Թվով 73 երկրներում կտտանքների զոհերի վերականգնողական 146 կենտրոններ Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամային կոչ են արել դատական պատասխանատվության ենթարկել ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ կրտսերին՝ կտտանքները բաց տեքստով արդարացնելու եւ պաշտպանելու համար:
Օբամային ուղղված բաց նամակում Կտտանքների զոհերի վերականգնողական միջազգային խորհրդի գործադիր կոմիտեի անդամ փորձագետները Օբամային կոչ են արել նաեւ կատարել ԱՄՆ-ի ստանձնած համապատասխան պարտավորություններն ու երաշխավորել, որ ամերիկյան բանտերում կտտանքների ենթարկված բոլոր մարդիկ կարողանան ստանալ փոխհատուցում՝ ներառյալ համարժեք բժշկական եւ հոգեբանական օգնությունը: Այդ մասին հաղորդում է ԼՁԸՀ-ՁԸհհ-ը՝ հիշեցնելով, որ մեկ շաբաթ առաջ ԱՄՆ նախկին նախագահը NBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում արդարացրել էր իր վարչակազմի կողմից կալանավորների նկատմամբ խեղդամահ անելու իմիտացիոն կտտանքները լայնորեն կիրառելու պրակտիկան: Բուշը պնդել էր, որ հարցաքննության այդ մեթոդները օրինական են եղել, եւ որ դրանք մարդկային կյանքեր են փրկել, ու որ ինքը՝ Բուշը, նույնպիսի որոշում կընդուներ նաեւ այսօր:
Բաց նամակը ստորագրած անձինք հայտարարել են, թե «կտտանքներն աշխարհում մարդու իրավունքների լրջագույն ոտնահարում են»:
«Կտտանքների զոհերին օգնություն ցուցաբերելու ուղղությամբ մեր երկարամյա աշխատանքային փորձառությունը թույլ է տալիս ամենայն պատասխանատվությամբ հայտարարել. կտտանքները կործանարար ազդեցություն են ունենում ոչ միայն դրանց զոհերի եւ նրանց ընտանիքների, այլեւ հասարակության վրա ընդհանրապես»,- ասված է նամակում:
Հիշեցնենք, որ 2008թ.-ին ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության նախկին տնօրեն Մայքլ Հեյդենի խոստովանության համաձայն, 2002-2006թթ. վարչության աշխատակիցները հարցաքննության ծայրահեղ միջոցների են ենթարկել շուրջ 1000 կալանավորի: «Բժիշկներ առանց սահմանների» ամերիկյան կազմակերպության զեկույցի համաձայն, 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո ԿՀՎ-ի բուժանձնակազմը մասնակցել է կալանավորների նկատմամբ կիրառված հարցաքննության հանցավոր փորձարկումների: