանդիսատես է դիտել Շանթի արգելված պիեսը
Թատերական տոնացույցը միայն Թատրոնի միջազգային օրով ու արվեստագետների հոբելյանով չի սահմանափակվում: Ներկայացումները եւս իրենց հոբելյաններն ունեն: Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում նոյեմբերի 20-ին Լեւոն Շանթի «Հին աստվածներ» բեմադրության 100-րդ ներկայացումն է, որը կարեւոր իրադարձություն է թատրոնի կյանքում: Սակայն հոբելյանական բեմադրության հայտագիրը չի առանձնանում մյուսներից: «Հին աստվածները» բեմադրել է ճանաչված ռեժիսոր Վահե Շահվերդյանը, նկարչական ձեւավորումը իրականացրել է ՀՀ վաստակավոր նկարիչ Եվգենի Սոֆրոնովը, զգեստները Մերի Սարգսյանինն են, խորեոգրաֆն ու երաժշտական ձեւավորողն էլ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Աշոտ Ասատրյանն է:
«Հին աստվածների» պրեմիերան կայացել է 1999թ. մարտի 27-ին՝ Թատրոնի միջազգային օրը: Սունդուկյանցիները հիշում են, որ առաջնախաղին անտանելի ցուրտ էր թատրոնում, ջեռուցում չկար եւ նույնիսկ ներկայացմանը ներկա ՀՀ էքս նախագահ Ռոբերտ Քոչարյանն էր վերարկուով դիտում բեմադրությունը:
Խորհրդային տարիներին արգելված էին դաշնակցական Լ. Շանթի պիեսների բեմադրությունները, եւ երբ 1960-ականների վերջերին լույս տեսավ գրողի ժողովածուն, թվում էր, թե պետք է բացվեր ճանապարհ դեպի Շանթի երկերը… Արգելքները հրապարակավ չէին: Բայց, ինչպես ասում են, խորհուրդ չէր տրվում անդրադառնալ դաշնակցական գրողին:
«Ստացվում է՝ ես այն երջանիկն էի, որին թույլ տրվեց արդեն անկախության տարիներին բեմադրելու այս պիեսը, որը, իմ համոզմամբ, առիթ ընձեռեց սունդուկյանցիներին գնալ խիզախման: Ասենք, ինձ համար էլ մեծ խիզախում էր, որովհետեւ մեզանում դեռ չէին ձեւավորվել Շանթ բեմադրելու ավանդույթներ»,- «Առավոտին» փոխանցեց Վահե Շահվերդյանը:
«Հին աստվածները» բարձր գնահատանքով ընդունվեց Մոսկվայում, Լոս Անջելեսում եւ այլուր: Շուրջ 60 հազար հանդիսատես է դիտել այս ներկայացումը, ինչը գալիս է ասելու, որ գոնե այդքան մարդու համար ընկալելի է դարձել ժամանակին արգելված գրողի գեղագիտությունը: Ինչպես նշեց Վ. Շահվերդյանը, բեմադրության շուրջ 15 մասնակից հոբելյարներ են, որոնց թվում են ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Վարդուհի Վարդերեսյանը, ՀՀ ժողովրդական արտիստներ Ազատ Գասպարյանը, Լորենց Առուշանյանը, վաստակավոր արտիստներ Նելլի Խերանյանը, Գրետա Մեջլումյանը, Տիգրան Ներսիսյանը, Արմեն Մարությանը, Ռազմիկ Խոսրոեւը, Մուրադ Ջանիբեկյանը, Կարեն Ջանգիրովը: