«ՎիվաՍել-ՄՏՍ»-ը Հայաստանի առաջին բջջային օպերատորն է, որը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ-ի) կողմից ստացել է ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվություն՝ 4-րդ սերնդի LTE ցանցի կառուցման նպատակով: Ինչպես հայտնում են «ՎիվաՍել-ՄՏՍ»-ից, ՀԾԿՀ-ն բավարարեց ընկերության՝ 4G LTE (Long Term Evolution) տեխնոլոգիայի ներդրմամբ շարժական ռադիոկապի ցանցի կառուցման մասին դիմումը եւ համապատասխան թույլտվություն շնորհեց մինչեւ 2019 թվականի նոյեմբերի 4-ը 40ՄՀց լայնությամբ Երեւանում՝ 2500-2520 եւ 2620-2640, իսկ մարզերում՝ 2600-2640 ռադիոհաճախականությունների հատվածների օգտագործման համար: Հանձնաժողովի որոշման համաձայն, «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը պարտավորվում է իրականացնել LTE ցանցի կոմերցիոն գործարկումը մինչեւ 2011 թվականի մարտի 1-ը: 2010-ի կեսից սկսած, հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտում աշխարհի առաջատար մատակարարների եւ սարքավորումներ արտադրողների հետ համատեղ, «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը ֆունկցիոնալ փորձարկումներ էր իրականացնում՝ ցանցի աշխատանքի առանձնահատկությունները եւ վերջնական սպառողին մատուցվող ծառայության որակն ուսումնասիրելու եւ գնահատելու նպատակով: Մինչեւ 2010 թվականի դեկտեմբերի 1-ը, «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը Երեւանի կենտրոնում կգործարկի 4G LTE համակարգի հատուկ փորձարարական գոտի: Փորձարարական գոտի ստեղծելու նպատակը իրական պայմաններում 4G ցանցի ապահոված արագության, ցանցի ներսում բջիջից բջիջ սահուն անցման (handover) կայունության եւ որակական այլ հատկանիշների ստուգումն է՝ նախքան 2011թ. փետրվարի վերջում կամ մարտի սկզբում այդ գերարագ ցանցի լիարժեք կոմերցիոն մեկնարկը: Նախնական փուլում 4G LTE ցանցը կոմերցիոն հիմունքներով հասանելի կլինի Երեւանում, սակայն հետագայում ծածկույթը կընդլայնվի՝ ընդգրկելով հանրապետության մյուս հիմնական քաղաքներն ու այլ շրջանները:
LTE-ն 4-րդ սերնդի շարժական ռադիոկապի տեխնոլոգիա է: 4G LTE-ն համարվում է հաջորդ սերնդի բջջային լայնաշերտ կապի տեխնոլոգիա, որը հաջորդում է արդեն իսկ լայնորեն կիրառվող 3.5G/HSPA եւ HSPA+ տեխնոլոգիաներին: Իդեալական պայմաններում այն ապահովում է տվյալների փոխանցման մինչեւ 100 Մբիթ/վրկ. արագություն՝ բազային կայանից դեպի բաժանորդի ընդունող սարքը եւ մինչեւ 50 Մբիթ/վրկ. արագություն՝ բաժանորդի ընդունող սարքից մինչեւ բազային կայան: