Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Փակ սահմաններ, բաց գաղափարներ՝ «Անի երկխոսության» հետ

Նոյեմբեր 17,2010 00:00

\"\"Վերջին տարիներին, երբ Թուրքիայի եւ Հայաստանի հարաբերություններում որոշակի առաջընթաց է զգացվում, տարբեր ծրագրերը՝ կազմակերպված հատկապես ոչ կառավարական կազմակերպությունների եւ լրատվամիջոցների կողմից, կարեւոր դեր են խաղում երկու երկրների եւ երկու ժողովուրդների միջեւ հարաբերությունները վերականգնելու հարցում: Ոչ կառավարական կազմակերպությունները, որոնք քաղաքական գործիչների տապալումները փոխակերպել են հաջողությունների, կարող են համախմբել տարբեր կարծիքներ ունեցող մարդկանց՝ անցնելով պարտադրված սահմաններից:

«Անի երկխոսություն» հավաքը, որը հոկտեմբերի կեսերին կազմակերպվել էր Երեւանում՝ Թուրքիայի եւ Հայաստանի տարբեր ոչ կառավարական կազմակերպությունների եւ լրատվամիջոցների անդամների մասնակցությամբ, մեկն է այն կարեւոր քայլերից, որոնք ձեռնարկվել են վերջերս: Մասնակիցները՝ հիմնականում երիտասարդ մարդիկ, որոնցից ամեն մեկը տարբեր ոլորտի եւ բնագավառի ուսանող կամ մասնագետ է, մեզ հույսի նշույլ տվեցին՝ ծրագրի ընթացքում ստեղծելով երկխոսության միջավայր, որի հիմնական թեման Թուրքիայի եւ Հայաստանի հարաբերությունների վերականգնումն էր, քաղաքական գործիչների կողմից չլուծվող հարցերի կարգավորումը հասարակության միջոցով լուծելը, ինչպես նաեւ՝ խաղաղության մթնոլորտի ստեղծումը:

Յոնկա Վերդիօղլուն՝ Հենրիխ Բոյլ հիմնադրամի ներկայացուցիչը՝ Թուրքիայից, հավաքի ժամանակ հայտարարեց, որ հարաբերությունները կարող են զարգանալ հիմնականում երկու երկրների երիտասարդներին ներգրավելով, իսկ ոչ կառավարական կազմակերպությունները կօժանդակեն նման հանդիպումներին: Նա նաեւ ասաց, որ Թուրքիան առաջընթաց է արձանագրել այս գործընթացում: Թուրքահայ գրող Մկրտիչ Մարտիրոսյանը կարեւորեց մայրենի լեզվով խոսելու հնարավորությունը, խոսեց թուրքերի՝ հայերի հանդեպ ունեցած բացասական տեսակետի մասին եւ ակնարկեց, որ այդ հարցի կարգավորման համար քայլեր են արվում: ՌԱՀՀԿ համակարգող Ռիչարդ Գիրագոսյանն իր ելույթում, որը նա ամփոփեց «փակ սահմաններ, բաց գաղափարներ» կոչով, ասաց, որ կա երկխոսության միայն մեկ ճանապարհ, իսկ խնդիրները եւ քաղաքական մոտեցումները միայն համբավ ձեռք բերելու միջոց են: Ալեքսանդր Իսկանդարյանը՝ Կովկասի ինստիտուտի տնօրենը, ընդգծեց, որ ֆիզիկապես փակ սահմանները չեն կանխի ընդհանուր մտադրությունները:

Մտքերի փոխանակումն այն մասին, թե ինչ ուսումնասիրություններ կարող են կատարվել՝ բարելավելու Թուրքիա-Հայաստան եւ հայ-թուրքական հարաբերությունները, տպավորիչ արդյունքներ ունեցավ, եւ առաջարկվեցին օգտակար մեթոդներ, որոնք կարող են ազդեցիկ լինել՝ այդ հարաբերությունները առաջիկայում գրանցելու առումով: Սա քայլ է երկու ժողովուրդների միջեւ համագործակցություն կառուցելու ճանապարհին, որպեսզի տարածաշրջանում ստեղծվի խաղաղություն, եւ նաեւ ինչ-որ առումով մեկնակետ է մի շարք շարունակելի գործողությունների համար:

Հայերը, որոնք երբեք հանդես չեն եկել թուրքերի հետ ընդհանուր հետազոտություններով, ինչպես նաեւ թուրքերը, որոնք երբեք չեն եղել հայերի հետ նույն հարթակի վրա, գիտակցել են միասնական մշակութային եւ աշխարհագրական արժեքների կարեւորությունը եւ երկու ժողովուրդների միջեւ երկխոսության կամուրջ կառուցելու անհրաժեշտությունը: Դիարբեքիրից եկած Մկրտիչի, որը համակրանք ձեռք բերեց իր հայրական վարքագծով եւ իր անընդհատ թուրքերեն խոսելով, այն հայտարարությունը, թե «գյուղերը, տները, նույնիսկ իրենց տների մի անկյունում կուտակած չորացրած գոմաղբը մեզ ցույց են տալիս, որ մարդիկ նույն տեսակետն ունեն: Այդ կուտակած գոմաղբը արդյոք չի՞ ստեղծում ընդհանուր արժեք երկու ժողովուրդների միջեւ», մեզ ցույց տվեց, որ երկու ազգերի միջեւ թշնամանք չի կարող առաջացնել ոչ մի հայտարարություն կամ մոտեցում:

Ի մեծ զարմանս մեզ՝ մենք պարզեցինք, որ հանդիպմանը ներկա հայ երիտասարդների մեծամասնությունը կարող է սահուն կերպով թուրքերեն խոսել: Այն փաստը, որ նրանք հետեւում են Թուրքիայում տեղի ունեցող զարգացումներին, դիտում են թուրքական հեռուստատեսությամբ ցուցադրվող սերիալներ, եւ որ մեզ օրինակներ բերեցին Թուրքիայի քաղաքական կյանքից, մեզ նույնպես զարմացրեց: Կարսից, Վանից, Էրզրումից եւ Մալաթիայից գաղթած ընտանիքներում ծնված հայ երիտասարդների շփումը թուրք երիտասարդների հետ ցույց տվեց մեզ, թե ինչ տխուր է այն տեսարանը, որը ստեղծել են քաղաքական մոտեցումները:

Սուրճի ընդմիջման ժամանակ Տիրանի հետ մենք խոսեցինք այն փաստի մասին, որ թուրքական ճարտարապետության մեջ գմբեթները ստեղծել են հայ վարպետները, եւ հայերը մեծ ազդեցություն են ունեցել սելջուկների ճարտարապետության վրա, Արիկի հետ խոսեցինք այն մասին, թե որքան գեղեցիկ են հնչում հայերեն նախադասությունների մեջ օգտագործվող թուրքական բառերը, ինչպիսիք են cigerim, eyvallah, gardash, Սարգիսի հետ խոսեցինք այն արտոնությունների մասին, որ Աթաթուրքը տվել էր Հակոբ Դիլաքարին, Հասմիկի հետ խոսեցինք այն մասին, որ հայ համայնքը աջակցում էր սուլթան Ալփարսլանին: Յուրաքանչյուր զրույցում մենք տվել ենք մեր ընդհանուր պատմության, ընդհանուր աշխարհագրության եւ ընդհանուր մշակութային ուժի մասին օրինակներ: Բավական ուշագրավ զարգացում է, որ ընդհանրությունները նշված են, խնդիրները քննարկվում են երկու երկրների երիտասարդների միջեւ, եւ հարաբերությունների զարգացման համար ձեռնարկվելիք խոշոր քայլերի ընդհանուր մշակումները նույնպես կատարվում են միասին: Ներկայումս հայ-թուրքական հարաբերությունների բարելավման հարցերով զբաղվող Օզքան Յուրդալանի ուսումնասիրությունը կոչվում է «Merhabarev», ինչը նույնպես ողջունելի է: Ի վերջո, «Merhaba» թուրքերեն եւ «Բարեւ» հայերեն բառերի օգտագործումը տալիս է այն նախատեսված ուղերձը, որ մենք ցանկանում ենք շեշտել:

Մաղթում եմ, որ այս ծրագիրը դառնա ելակետ եւ շարունակվի արդյունավետ կերպով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել