Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՅՍ ՕՐԵՆՔԸ ՆԱԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԽՆԴԻՐ Է ԼՈՒԾՈՒՄ»

Նոյեմբեր 17,2010 00:00

Կարծում է «Հայէկոնոմբանկ» ՓԲԸ խորհրդի նախագահ Սարիբեկ Սուքիասյանը

\"\"– Պարոն Սուքիասյան, ինչպե՞ս եք վերաբերվում ԱՊՊԱ (ավտոմեքենաների սեփականատերերի քաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրության) օրենքին:

– Ծանոթ լինելով այս օրենքի ընդունման եւ իրագործման հետ կապված քաղաքացիների մտահոգություններին, այնուամենայնիվ` դրական: Կարծում եմ, որ ավտոմեքենաների սեփականատերերի քաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրությունը նաեւ կարեւոր սոցիալական բաղադրիչ է պարունակում եւ առավել անհրաժեշտ է հենց մեր նման երկրներին, որտեղ առկա է սոցիալական մեծ բեւեռվածություն: Բերեմ մի շատ պարզ օրինակ. տեղի է ունեցել ավտովթար հին, դեռ սովետական արտադրության եւ նոր թանկարժեք ավտոմեքենաների միջեւ, եւ մեղավորը սովետական արտադրության ավտոմեքենայի սեփականատերն է: Պատկերացրեք, ինչ ֆինանսական լուրջ խնդիրների առջեւ է նա կանգնելու այդ թանկարժեք մեքենայի վերանորոգման ծախսերը հոգալու համար: Իսկ ապահովագրված լինելու պարագայում նա կարող է զերծ մնալ նման կարգի խնդիրներից:

Չեմ կարող ասել, որ օրենքն անթերի է, ժամանակի հետ եւ պրակտիկայից ելնելով այն, անշուշտ, բարելավման կարիք կունենա, բայց համոզված եմ, որ այդ օրենքի ընդունումը թելադրված է ժամանակի պահանջով:

– Սակայն այս օրենքը որոշ սոցիալական դժգոհություն է առաջացրել:

– Այո, եւ այդ դժգոհության պատճառներից մեկը մեր ազգաբնակչության լայն խավերի ցածր կենսամակարդակն է. պարզ է, որ շատերի համար դժվար կլինի միանգամից վճարել պարտադիր ապահովագրության համար նախատեսված գումարները: Բայց մեր երկրի ֆինանսական համակարգն արդեն բավականին ճկուն է, եւ այդ խնդիրը կարելի է լուծել տարատեսակ վարկային գործիքների օգնությամբ: Օրինակ, «Հայէկոնոմբանկ»-ի կողմից մշակվել եւ կիրառության մեջ է դրվել նոր վարկային գործիք, որով հաճախորդը, հենց «Հայէկոնոմբանկ»-ից գնելով պարտադիր ապահովագրության պայմանագիր, հնարավորություն ունի նույն պահին ստանալու վարկային գիծ ապահովագրավճարի չափով, ինչի մարումը կատարվում է 6 ամսվա ընթացքում:

– Ինչպե՞ս եք վերաբերվում այն իրողությանը, որ վերջերս Հայաստանում գրեթե ամենուրեք` հանրախանութներում եւ կրպակներում, բենզալցակայաններում եւ նույնիսկ ավտոլվացման կետերում, այսինքն՝ ոչ մասնագիտացված վայրերում առաջարկվում է գնել ապահովագրության պայմանագիր:

– Իմ կարծիքով, ձեր թվարկած վայրերում չեն կարող լիարժեք եւ մասնագիտական խորհրդատվություն տրամադրել ապահովագրության պայմանագիր կնքող անձին, քանզի ապահովագրությունը ֆինանսական լուրջ պրոդուկտ է, որը մեզանում դեռ լայն տարածում չի ստացել: Այսօր հաճախորդը մասնագիտական տեղեկատվության կարիք ունի, որպեսզի ապահովագրական պատահար տեղի ունենալու դեպքում ձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները եւ ստանա ապահովագրական հատուցում:

– Ո՞ր ապահովագրական ընկերությունում խորհուրդ կտաք մարդկանց իրականացնել ավտոմեքենաների պարտադիր ապահովագրություն:

– Հայաստանում նշված ապահովագրության տեսակով զբաղվում են մի շարք ընկերություններ, եւ նրանք բոլորն էլ ունեն համապատասխան լիցենզիա: Նշված ընկերություններից է նաեւ «ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՓԲԸ-ն, որն իր հանդեպ վստահությունը ձեռք է բերել իր տասնամյա գործունեության շնորհիվ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել