Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ԿՊԱՇՏՊԱՆԵՆ

Նոյեմբեր 17,2010 00:00

Չնայած պետական տարբեր ծրագրերին, երեխաների նկատմամբ բռնության դեպքերը աճում են, մանկատներում երեխաների թիվը չի նվազում:

Երեխաներին բռնություններից պաշտպանելու միջազգային օրվան՝ նոյեմբերի 19-ին ընդառաջ, «Երեխաների պաշտպանության ցանցի» անդամ կազմակերպությունները («Զանգակատուն», «Օրրան», «ՎորլդՎիժն», «ՍՕՍ» մանկական գյուղեր, «Ապագան քոնն է», «Աջափնյակի «Երեխաների սոցհոգածության կենտրոն», «Լույսի աշխարհ» ՄԵՀԿ, ՀՕՖ-ի «Երեխաների աջակցության կենտրոն», «People in Need», Հայ օգնության միություն, «Տաթեւ-95», COAF) նախաձեռնել են 11 «կլոր սեղանների» շարք, որից 10-ը՝ մարզերում: Երեխաների հետ աշխատող մասնագետների հետ քննարկելու են իրավիճակը Հայաստանում, պարզելու-բացահայտելու համար այն խնդիրները, որոնք խոչընդոտում են երեխաներին բռնությունից պաշտպանելու գործին:

Բնակչության սոցիալ-տնտեսական պայմանների բերումով վերջին տարիներին երեխաների հանդեպ վատ վերաբերմունքը աճել է: Ու թեեւ խնդրով զբաղվում են մասնագետներ՝ բժիշկներ, հոգեբաններ, սոցիալական աշխատողներ, դժվար է տարբերել բռնությունը անտարբերությունից կամ անտեսումից: Պարզվում է, մարզերում հենց մասնագետների պակասի պատճառով բռնության ենթարկված կամ անտեսված երեխային ընդհանրապես չեն բացահայտում: Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտում ամեն տարի հոգեբանների եւ սոցիոլոգների մի մեծ բանակ է մասնագիտանում, սակայն հանրակրթական դպրոցներում մասնագետների պակաս միշտ էլ կա: «Հարցնում ենք՝ ո՞ւր են ձեր շրջանավարտները, պարզվում է, որ բարձր աշխատավարձով աշխատում են միջազգային ու հասարակական կազմակերպություններում»,- դժգոհում է Վանաձորի քաղաքապետարանի անչափահասների գործերի խնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողովի քարտուղար Լեռնուհի Գեւորգյանը: Լոռու մարզի 164 դպրոցներում աշխատող հոգեբաններից միայն 4-ն է մասնագետ: Գյուղական դպրոցներում հոգեբանի հաստիք ընդհանրապես չկա:

«Կլոր սեղան» քննարկումների ծրագրի ղեկավար Տաթեւիկ Բեժանյանը կարծում է, որ ՀՀ-ում գործող եռաստիճան համակարգը (Երեխաների պաշտպանության ազգային հանձնաժողով, մարզպետարանի նույնանուն բաժիններն ու համայնքների անչափահասների գործերի հոգաբարձության եւ խնամակալության հանձնաժողովներ) արդյունք չի տալիս, քանի որ մարզպետը նշանակովի պաշտոն է, համայնքապետերը՝ ընտրովի, ընտրովի մարմինը չի կարող հաշվետու լինել նշանակովի մարմնին: Բացի սա՝ Ազգային հանձնաժողովի նախագահը ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարն է, որ վերջին հինգ տարում բազմաթիվ անգամ փոխվել է: Խնդիրներ են ծագում նաեւ համայնքային հանձնաժողովների հետ աշխատելիս, հատկապես հեռավոր գյուղերում դրանք միայն թղթի վրա են գործում: «Երբ փորձում ես հանձնաժողովի կազմի հետ ծանոթանալ, գյուղապետը քարտուղարին հանձնարարում է գտնել եւ ներկայացնել, քարտուղարն էլ իր հերթին բազում թղթապանակներ փորփրելուց հետո գտնում ու բերում է: Եթե փոքր գյուղերում, որտեղ բնակչության կեսից ավելին բարեկամական կապ ունեն եւ լավ ճանաչում են իրար, չկա սոցաշխատող ու հոգեբան, որ մտնի ընտանիք՝ սա դեռ մի հարց է: Բայց երբ նրանք չկան մեծ համայնքներում՝ դա լուրջ խնդիր է, քանզի մենք լավագույն դեպքում բռնացողին կարող ենք պատժել, իսկ հետագայում ինչ կլինի երեխայի հետ, ով կաշխատի ընտանիքի հետ… այս հարցը բաց է մնում»,- ասում է Տաթեւիկ Բեժանյանը:

Հաշվի առնելով, որ ընտանեկան բռնությունները փակ դռների հետեւում են մնում, դժվար է նախ ապացուցել, որ դա բռնություն է, ապա հստակ վիճակագրություն ներկայացնել: Բացի այդ, երեխաները իրենց չեն համարում զոհեր, տուժածներ կամ պարզապես վախենում են այդ մասին բարձրաձայնել՝ խուսափելով հետագա պատիժներից ու բարդություններից: Բռնացող ծնողները ունեն տարբեր պատճառներ. սթրեսային վիճակը, բռնությունը՝ կարգի հրավիրելու եւ կարգապահության հետ շփոթելը: «Երեխան դեռ չգիտի իր իրավունքները: Երբ բարեկամը կարող է երեխա ունենալ եւ նվիրել բարեկամին, որ անժառանգ ծնողներ չլինեն, երբ անցանկալի երեխային կարող են մանկատուն տանել, արդեն խախտվում են երեխաների իրավունքները: Այստեղ մենք սխալվելու տեղ չունենք, գոնե մենք ուշադիր եւ հետեւողական լինենք»,- ասում է Վանաձորի քաղաքապետարանի անչափահասների գործերի խնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողովի քարտուղար Լեռնուհի Գեւորգյանը: Նա նաեւ նկատում է, որ պետական ծրագրերն էլ չեն արդարացնում իրենց: 2003 թվականից «Հատուկ դպրոցների եւ մանկատների բեռնաթափում» ծրագրով ամեն տարի 20 երեխա է տուն ուղարկվում, բայց մանկատան երեխաների թիվն անփոփոխ է մնում՝ 100 եւ ավելի: Լեռնուհի Գեւորգյանը կարծում է, որ մինչեւ մանկատան դռները չփակվեն անպատասխանատու ծնողների առջեւ՝ մեր հասարակությունը չի զգոնանա:

Բռնության մի տեսակ էլ ծնողի կողմից երեխային որեւէ աղանդավորական խմբի մեջ ներգրավելն է: Այստեղ մեծ անելիք ունեն եւ պետությունը, եւ եկեղեցին:

Ըստ Հայաստանի իրավապահների՝ ՀՀ-ում 2007թ.-ին գրանցվել է բռնության 33, իսկ 2008-ին՝ 63 դեպք: Տուժողներից 50-ը կամ 79%-ը անչափահասներ են: 2005-2009թթ. անչափահասի բռնաբարության 39 դեպք է արձանագրվել, որից 1-ը՝ մինչեւ 14 տարեկան: Սեռական բնույթի բռնի գործողություններից տուժել են 15-ամյա՝ երեք եւ նույնքան էլ՝ 12-ամյա դեռահասներ: Որոշ դեպքերում բռնացողի եւ տուժողի միջեւ տարիքային տարբերությունը 30 տարի է: Հատկանշական է, որ բռնարարների կեսը նախապես ծանոթ են եղել իրենց զոհերի հետ (բարեկամական կապ, խորթ հայր, հոր ընկեր): Երկու դեպքում բռնարարը «սիրահարված» է եղել:

Սրանք միայն բացահայտված դեպքերն են: Հայաստանում բռնության զոհերը խուսափում են բարձրաձայնել, քանի որ դեպքերի մեծամասնության պարագայում բռնությունները տեղի են ունեցել ընտանիքներում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել