Հայկական գործակալությունները, հենվելով «Ֆրանսպրես» լրատվական գործակալության տարածած տեղեկատվության վրա, հաղորդում են, որ Իրաքում շարունակվող բռնությունների ալիքի հետեւանքով երկուշաբթի օրը զոհված 7 անձանցից 2-ը քրիստոնյաներ են, այդ թվում մեկը` հայ:
Քրիստոնյաների վրա հարձակումը տեղի է ունեցել հյուսիսային Մոսուլ քաղաքում: Հրացաններով զինված անձինք, սպանելով Ասորի կաթոլիկ եկեղեցու դավանորդին եւ նրա հայ բարեկամին, փախուստի են դիմել:
«Ֆրանսպրեսը» հաղորդել է նաեւ, որ վերջին շրջանում Իրաքում ավելի ու ավելի հաճախ են տեղի ունենում հարձակումներ քրիստոնյաների դեմ: Մասնավորապես, անցած շաբաթ մայրաքաղաք Բաղդադում ակնհայտորեն քրիստոնյաների դեմ ուղղված հարձակման հետեւանքով զոհվել է 6 եւ վիրավորվել 33 մարդ, իսկ դրանից էլ մեկ շաբաթ առաջ Իրաքի մայրաքաղաքի կաթոլիկ եկեղեցում պատանդառված հարյուրավոր հավատացյալներին ազատելու գործողության ժամանակ մոտ վեց տասնյակ մարդ է զոհվել:
Մինչ 2003 թվականի իրաքյան պատերազմը՝ երկրում ապրող շուրջ 800 հազար քրիստոնյաներից Իրաքում այժմ մնացել է շուրջ 500 հազարը, ինչը բացատրվում է քրիստոնեական համայնքի եւ եկեղեցիների դեմ պարբերաբար տեղի ունեցող ոտնձգություններով: