Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ամոթալի» թեմայով ռեպորտաժ Ծաղկաձորից

Նոյեմբեր 16,2010 00:00

Կամ ԼԳԵՓ համայնքի խնդիրները՝ Հայաստանում

Ի թիվս այլ երկրների, Հայաստանում անջրպետ կա տարասեռական եւ նույնասեռական կողմնորոշում ունեցողների միջեւ. վերջիններս չեն ընկալվում իբրեւ հասարակության լիարժեք անդամներ: Կարծիք կա, թե նույնասեռականները նաեւ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հիմնական տարածողներն ու վարակակիրներն են, մինչդեռ, ըստ ԼԳԵՓ (լեսբուհիներ, գեյեր, երկսեռականներ, փոխգենդերներ) համայնքի ներկայացուցիչ, կենսաբանական գիտությունների թեկնածու Կարեն Բադալյանի, Հայաստանի պաշտոնական վիճակագրությունն այլ բան է փաստում՝ նույնասեռականները վարակակիրների ընդամենը 1,6%-ն են կազմում:
Հենց Կարենի հետ էլ փոքրիկ սոցհարցում անցկացրինք Ծաղկաձորի փողոցներում՝ պարզելու մարդկանց վերաբերմունքը՝ սեռական փոքրամասնությունների վերաբերյալ: Կամո անունով տղամարդը, օրինակ, չհասկացավ՝ ի՞նչ ասել է սեռական փոքրամասնություն կամ ԼԳԵՓ համայնք. սկսեց խոսել ցածր կենսամակարդակից, աշխատատեղերի բացակայությունից եւ տխուր առօրյայից: Փոքրիկ հուշումից հետո էլ հավելեց. «Եթե նարկոմաններին կարելի ա բուժել, գեյերը չեն բուժվում: Էսօր երիտասարդները հետաքրքրված են նման բաներով, ու մեղավորը հեռուստաալիքներն են, մեկ էլ Եվրոպա գնացող-եկողները»:
Փոքրիկ «Հացատան» երիտասարդ աշխատակիցը, որ ոչ մի կերպ չցանկացավ ներկայանալ, ասաց. «Դրանք (նունասեռականները) հիվանդներ են, իրանց պետք ա օգնել, չնայած ոչինչ էլ չի փրկի, որովհետեւ Աստված նրանց տենց ա ստեղծել»: Մեր հարցին՝ հանդուրժելի՞ են նույնասեռականներն իր համար, երիտասարդը պատասխանեց. «Մենք փոքր մարդիկ ենք չհանդուրժելու համար…հո չե՞նք կախելու»:
Ալվարդ անունով բուժքույր ներկայացած տիկինը նույնասեռականությունը աղետ չի համարում. «Եթե իրար դուր են գալիս, թող միասին լինեն…»: Սակայն որոշ վերապահումներ ունի. «Ցավում եմ, որ դա կբերի մեր ազգի ծնելիության անկմանը: Գուցե նույնասեռականներն արդարանան, թե երեխա կորդեգրեն, բայց եթե երեխա չլինի, ո՞նց են որդեգրելու»:
Ի դեպ, երբ ես ու Կարենն անցնում էինք ծաղկաձորյան փողոցներով, ոմանք հայացքով տառացիորեն շանթում էին նրան, իսկ ավելի երիտասարդներին նրա արտաքինը արտառոց էր թվում: Եղան երիտասարդներ էլ, այդ թվում «Ծախսաձոր» խանութի աշխատակցուհին, ովքեր հրաժարվեցին «ամոթալի» թեմայով հարցմանը մասնակցել եւ շատ քաղաքավարի դուրս հրավիրեցին մեզ, որոշներն էլ պատճառ բերեցին իրենց զբաղվածությունը:
Կ. Բադալյանը ծաղկաձորցիների վերաբերմունքի մասին հետեւյալ եզրահանգման է եկել. «Ինձ թվում էր՝ մարդիկ այստեղ ավելի գավառային մտածելակերպ կունենան, սակայն հակառակ պատկերի հանդիպեցի: Մարդիկ Ծաղկաձորում նաեւ մի քիչ վախեցած էին, տվյալ թեմայի մասին խուսափում էին խոսել կամ երբեմն ավելի դրական էին արտահայտվում, քան իրականում մտածում են: Նրանք վախենում էին նշել իրենց անունը, մասնագիտությունը, ունեին մտավախություն, թե իրենց պատասխանների հիման վրա կբացահայտվեն եւ գուցե հալածվեն: Ընդհանուր առմամբ, քաղաքն ավելի հանդուրժող է, եւ հավանաբար պատճառն այն է, որ զբոսաշրջային կենտրոն է, տեղացիները սովոր են ամեն ոճի, տեսակի մարդկանց տեսնել իրենց քաղաքում»:
Քանի որ պատահում են դեպքեր, երբ հատկապես սպասարկման ոլորտի հաստատություններում նույնասեռականներին «լավ աչքով» չեն նայում, Կարենից հետաքրքրվեցինք, նման խնդրի հանդիպե՞լ է: Զրուցակիցս հայտնեց, որ, իր տպավորությամբ, կանայք տղամարդկանցից ավելի հոմոֆոբ են՝ հավանաբար մրցակից են տեսնում նույնասեռականների մեջ: «Օրերս մի հանգստավայրի հյուրանոցում հավաքարարուհիները երկար քչփչալուց հետո իբրեւ բանախոս ուղարկել էին իրենցից ամենահամարձակին, որպեսզի հետաքրքրվի՝ «իմ տղա հալով» ինչու եմ արտաքինիս, հոնքերիս ուշադրություն դարձնում, կոկիկ հագնվում»- ժպտալով պատմում է ԼԳԵՓ համայնքի ներկայացուցիչը:
Արդյո՞ք նունասեռականների թիվը Հայաստանում աճել է: Կ. Բադալյանը, վկայակոչելով հոգեբան, սոցիոլոգ, հետազոտող Կինսի մեթոդը, համապատասխան չափանիշներով ու բանաձեւերով արված հաշվարկները, նշում է, որ նունասեռական վարքագիծ ունեցող տղամարդիկ ցանկացած երկրի՝ 4,3, իսկ կանայք 2,7%-ն են կազմում: Ընդ որում, խոսքը սեռահասուն՝ 15-49 տարիքային խմբի մասին է: Ըստ այդ տվյալների, Կարենի խոսքով, Հայաստանում հաշվվում է նույնասեռական վարքագիծ ունեցող մոտ 65000 տղամարդ եւ շուրջ 30000 կին:
Հետաքրքրվեցինք՝ ինչպիսի՞ ակցիաներով են հանդես գալիս ԼԳԵՓ համայնքի ներկայացուցիչները՝ որպես ակտիվ քաղաքացիներ: Պարզվում է՝ ծառատունկ են կազմակերպում, զբոսայգի բարեկարգում (խոսքն Անգլիական այգու՝ Կոմայգու ամսին է), գրենական պիտույքներով եւ հագուստներով օգնում անապահով ընտանիքներին: ԼԳԵՓ համայնքը ներկայացնող «Մենք հանուն քաղաքացիական հասարակության» կազմակերպությունը՝ ամեն տարի դիտարկելով տպագիր եւ էլեկտրոնային մամուլի հրապարակումները, նույնիսկ մրցանակ է շնորհում ամենահանդուրժող լրագրողին, արարողությանն էլ մասնակցում են ինչպես ՀՀ-ում օտարերկյա դեսպանատների ներկայացուցիչներ, այնպես էլ հրավիրյալներ՝ եվրոպական գեյ-կառույցներից:
«Մեր կարեւոր առաքելությունն է, որ ԼԳԵՓ համայնքը ինտեգրվի հասարակությանը, հասարակությանն ուղարկենք դրական հաղորդագրություններ, որ մենք ձեզանից մեկն ենք ու ձեր նման մասնակցում ենք տարբեր հասարակական միջոցառումների»,- ասում է Կ. Բադալյանը:

Հ. Գ. Կարեն Բադալյանի հետ ծանոթացա Բրիտանական խորհրդի՝ Ծաղկաձորում կազմակերպած սեմինարի ժամանակ, որը նվիրված էր ԶԼՄ-ներում եւ սոցիալական ցանցերում ԼԳԵՓ համայնքի խնդիրներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել