Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՐԱԳՐՈՂԻՆ ՎՏԱՆԳ Է ՍՊԱՌՆՈՒՄ

Նոյեմբեր 17,2010 00:00

Երեկ գործընկերները պաշտպանեցին Նիկոլ Փաշինյանին

Դատ՝ «Կոշ» ՔԿՀ-ում

\"\"Երեկ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ Սուրեն Մնոյանի նախագահությամբ, «Կոշ» ՔԿՀ-ում տեղի ունեցած դռնբաց դատական նիստում սկսել է «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի՝ «Նուբարաշեն» ՔԿՀ պետ Տիգրան Նավասարդյանի կողմից այս տարվա մայիսի 25-ին կայացված որոշման դեմ բողոքի քննությունը: Բանն այն է, որ Տ. Նավասարդյանը կիրառելով 2009թ. մայիսի 19-ին ՀՀ ԱԺ-ի ընդունած համաներումը՝ որպես Փաշինյանի ազատազրկման վերջնաժամկետ է սահմանել է 3 տարի 10 ամիս 29 օր: Մինչդեռ օրենքով առաջնորդվելու դեպքում նա պարտավոր էր, նկատի առնելով նաեւ նախնական կալանքի տակ գտնվելու ժամանակահատվածը, պատժին հաշվակցելու մասին որոշումը, Փաշինյանի նկատմամբ կայացված դատավճռի 7 տարվա ազատազրկման ժամկետը կիսել եւ որպես ազատազրկման վերջնաժամկետ սահմանել 3 տարի 6 ամիս: Մեղադրող կողմը, իհարկե, հայտարարել է, թե ՔԿՀ պետի որոշման մեջ անօրինական ոչինչ չկա, եւ պատժաչափը ճիշտ է հաշվարկվել: Փաշինյանի պաշտպան Երվանդ Վարոսյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց, թե ՔԿՀ պետ Տ. Նավասարդյանի կողմից կայացված որոշմամբ պատժի կրճատման հաշվարկը կատարվել է ակնհայտ սխալ, որի հետեւանքով Փաշինյանի պատժաչափը փաստացի ավելացել է շուրջ հինգ ամիս ժամանակով, իսկ դա ոչ միայն ՀՀ համապատասխան օրենսդրությամբ, այլեւ ՄԻ Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածով նախատեսված իրավունքների խախտում է:

Դատարանը երեկ բավարարել է Փաշինյանի (ի դեպ, երեկ նա դատարանի սենյակ է բերվել ձեռնաշղթաներով եւ կալանավորի հագուստով) երկու միջնորդությունները: Դրանցից մեկը վերաբերել է դատական նիստի դահլիճի վերածված «Կոշ» ՔԿՀ աշխատասենյակներից մեկի պատերին փակցված «Կալաշնիկով» ինքնաձիգի կառուցվածքի նկարագրություններ պարունակող պաստառներին: «Ես հասկանում եմ, որ այսօրվա իշխանությունը «Կալաշնիկովի» վրա է հիմնված, բայց պարտադիր չէ բոլոր տեղերում այդ մասին հիշեցնել»,- ասել է Փաշինյանը՝ միջնորդելով պատերից պոկել այդ նկարները, ինչը արվել է հենց դատական նիստի ժամանակ: Երկրորդ միջնորդությամբ նա պահանջել է իր նախկին սենյակից բերել գրառումների տետրը: Դատարանը երեկ խնդրո առարկայի առնչությամբ որոշում չի կայացրել. նիստը հետաձգվել է Փաշինյանի պաշտպանի միջնորդությամբ:

Ասուլիս

Երեկ ի պաշտպանություն Նիկոլ Փաշինյանի՝ ասուլիս էին հրավիրել «Ա1+» հեռուստաընկերության ղեկավար Մեսրոպ Մովսեսյանը, «Իրավունքի եւ ազատության կենտրոն» հ/կ նախագահ, իրավապաշտպան Վարդան Հարությունյանն ու «Ֆորում» իրավունքի կենտրոնի ղեկավար Տիգրան Տեր-Եսայանը: Նրանք բացի այն, որ դատապարտեցին Փաշինյանի նկատմամբ «Կոշ» ՔԿՀ-ում կատարված հարձակումները, նաեւ կոչ արեցին հանդես գալ ի պաշտպանություն Փաշինյանի. «Քանի որ Նիկոլը մեր բոլորի կոլեգան է, ես ենթադրում եմ, որ այսօր եւեթ հարկավոր է մեր ձայնը բարձրացնել: Եվ կոչ ենք անում բոլորին՝ պայքարենք այդ երեւույթների դեմ, որովհետեւ վաղը, եթե անպատժելիության մթնոլորտը շարունակվեց, դա լինելու է մեզ հետ»,- ասաց Մ. Մովսեսյանը՝ կարեւորելով լրագրողական համքարության կողմից այդ բռնությունները կանխելու նպատակով դիմադրություն ստեղծելը:

Ասուլիսին ներկայացած բոլոր երեք բանախոսները հայտարարեցին, թե միանշանակորեն հավատում են Փաշինյանի՝ իր դեմ կատարված հարձակման մասին ահազանգերին, որոնք ՀՀ արդարադատության նախարարությունը փորձում է հերքել: «Ես չեմ հավատում, որ Նիկոլը վատ երազ տեսնելուց հետո միանգամից ձեռքն է վերցնում գրիչն ու սկսում նկարագրել իր տեսած երազը»,- հայտարարեց Մ. Մովսեսյանը՝ հավելելով, թե չի հավատում նաեւ իշխանության այն պնդումներին, որ Փաշինյանի հետ տեղի ունեցածը կարող է լինել ՔԿՀ-ում պահվող քրեականների ձեռքի գործը՝ պնդելով, որ այդ հարձակումների ու ճնշումների թիկունքում իշխանություններն են կանգնած: Հակառակ դեպքում, իրավապաշտպան Վ. Հարությունյանի դիտարկմամբ, այդ դեպքը կարող էր մեկ անգամ լինել եւ ոչ թե պարբերական բնույթ ստանալ:

Վարկածը, թե՝ Նիկոլը «Կոշում» հարձակումների եւ ճնշումների է ենթարկվում քրեականների կողմից՝ նրանց հետ խնդիրներ ունենալու պատճառով, մերժում է նաեւ իրավապաշտպանը: Նա համոզմունք հայտնեց, որ իշխանությունները միտումնավոր են նման տեղեկություններ տարածում, թե Փաշինյանը խնդիրներ է ունեցել իր խցակիցների, ՔԿՀ-ի մյուս կալանավորների հետ, որպեսզի Փաշինյանի հետ տեղի ունեցածի պատասխանատվությունն իրենց վրայից գցեն: Իրավապաշտպանի եւ մյուս բանախոսների համոզմամբ՝ Փաշինյանի հնչեցրած ահազանգը սակարկման ենթակա չէ, «որովհետեւ դա տեղի է ունեցել», եւ դրա թիկունքում կանգնած են իշխանությունները՝ ի դեմս ՔԿՀ-ի ղեկավարության, առանց որոնց իմացության նման դեպք լինել չէր կարող: «Սկսած ամենահասարակ գողից՝ վերջացրած ամենամեծ մարդասպանով, իշխանությունը պարտավոր է ապահովել նրանց անվտանգությունը: Իսկ քաղբանտարկյալինը՝ առավել եւս, որովհետեւ նա է նրան անօրինական ձեւով բանտ նետել, առանց որեւէ հիմքի, նրա ծավալած քաղաքական գործունեության համար»,- հայտարարեց Վ. Հարությունյանը՝ արձանագրելով, որ «քնած ժամանակ մարդու վրա կատարված հարձակումն այն սահմանն է, որից հետո կարելի է ամեն ինչ սպասել»:

Այն, որ Փաշինյանի կյանքին վտանգ է սպառնում, ըստ «Ա1+»-ի ղեկավարի, փաստում է նաեւ այն, որ ՔԿՀ ղեկավարությունն այդ վտանգն իսկապես տեսնելով՝ քաղբանտարկյալին արդեն իսկ տեղափոխել է առանձին խուց:

Ի պատասխան «Առավոտի» հարցին՝ ի՞նչ առաջարկներ կամ մեխանիզմներ կան Նիկոլի անվտանգությունն ապահովելու համար, Տ. Տեր-Եսայանն ասաց. «Տարբեր ձեւեր կան: Մենք գիտենք, որ շատերը չեն ուզում ԱԱԾ մեկուսարանից տեղափոխվել ՔԿՀ-ներ, ուզում են մնալ ԱԱԾ-ում, որովհետեւ այնտեղ իրենց ավելի ապահով են զգում: Զարմանալի է, բայց այդպես է: Այ այսօր, որ նա գտնվում է առանձին խցում, ու դա, իմ կարծիքով, ավելի ապահով է, քան այնտեղ, որտեղ ինքը 18 բանտարկյալի մեջ էր»:

Տ. Տեր-Եսայանը երեկվա ասուլիսի հիմնական նպատակը համարում է ապագայում «Կոշ» եւ այլ ՔԿՀ-ներում ոչ միայն Նիկոլի, այլեւ մյուս կալանավորների անվտանգությունն ապահովելն ու հնարավոր բռնություններից եւ ճնշումներից զերծ պահելը: «Մի բանում համոզված եղեք, որ Նիկոլը իր խելքը չի գցել»,- երեկվա ասուլիսն այսպես եզրափակեց Մ. Մովսեսյանը:

Ակցիա եւ ստորագրահավաք

Ի պաշտպանություն Ն. Փաշինյանի՝ եւս մեկ ակցիա երեկ տեղի ունեցավ օրվա երկրորդ կեսին, Մարտիրոս Սարյանի արձանին հարող պուրակում: Այստեղ հավաքվել էին հիմնականում լրագրողներ ու ԶԼՄ-ների ղեկավարներ: Հենց վերջիններս էլ համատեղ հայտարարություն ստորագրեցին, որում մասնավորապես ասված է. «Վերջին օրերին մամուլը պարբերաբար ահազանգում է Նիկոլ Փաշինյանի նկատմամբ իրականացվող բռնությունների, հոգեբանական եւ ֆիզիկական ճնշումների մասին, ինչին իշխանության ներկայացուցիչներն արձագանքում են կամ անհամոզիչ հերքումներով, կամ հեգնանքով: Մենք վրդովված ենք մեր գործընկերոջ նկատմամբ հետեւողականորեն իրականացվող այս քաղաքականությունից եւ կարծում ենք, որ «Կոշ» ՔԿՀ-ում նրա անվտանգությունն ապահովված չէ: Մենք պահանջում ենք իշխանությունից ապահովել «ՀԺ» թերթի գլխավոր խմբագրի կյանքի անձեռնմխելիությունն ու անվտանգությունը: Պահանջում ենք ստեղծել հատուկ անվտանգության ռեժիմ եւ երաշխավոր կանգնել նրա կյանքի ապահովության համար: Պահանջում ենք նաեւ պատժել եւ կանխել բոլոր այն անձանց ձեռնարկած գործողությունները, որոնք այս կամ այն կերպ ուղղված կլինեն Փաշինյանի անվտանգության դեմ: Պահանջում ենք ազատ արձակել Նիկոլ Փաշինյանին»: Հայտարարությանը միացել են թվով 15 լրատվամիջոցի ղեկավարներ, այդ թվում՝ «Առավոտի» գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել