Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՂԱՆԴԱՎՈՐՆԵՐԸ ԷԼԻ ՄԱՍՆԱԿՑԵՑԻՆ

Նոյեմբեր 17,2010 00:00

\"\"Իսկ ԿԳ նախարարը անխռով զրուցեց նրանց ներկայացուցչի հետ

ՀՀ ԿԳՆ աջակցությամբ նոյեմբերի 16-18-ը Մոսկվայի տանը կանցկացվի «Կրթություն եւ կարիերա expo 2010» 11-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը: Երեկ կայացավ ցուցահանդեսի պաշտոնական բացումը: Ըստ ցուցահանդեսի ղեկավար Ադելինա Քոչարյանի, «Կրթություն եւ կարիերա expo 2010»-ի նպատակն է՝ դպրոցականներին եւ ուսանողներին տեղեկություն տրամադրել ժամանակակից կրթության ողջ սպեկտորի վերաբերյալ, նպաստել կրթօջախների եւ ձեռնարկությունների միջեւ գործնական հարաբերությունների կայացմանը:

«Կրթություն եւ կարիերա expo 2010»-ի հիմնական թեմատիկ բաժիններն են բարձրագույն կրթություն՝ ակադեմիաներ, համալսարաններ, ինստիտուտներ, միջին մասնագիտացված կրթություն՝ քոլեջներ, ուսումնարաններ, վարժարաններ, կադրերի վերապատրաստում, շարունակական կրթություն, օտար լեզուներ, ուսուցում արտասահմանում, փոխանակման ծրագրեր, աշխատանքի տեղավորում, միջազգային կազմակերպություններ, ուսումնական գրականություն, գրենական պիտույքներ, մինչեւ անգամ գրասենյակային եւ դպրոցական կահույք:

Ցուցահանդեսին մասնակցում են Հայաստանում եւ արտասահմանում գործող կրթօջախներ՝ բուհեր, քոլեջներ, ուսուցման կենտրոններ, միջազգային դոնոր կազմակերպություններ եւ այլն:

ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի խոսքով՝ «Կրթությունը ինքնանպատակ չէ, այն պետք է սպասարկի տնտեսության շահերը՝ պատրաստելով համապատասխան մասնագիտական որակավորումներով օժտված երիտասարդ կադրեր եւ ձեւավորի համապատասխան պահանջարկ կրթական շուկայում»:

Գնահատման եւ թեստավորման կենտրոնն արդեն երրորդ տարին է մասնակցում «Կրթություն եւ կարիերա expo»-ին: Ըստ կենտրոնի մամուլի խոսնակ Գայանե Մանուկյանի, ԳԹԿ-ն արդեն ճանաչում ունի եւ հանրությանը հայտնի է կենտրոնի գործունեությունը. «Այսօր մեր տաղավարի ցուցադրությունը հիմնականում ուղղված է դպրոցականներին, ներկայացնում ենք ֆիլմ, թե ինչպես պետք է մասնակցել քննություններին, տպագիր նյութեր: Դպրոցականներին անվճար կտրվի նաեւ ֆիլմի երիզը»:

Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի տաղավարի ներկայացուցիչ Շուշանիկ Մեհրաբյանը նշեց, որ արդեն 5 տարի մասնակցում են ցուցահանդեսին, բայց այն առանձնապես չի նպաստում իրենց գործունեությանը. «Սա մեզ համար չի կարող միջոց հանդիսանալ դիմորդ ձեռք բերելու: Որպեսզի մարդկանց ուշադրությունը հրավիրվի երաժշտական ուսումնարանների, դպրոցների եւ բուհերի վրա, պետք է վերջինների հարցը բարձրացնել, ինչը այս ցուցահանդեսի խնդիրը չէ»:

Փաստենք, որ, նախորդ տարիների նման, ցուցահանդեսին մասնակցում էր «Մահարիշի վեդայական կենտրոն» հիմնադրամը, որը Հայ առաքելական եկեղեցու կողմից աղանդ է որակվել:

Երբ ՀՀ ԿԳՆ-ի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Բաղդասարյանից հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ է այդ կազմակերպությունը կրկին մասնակցում կրթական տոնավաճառին, նա ընդամենը պատասխանեց. «Սա կրթական ցուցահանդես է, որտեղ ներկայացված են կրթական ծրագրեր իրականացնող բուհական եւ միջազգային կազմակերպություններ»: Ցուցահանդեսի ղեկավար Ա. Քոչարյանն էլ արդարացավ. «Մահարիշիի» տնօրենը ամեն տարի նորմալ կրթական ծրագիր է ներկայացնում, նա դասավանդում է համալսարանում, զուտ կրթական ծրագիր է ներկայացնում եւ ոչ թե քարոզում իր շարժումը: Ամեն ինչ օրենքի սահմանում է, անգամ կրթության նախարարն այսօր մոտեցավ եւ զրուցեց ղեկավարի հետ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել