Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ՆՌԱՆ ԾԱՂԻԿԸ» ՓԱԽԱՎ ՀԱՅՐԱԿԱՆ ՏՆԻՑ

Նոյեմբեր 17,2010 00:00

Կամ՝ ինչպես Անի-Աթիկան դարձավ ինքնաբավ եւ ուժեղ կին

\"\"

Անին բարետես կին է, երեք երեխաների մայր, սփյուռքահայի շեշտադրությամբ է հայերեն խոսում: Նա ազգությամբ արաբ է, անունն էլ Աթիկա է, որ թարգմանաբար նշանակում է նռան ծաղիկ: Ասում է՝ «ազգանունս Բառադի է. հայերեն շատ խնդալու բան է նշանակում, բայց ես բառադի մարդ չեմ»: Նա ժամանակին շատ փորձությունների միջով է անցել, այժմ կայացած ու ինքնաբավ կին է համարում իրեն: Աշխատանք ունի՝ նկարիչ-դիզայներ է, անխնամ տներ է գնում, վերանորոգում, ձեւավորում, ապա վաճառում: Անին հպարտ է, որ իր երեք զավակները գերազանց են սովորում տարբեր կրթօջախներում: Միակ ցավն այն է, որ առանց ամուսնու է հասել ամեն ինչի: Անին ապագա ամուսնու՝ Աբրահամի հետ ծանոթացել է մասնագիտության բերումով՝ իր ծննդավայր Լաթաքիայում (Սիրիա). Աբրահամը հավանել էր ապակու եւ հայելու վրա արված նրա նկարչությունը, հետո ընկերացել էին: Աթիկա-Անին կարծում էր՝ քանի որ ինքը մահմեդական էր, ազգությամբ արաբ, հետեւաբար չէր կարող հայ տղայի հետ երջանիկ լինել. «Մտածում էի, վա՜յ, հայրս ինֆարկտ կստանա, ես էլ 7 եղբայր ունեմ, ո՞նց կնայեն այդ կապին… Ափիկը, սակայն, պնդում էր, որ սիրում է ինձ, ասում էի՝ դա անհնարին բան է, մեր սերը երբեք չի աճի, ասում էր՝ ո՛չ, պիտի միասին լինենք եւ վերջ»: Անիի պատմելով Աբրահամը՝ Ափիկը, ճանաչված մարդ էր Սիրիայում, հայկական ազգային կառույցի ղեկավար: Հերթական լուրջ միջոցառմանը նա իր ընտանիքին ասել է, որ Անիի հետ է մասնակցելու: «Հենց միասին ներս մտանք, 300 հոգու ուշադրությունը վրաս սեւեռվեց: Ես վիսկի էի խմում ու բոլորը ինձ էին նայում, չգիտեմ՝ հուզմունքից էր, թե ինչից, ուշաթափվեցի, չնայած շատ չէի խմել»,- հիշում է կինը: Նաեւ հավելում. «Երկու կողմն էլ համաձայն չէին, որ ամուսնանանք, միայն սկեսուրս էր ասում՝ կարեւորը որդիս երջանիկ լինի: Իսկ Ափիկի հայրը պահանջում էր՝ իմ անունը վերադարձրո՛ւ, այս աղջկան թո՛ղ, ամեն ինչ առաջվա պես քոնը կլինի, հակառակ դեպքում՝ ոչինչ չես ստանա: Ափիկը գերադասեց ինձ եւ ոչ թե հայրական ժառանգությունը: Մայրս էլ ինձ էր համոզում, թե Ափիկը մինուճար է, թո՛ղ նրան: Մի խոսքով, պատերազմ էր գնում երկու ընտանիքներում: Նույնիսկ պահ եղավ, որ չէի ուզում Ափիկի հետ լինել, անախորժությունների պատճառ դառնալ: Ափիկն էլ թե՝ կարո՞ղ է հայրս ինձ դուրս է վռնդել, դրա համար չես ուզում միասին լինենք: Ասացի՝ չմտածես, փողն ինձ համար նշանակություն չունի: Ափիկը անգամ Սիրիայի բարձրաստիճան պաշտոնյաների ուղարկեց հորս մոտ, բայց հայրս խոսքի տերն էր… Ինձ մի 15 օր ընտանիքս բանտարկել էր, վերջը 4 մետր բարձրություն ունեցող պատի վրայից մի ջինսե տաբատով ու մի շապիկով թռա ու փախա Ափիկի հետ: Պսակվեցինք հայկական եկեղեցում, ի դեպ՝ Անճարում եկեղեցին պահանջում էր փաստաթղթեր՝ կույս լինելու վերաբերյալ: Այդպես երկուսս էլ հակառակ լինելով մեր ծնողների կամքին, ամուսնացանք ու 9 տարի ապրեցինք Սիրիայում»: Անին ցավում է, որ ստիպված են եղել իրենց ծննդավայրից հեռանալ՝ հասարակության անհանդուրժողականության պատճառով. «Ափիկը վաճառեց մեր ամառանոցը ու տեղափոխվեցինք Հայաստան: Ավագ դուստրս Սիրիայում անընդհատ հորը հարցնում էր՝ երեխաներն ինձ հարց են տալիս՝ քո մաման ինչո՞ւ հայ չէ, ինչու բարեկամներ չունի: Ափիկն էլ ասում էր՝ Ռիտա, բալես, ի՞նչ անենք հայ չի, բայց ես մամային շատ եմ սիրում, չէ՞…»:

1998-ին տեղափոխվելով Երեւան, Անին ու Աբրահամը հիմնում են առաջին արեւելյան ռեստորանը՝ ARSY-ին (իրենց անունների սկզբնատառերն են՝ Անի, Աբրահամ, Ռիտա, Սիլվա, Երվանդ) ու երջանիկ ապրում: 1999-ի դեկտեմբերին Աբրահամը ուրախ-ուրախ ներս է մտնում, ողջագուրվում ընտանիքի անդամների հետ եւ … անշնչացած ընկնում: Անին մեն-մենակ էր, այդ օրերին օտարներն են կողքին եղել: Իսկ ծանոթները փորձել են խաբել, ձեռք գցել ունեցվածքը, ռեստորանը, մեքենան, քաջ իմանալով, որ կինը ոչ ոք չունի, լեզուն չգիտի… «Չեմ մոռանա ամուսնուս լակոտ ընկերներին՝ մեկն ասում էր՝ հետս կամուսնանա, մյուսն ուրիշ բան էր առաջարկում, երրորդն ասում էր՝ ամեն օր գամ Ափիկի ավտոյով քեզ տեղափոխեմ ուր ուզում ես… Այդ ժամանակ մեծ երեխաս 8,5 տարեկան էր, փոքրս՝ 2,5: Ի՜նչ ջանքեր գործադրեցի գոյատեւելու համար: Ընկերներն ասում էին՝ դու կին ես, օտարազգի, չես կարող Հայաստանում ռեստորան աշխատեցնել, քեզ կուտեն մրցակիցները, հարկայինը… Նման պահերին ես միշտ հիշում էի ամուսնուս խորհուրդը՝ Ան, մտածիր՝ ես չկամ, դու քո ուժերի հանդեպ վստահությունդ մի կորցրու: Այդ տղամարդկանց ասացի՝ ստոպ, ամեն ինչից կարող եմ գլուխ հանել: Ամեն ինչ սկսեցի մենակ անել … Օրեր եղան, որ զրկանքներ կրեցինք, սկսեցի ամեն օր առավոտյան 6-ին գնալ աշխատանքի, գիշերը 1-ին վերադառնալ: Եվ ուտեստներն էի պատրաստում, եւ առեւտուր անում, միայն աման լվացող ու հաշվապահ էի պահում, չէի ուզում հաճախորդներին կորցնել: Հետո ստիպված էի ռեստորանը վարձով տալ, որպեսզի երեխաներիս կրթության հարցերով զբաղվեմ»,- պատմում է Անին ու հիշում, թե ինչպես է վարձակալը փորձել խաբել իրեն, մեկ ուրիշն էլ դատի է տվել, բայց բոլոր դժվարությունները հաղթահարել է: Հետագայում ռեստորանը վաճառել է եւ սկսել տների դիզայնով զբաղվել: Այդպես ավելի շատ ժամանակ ուներ՝ երեխաների հետ լինելու: Անին իրեն ուժեղ կին է համարում, ասում է՝ սերն է օգնել, որ հաղթի: Նա այժմ իրենց շենքի առաջին հարկում է ապրում, անուն էլ «շտապօգնություն» են դրել, առանց ճանաչելու՝ մարդկանց օգնում է:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930