Հաջորդ տարի Հայաստանում գյուղմթերքն ավելի թանկ է լինելու, երեկվա ասուլիսում այս տեսակետը հայտնեց գյուղատնտես Գառնիկ Պետրոսյանը եւ հիմնավորեց. «Եթե այս տարի գյուղացին սերմացու ձեռք բերեց շատ բարձր գներով, ապա տրամաբանորեն այն անդրադառնալու է հաջորդ տարվա բերքի վրա, բայց միայն սերմացուն չէ, նկատեք, որ վերջին տարիներին, սերմացուից բացի, գրեթե կրկնապատկվել են պարարտանյութերի, դիզվառելիքի եւ ոռոգման ջրի գները, մինչդեռ ջրի մատակարարման որակը, հակառակը՝ չի բարելավվել»: Ըստ Գառնիկ Պետրոսյանի, գյուղատնտեսությունը հիմա խորը ճգնաժամի մեջ է, գյուղմթերքի բարձր գներն էլ միայն բնակլիմայական պայմաններով բացատրելը՝ սխալ. «Ինչքա՞ն կարելի է կրկնել, թե բնակլիմայական պայմաններն էին պատճառը… իսկ ինչո՞վ են բացատրում ցանքատարածությունների շեշտակի կրճատումը: Միայն վերջին 5 տարիներին ցորենի ցանքատարածությունները կրճատվել են մոտ 60 000 հեկտարով, ավելի քան 10 000 հեկտարով էլ այս տարի կրճատվել են կարտոֆիլի ցանքատարածությունները, էլ չխոսեմ, որ զգալիորեն նվազել են նաեւ բանջարեղենի ցանքերը: Ստեղծվել է մի իրավիճակ, երբ հողատարածքը մշակելը դարձել է տնտեսապես ոչ ձեռնտու, եւ գյուղացին, չստանալով որոշակի կայուն եկամուտ, հրաժարվում է հողից»: Պարոն Պետրոսյանը գտնում է, որ ցածր բերքատվությանն ու գյուղմթերքի գների բարձրացմանը նպաստում է նաեւ այն, որ վերջին տարիներին հողատարածքները չեն պարարտացվում. «Անտեսում են, չկա՛ հետեւողականություն»: Մյուս պատճառն էլ, ըստ գյուղատնտեսի, այն է, որ շուկաներում վերավաճառողներն են գերակշռում. «Գյուղացին օտարվել է շուկայից: Այս է պատճառը, որ մի քանի օղակներով անցած ու շուկաներում եւ խանութներում հայտնված ապրանքատեսակները առնվազն կրկնակի բարձր են, քան այն գները, որով իրացնում է գյուղացին: Ու արդյունքում չի շահում ո՛չ գյուղացին, ո՛չ էլ սպառողը: Գյուղացուն զրկեցին նաեւ իր աճեցրած պտուղը բակերում վաճառելու հնարավորությունից, ինքնըստինքյան պարզ է, թե սա ում էր ձեռնտու»:
Վիճակը շտկելու համար Գառնիկ Պետրոսյանն առաջարկեց մեծածախ շուկա ստեղծել: Նրա կանխատեսմամբ, տարեվերջին գյուղատնտեսության ոլորտում դրական ցուցանիշների հույս չկա, տարին ոլորտը կփակի միանշանակ անկմամբ, ըստ նրա՝ հնարավոր է միայն խաղողագործության ոլորտում չնչին աճ գրանցվի: