Լրահոս
Օրվա լրահոսը

ՎՊ-Ի ՍԵՎ ՑՈՒՑԱԿՈՒՄ ՉՀԱՅՏՆՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ՝ $4000

Նոյեմբեր 17,2010 00:00

\"\"ՀՀԿ խմբակցության պատգամավորը ՀՀ վերահսկիչ պալատին երեկ մեղադրեց ստուգվողի քաղաքական կողմնորոշմամբ կամ ստվերային համաձայնության գալ-չգալու համաձայն ուսումնասիրություններ անցկացնելու մեջ:

ԱԺ-ն երեկ քննարկեց ՀՀ վերահսկիչ պալատի 2009-ի հաշվետվությունը, որի համառոտ շարադրանքը միայն, որում ներկայացված են բացահայտված առավել էական խախտումներն ու թերությունները՝ 158 էջ է: Այստեղ մասնավորապես նշված է, թե ՎՊ-ն ՀՀ գլխավոր դատախազություն է ուղարկել 11 գործով խախտումների վերաբերյալ «կասկածներ պարունակող 5 արձանագրություն եւ 2 ընթացիկ հաշվետվություն, ինչի արդյունքում հարուցվել է 3 քրեական գործ, իսկ մնացած՝ 8 գործի մասով ՀՀ գլխավոր դատախազությունից դեռեւս պատասխան չի ստացվել»: Լրագրողների հետ զրույցի ընթացքում ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը նշեց. «Բավական դրական դինամիկա կա այն առումով, որ եթե առաջին տարին ես խոսում էի խախտումների մասին, եւ դատարաններ քիչ էր գործ գնում, հիմա պետք է իմ գոհունակությունը հայտնեմ, որովհետեւ գլխավոր դատախազություն ուղարկված գրեթե բոլոր նյութերով հարուցված են քրեական գործեր, կան ձերբակալվածներ, կան տեղեր, որտեղ պետական խոշոր միջոցները վերականգնվել են եւ այլն»:

ՎՊ հայտնաբերած առավել աղմկահարույց խախտումներից էր՝ «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին բնակարանի տրամադրման հետ կապված ծախսեր» ծրագրով 2007-2009թթ. ընթացքում նախատեսվել է ձեռք բերել 56 բնակարան, սակայն փաստացի ձեռք է բերվել 8 բնակարան»: Կամ՝ «Ձայնալարերը հեռացվածների միավորումը» մի շարք դեպքերում տրամադրված ձայնաստեղծ սարքերի դիմաց շահառուներից գանձել է տարբեր չափի գումարներ՝ «Այն դեպքում, երբ դրանք տրամադրվում են անվճար, ինչպես նաեւ բաշխման ցուցակում ընդգրկված որոշ անձանց չեն տրամադրվել ձայնաստեղծ սարքեր»: Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունը 2007 թվականին սննդամթերքի համար հատկացված գումարի մնացորդը՝14,095 հազ. դրամ, ուղղել է աշխատակիցների պարգեւատրմանը եւ այլն:

ԱԺ ընդդիմությունը՝ հանձին «Ժառանգության» պատգամավոր Անահիտ Բախշյանի, երեկ հիասթափություն հայտնեց. «Չնայած ՎՊ ծախսած ժամանակին՝ այն արդյունքը, որ ակնկալում է հասարակությունը ՎՊ-ից՝ չունենք»: Սակայն ՎՊ-ին շատ լուրջ քննադատություն ուղղեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, «Ժողովրդավարություն եւ աշխատանք» կուսակցության նախագահ Սպարտակ Մելիքյանը, որն իր մեղադրանքներն ուղղեց Իշխան Զաքարյանին՝ նախ հարցադրումների միջոցով: Մասնավորապես՝ նշեց, թե բիզնեսի վրա շատ ծանր է անդրադառնում եւս մի ստուգող մարմինը, քանի որ ՎՊ-ն վերահսկում է նաեւ մասնավոր տնտեսվարողների գործունեությունը: ՎՊ նախագահը փորձեց հերքել. «Մենք մասնավոր ընկերությունների մոտ ստուգումներ անում ենք այնքանով, ինչքանով իրենց խնդիրներն առնչվում են պետական բյուջեին, պետական ունեցվածքին եւ պետական ունեցվածքի տնօրինմանը»: Սակայն «Առավոտն» էլ է տիրապետում փաստերի, որոնք վկայում են հակառակի՝ ՎՊ կողմից մասնավոր ընկերություններում անհիմն ստուգումների փորձերի մասին:

Հետո Սպարտակ Մելիքյանը ելույթում պնդեց. «Ինչպես ամեն տեղ, այստեղ էլ միշտ վճռորոշ է եղել ստուգողի քաղաքական կողմնորոշումը կամ ստվերային համաձայնության գալ-չգալը»: Եվ իր հայտարարությունը հիմնավորեց՝ անդրադառնալով վերջերս ՎՊ-ի կողմից Հայաստանի բուհերում իրականացված, ըստ իրեն՝ «խայտառակ ստուգումներին, որոնք աչքի են ընկել բացահայտ կողմնակալությամբ եւ անձնական շահադիտությամբ»: Մանրամասնեց. «Վերջերս հրապարակված ստուգումների արդյունքում, ի թիվս մի քանի այլ բուհերի, ՎՊ-ի քննադատությանն է արժանացել Երեւանի «Անանիա Շիրակացու» անվան միջազգային հարաբերությունների համալսարանը: Ցավոք, վերջինիս պարագայում ՎՊ-ն խեղաթյուրել է իրականությունը եւ վարկաբեկել համալսարանի բարի համբավն ու հեղինակությունը, չնայած որ ստուգվող բուհերի մեջ եղել էին նաեւ այնպիսիները, որոնք չեն համապատասխանել օրենքով նախատեսված բազմաթիվ չափանիշների, սակայն ինչ-ինչ պատճառներով դուրս են մնացել ՎՊ-ի քննադատությունից: Բացեմ չակերտները. հարցն այն է, որ «Անանիա Շիրակացի» համալսարանը խիստ քննադատության է արժանացել զուտ այն պատճառով, որ հրաժարվել է բավարարել ստուգող խմբի ղեկավարի պահանջը՝ տալ 4000 դոլար կաշառք, որն, ըստ իրեն, համաձայնեցված է եղել Իշխան Զաքարյանի հետ՝ այսպես կոչված սեւ ցուցակում չհայտնվելու համար: Ի դեպ, ստուգող խմբի ղեկավարը նաեւ սպառնացել է, որ եթե իրենց չհաջողվի համալսարանին զրկել լիցենզիայից, ապա առնվազն նրա իմիջին մեծ վնաս կհասցնեն: Եվ պարոն Զաքարյանի քննադատությունն այդ սպառնալիքի հետեւանք է»: ՀՀԿ պատգամավորը ելույթն այսպես ավարտեց. «Համոզված եմ, որ իմ ահազանգին գործնականորեն կարձագանքեն ե՛ւ ՀՀ Գլխավոր դատախազությունում, ե՛ւ ԱԱԾ-ում»: Իսկ առայժմ այս լուրջ մեղադրանքին այսօր կպատասխանի Վերահսկիչ պալատի նախագահը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել