Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԵՌ ՖՈՒՏԲՈ՞Լ ԵՆ ԽԱՂՈՒՄ

Նոյեմբեր 17,2010 00:00

\"\"Հայ-թուրքական գործընթացը ո՞ղջ է, թե՞ մեռած

Այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ հայ-թուրքական արձանագրությունները դեռ երկար են «քնելու» թուրքական խորհրդարանում, այդ թեմայի շուրջ խոսակցությունները նույնպես մարեցին: Իսկ երբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնապես հայտարարեց արձանագրությունների ստորագրման գործընթացը սառեցնելու մասին՝ ամենատարբեր դրդապատճառներով եւ ակնկալիքներով այդ գործընթացի ջերմեռանդ պաշտպաններն էլ ստիպված եղան համակերպվել ու հայտարարել, որ այն հայտնվել է փակուղում: Մինչդեռ թուրքական կողմն այս առումով դեռ շարունակում է մնալ լավ մարզավիճակում: Այս ընթացքում թուրքական աղբյուրներից «ուտեչկաներ» եղան «լուռ դիվանագիտության», Ցյուրիխի «երկրորդ փուլի» կամ էլ նոր բանակցությունների մասին: Իսկ օրերս՝ Հայաստանի օդային սահմանով թռչելիս, Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը ի լուր աշխարհի հայտարարել էր. «Մենք մշտապես շփման մեջ ենք ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ»: Դա այն պարագայում, երբ պաշտոնական Երեւանը քանիցս հայտարարել է, որ Թուրքիայի հետ որեւէ ձեւով բանակցություններ չկան, եւ եթե մեր հարեւաններն այդքան ցանկանում են, այնուհանդերձ, կարգավորել հարաբերությունները, ապա առաջին քայլը պետք է անեն հենց իրենք՝ վավերացնելով արձանագրությունները: Ուշագրավ է նաեւ, որ այս հարցում պաշտոնական Երեւանը ներկայանում է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի դեմքով: Նախագահ Սերժ Սարգսյանը եւ նախագահականի լրատվականը ձեռնպահ են մնում մեկնաբանություններից:

Ստացվում է, որ կողմերից մեկը ստում է: Թե ո՞ր կողմը եւ ինչո՞ւ՝ ՀՀ ԱԺ նախկին փոխխոսնակ Կարապետ Ռուբինյանն «Առավոտի» հարցին այսպես արձագանքեց. «Ստելն այդպես ակնհայտ չի: Սա ցույց է տալիս, որ թուրքական կողմին ձեռնտու է տպավորություն ստեղծել, թե գործընթացը կա: Նման խնդիր չկա, մշտական շփումը կարող է լինել ինչպես ամենօրյա, ամիսը մեկ՝ այնպես էլ երկու տարին մեկ: Փաստն այն է, որ Թուրքիան ամեն կերպ ջանում է ցույց տալ, որ գործընթացը դեռ մեռած չի: Ես հակված եմ հավատալ Նալբանդյանին, որովհետեւ ռեալ գործընթաց ըստ երեւույթին չկա»: Իսկ հայկական կողմն ի՞նչ է ուզում ցույց տալ, Կարապետ Ռուբինյանին անհասկանալի է. «Ոչինչ չեն ասում: Դա երկու բացատրություն ունի: Մեկ, որ այդ առումով մշակված քաղաքականություն չունեն, եւ այդ էր պատճառը, որ տապալվեցինք: Եվ երկրորդը՝ որ իրենցից ոչինչ կախված չէ. իրենց ինչպես ասեն՝ այնպես էլ կանեն: Սերժ Սարգսյանի համապատասխան պատրոնները եթե հրամայեն, որ հերթական գիշերային ինչ-որ բանը ստորագրի կամ ուղերձը հղի՝ կհղի»:

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը, մինչդեռ, համաձայն չէ, որ հայ-թուրքական հաշտեցման գործընթացը տեղից չի շարժվում: Նա այդ հարաբերություններին ընդառաջ՝ Թուրքիայի կողմից շատ լուրջ քայլ է համարում Աղթամարի Ս. Խաչ եկեղեցու գմբեթի խաչի տեղադրումը. «Փաստ է, չէ՞: Եվ ո՞ւր են հիմա «բոյկոտ» բղավողները: Ազգի կեսը բոյկոտի կոչ էր անում»: Երկրորդ էական քայլը Թուրքիայի կառավարության կողմից քաղաքագետը համարում է թուրքական կառավարության վերջերս կայացրած այն որոշումը, որով ի թիվս Բուլղարիայի եւ Իրանի, Հայաստանը եւս հանվեց Թուրքիայի համար խնդիրներ ստեղծող պետությունների ցանկից: Այս քայլը Ստեփան Գրիգորյանը հատկապես է կարեւորում, քանի որ այդպիսով Հայաստանի նկատմամբ փոխվում է Թուրքիայի պետական կառույցների վերաբերմունքը: «Ես միայն երկուսը նշեցի: Այո, կարող է մենք այս քայլերը բավարար չենք համարում, նույնիսկ շատ դանդաղ քայլեր ենք համարում, բայց դրանք քայլեր են, որոնք արվում են, եւ որոնք զգալ ու գնահատել է պետք»,- ասում է նա: «Առավոտի» դիտարկմանը՝ այդ դեպքում ինչո՞ւ է ՀՀ արտգործնախարարն անընդհատ հայտարարում, որ շփումներ չկան, քաղաքագետը հակադարձեց. «Իմ ասածը չի հակասում Նալբանդյանի հայտարարություններին. պաշտոնական շփումներ՝ նախարարությունների մակարդակով, միգուցեեւ չկան»:

Հետաքրքիր է, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը օրերս հարցազրույց էր տվել Ստամբուլում լույս տեսնող «Ժամանակ» օրաթերթին: Խոսելով հայ-թուրքական հարաբերությունների մասին՝ Թուրքիայի վարչապետն ասել էր. «Ես ի սրտե կհավատամ այս բանին, պատմությունը թողնելով պատմաբաններին, գիտնականներին՝ մենք կարող ենք միասնաբար ընթանալ դեպի ապագա։ Ես շարունակում եմ հավատալ, որ կարելի է հասնել հարաբերությունների կարգավորմանը»: Էրդողանը կրկնել էր պաշտոնական Անկարայի տեսակետը, թե հայկական Սփյուռքի մի մասը խոչընդոտ է հանդիսանում հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու համար, եւ հույս էր հայտնել, որ խնդիրները կհաղթահարվեն։ Արդյոք Էրդողանի հարցազրույցը հայկական թերթին պատահականությո՞ւն էր, թե՞ «մեսիջ»: Կարապետ Ռուբինյանը գտնում է. «Հայաստանի՞ն «մեսիջ»՝ չէ: Թուրքական հայ համայնքին՝ միգուցե»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել