Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵԿՈՒՍԱՐԱՆՈՒՄ ԿՈԿԱԻՆ Է ՏՐՎԵԼ

Նոյեմբեր 17,2010 00:00

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում օրեր առաջ, դատավոր Կարինե Ղազարյանի նախագահությամբ, ավարտվեց Հովհաննես Գեւորգյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Մեղադրողը պահանջեց 13 տարվա պայմանական ազատազրկում՝ սահմանելով փորձաշրջան: Սակայն դատարանը վճռեց Հովհաննես Գեւորգյանին դատապարտել 9 տարվա ազատազրկման:

Ամբաստանյալն իր վերջին խոսքում ասաց, որ ունի մայր եւ խնդրեց մեղմ պատիժ:

Սակայն ո՞վ է Հովհաննես Գեւորգյանը եւ ինչո՞վ «հայտնի» դարձավ:

«Ափիոնի» գործը

Անցյալ տարվա նոյեմբերին 350 գրամ ափիոն տեսակի թմրանյութի իրացման համար ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննչական վարչության կողմից մեղադրանք է առաջադրվել Հովհաննես Գեւորգյանին: Չանցած մի քանի օր, ոստիկանության 4-րդ վարչության 4-րդ բաժնի ավագ օպեր-լիազոր Մուրադ Բաղդասարյանին կալանավորը հայտնում է, որ ամռանը, երբ իրեն ու իր ընկերուհուն «Զվարթնոց» օդանավակայանում բռնեցին թմրամիջոց պահելու կասկածանքով, ԱԱԾ քննչական խմբի անդամ, քննիչ Վլադիմիր Կոթոլյանն իրենից գործը փակելու համար 4000 դոլար ստացավ «Մամա-Միա» սրճարանում…

11 տարուց ավելի թմրամոլների հետ աշխատած Մուրադ Բաղդասարյանը չի հավատում «թմրամոլ տեսակի» ասածին: Փոխարենը, ԱԱԾ-ում ոչ միայն հավատում են, այլ Գեւորգյանի ցուցմունքի հիման վրա քննիչ Վլադիմիր Կոթոլյանին դատապարտում են 7 տարվա ազատազրկման: Այդ գործով չկան վկաներ, չկա իրեղեն ապացույց-կաշառքը, եւ հայտնի էր, որ թմրամոլը գումար չի էլ ունեցել (ըստ մոր՝ դատարանում պատմածի):

Հովհաննես Գեւորգյանը պահվում է ԱԱԾ ՁՊՎ-ում, ապա՝ մեկուսարանում:

Վ. Կոթոլյանի պաշտպանական թիմը՝ փաստաբաններ Վաղարշակ Գեւորգյան, Կարեն Քամալյան, Արթուր Աթարբեկյան, Արթուր Գրիգորյան, ՀՀ քրեական վերաքննիչ դատարան ուղարկած իրենց վերաքննիչ բողոքում գրում են. «Հովհաննես Գեւորգյանի համար ԱԱԾ ՁՊՎ-ում ստեղծվել են արտոնյալ պայմաններ: Պատահական չէ, որ հենց ՁՊՎ-ում գտնվելու ընթացքում է, որ նա օգտագործել է կոկաին թմրամիջոց եւ որպես փոխհատուցում Վլադիմիր Կոթոլյանի նկատմամբ տվել է սուտ ցուցմունքներ»:

Հովհաննեսի մայրը՝ Բալասան Զաքարյանը, նախաքննության ժամանակ ցուցմունք է տվել, որ «որդին գտնվել է թմրանյութերի ազդեցության տակ եւ որ նա իրեն խաբել է»:

Արժանահավա՞տ էին Գեւորգյանի ցուցմունքները

Տեղեկացնենք, որ ԱԱԾ քննիչ Վլ. Կոթոլյանը այդ ժամանակ գտնվում էր քննչական այն խմբի կազմում, որը քննում էր հայրենիքի դավաճանության մեղադրանքով կալանավորված, «Եդեսիա» ջոկատի հրամանատար, ՊՆ աշխատակից Գեւորգ Հայրապետյանի, ազերի Բեհնար Բաղերիի գործի վարույթը:

Քննիչի դեմ ցուցմունք տված Հովհաննես Գեւորգյանը նոյեմբերի 23-ին տոքսիկաքիմիական փորձաքննության է ենթարկվում: Ըստ 09-2410 եզրակացության, Գեւորգյանից վերցված մազի եւ մեզի փորձանմուշների մեջ հայտնաբերվում են ափիոնի թմրալկալոիդներ եւ 2-3 օրվա վաղեմությամբ օգտագործած կոկաին թմրամիջոցի ակտիվ թմրալկալոիդներ:

Եթե նկատի ունենանք, որ անցյալ տարվա նոյեմբերի 19-ին Գեւորգյանը գտնվել է ԱԱԾ-ում՝ մեկուսարանում, ապա նշանակում է, որ թմրանյութը նա օգտագործել է այդտեղ եւ որի ազդեցության տակ էլ տվել է Կոթոլյանի դեմ ցուցմունքները: Ի դեպ, նշենք, որ մեկուսարանում գտնվելու ժամանակ թմրամիջոց օգտագործելու կապակցությամբ քննություն չի կատարվել, հայտնի չէ, թե ինչպե՞ս է կալանավորի մոտ հայտնվել թմրամիջոցը, ո՞վ է փոխանցել, ի՞նչ իրավական հետեւանքներ է ունեցել:

«Պետիկը»

Հովհաննես Գեւորգյանը նոյեմբերի 27-ին դիմում է ուղարկում ՀՀ գլխավոր դատախազին: Նա դիմումում նշում է, որ պատրաստ է համագործակցել իրավապահ մարմինների հետ, ինչի արդյունքում, ի դեպ, փոխվում է Գեւորգյանի խափանման միջոցը:

Դատաքննության ժամանակ վկա Կարո Թումասյանը հայտնել է, որ Հովհաննեսն իրեն ասել է, թե «ԱԱԾ գործակալ է»:

Հիմա տեսնենք, թե ովքեր են «համագործակցողները», հենվելով տվյալ դեպքում մեր տրամադրության տակ եղած գործի նյութերի վրա:

Հովհաննես Գեւորգյանն անցյալ տարվա օգոստոսի 10-20-ը բուժվել է «Հոգեբուժական բժշկական կենտրոն» ՓԲԸ նարկոլոգիական կլինիկայում՝ «Հոգեկան եւ վարքագծային խանգարումներ ափիոնատիպ նյութերի գործածման հետեւանքով» ախտորոշմամբ: Ըստ մասնագետների, այդ հիվանդությամբ տառապողների համար բնորոշ է ստախոսությունը, պաթոլոգիական կախվածությունն ու վախը: Նշված հիվանդության տեսակը նարկոլոգիական եւ հոգեբուժական գիտության համաձայն՝ հոգեկան հիվանդություն է:

Դատարանում հայտնի դարձավ, որ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչության վարույթում գտնվող Գեւորգյանի գործով նրա նկատմամբ նշանակված դատանարկոլոգիական փորձաքննության եզրակացության համաձայն՝ նշանակվել է հարկադիր բուժում: Տեղեկացնենք, որ գործակալը նարկոլոգիական կլինիկայում եղել է «Պետիկ» ծածկագրով:

Այս ամենով հանդերձ, «Պետիկի» ցուցմունքը համարվել է արժանահավատ: Իսկ թե ինչու «Պետիկը» «ընտրեց» ԱԱԾ քննիչին, կմանրամասնենք առաջիկայում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել