Լրահոս
Օրվա լրահոսը

Պրեսկոտը երեկ շատ կոշտ ելույթ է ունեցել

Նոյեմբեր 17,2010 00:00

Սակայն ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավարն առայժմ չի բացահայտում նրա ելույթի մանրամասները:

Երեկ Փարիզում իր դռնփակ նիստն էր գումարել ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովը: Օրակարգում 3-րդ հարցը Ադրբեջանի խորհրդարանական ընտրությունները դիտարկած առաքելության զեկույցն էր, որը հեղինակել են համազեկուցողներ Ժոզեֆ Դեբոնո Գրեչը եւ Պեդրո Ագրամունթը: Իսկ քննարկման 10-րդ հարցը Երեւանում հոկտեմբերի 19-20-ին անցկացված «Ժողովրդավարության ապագայի համար» ֆորումի վերաբերյալ հայտարարությունն էր:

ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանն «Առավոտին» ներկայացնելով վերջին հարցի շուրջ ընթացած քննարկումները՝ Փարիզից հեռախոսով հայտնեց. «Նախ եւ առաջ՝ որպես գլխավոր զեկուցող, ես ներկայացրի ֆորումի ընթացքը եւ, թե ինչ խնդիրներ էին դրվում ֆորումի առջեւ, ու ինչի ենք հասել: Բանն այն է, որ ֆորումի ընթացքում ես եզրակացությունների զուտ նախնական մոտեցումն էի ներկայացրել, իսկ հիմա՝ օգտագործելով ժամանակակից տեխնոլոգիաները եւ հատկապես համացանցը՝ շահագրգիռ տարբեր կողմերի հետ համատեղ մշակում ենք վերջնական տարբերակը: Ելույթ ունեցավ նաեւ Ջոն Պրեսկոտը, որը ֆորումի ընթացքում ներկայացրել էր ԵԽԽՎ նախագահի խոսքը եւ հանդես էր գալիս ոչ միայն իբրեւ ֆորումի մասնակից, զեկուցող, այլ նաեւ Վեհաժողովի փոխնախագահ: Նա ներկայացրեց այն հիմնական դրույթները, որոնց վրա շեշտադրումներ էր կատարել ելույթի ժամանակ: Բայց միաժամանակ նիստի ընթացքում պրն Պրեսկոտը նաեւ առանձին ներկայացրեց Հայաստանում տիրող իրավիճակի վերաբերյալ կարճ տեղեկատվություն: Եվ նշեց այն խնդիրները, որոնք գտնվելու են իր ուշադրության կենտրոնում՝ սկսած ընտրական օրենսդրությունից, վերջացրած թվային հեռարձակման ցանցի միջոցով հեռուստածրագրերի եթերային հեռարձակում իրականացնելու նպատակով հայտարարված մրցույթներով»:

Մեր խնդրանքին՝ մանրամասնել, թե ինչ գնահատականներ է տվել ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցով զեկուցողը՝ պրն Հարությունյանն այսպես արձագանքեց. «Չեմ կարող մանրամասնել մի պատճառով, քանի որ Մոնիթորինգի հանձնաժողովի ցանկացած քննարկում, քանի դեռ այն չի հաստատվել հանձնաժողովի կողմից՝ որպես հանրությանը ներկայացվելիք, չի կարելի ներկայացնել: (Նշենք, որ աշնանային նստաշրջանի ընթացքում Մոնիթորինգի հանձնաժողովի նիստերից մեկի օրակարգում հենց քննարկումների խորհրդապահական բնույթը պահպանելու հարցն էր, որի անհրաժեշտությունը ծագել էր Վրաստանի պատվիրակության թույլ տված արտահոսքի պատճառով.- Ա. Ի.) Ընդամենը պետք է ասեմ, որ ելույթը բավականին կոշտ էր»:

Նշենք, որ Մոնիթորինգի հանձնաժողովի հաջորդ նիստը տեղի է ունենալու դեկտեմբերի 10-ին՝ դարձյալ Փարիզում:

x

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել