Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀՊՖՆ-Ն ԻՆՔՆԱԹԻՌ Է ԵՐԱԶՈՒՄ

Նոյեմբեր 16,2010 00:00

\"\"Ցանկություններ եւ ռեալ իրականություն

85-ամյա Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի (ՀՊՖՆ) բախտը բերել է գեղարվեստական ղեկավարների առումով. տարբեր տարիների նվագախումբը գլխավորել են Ա. Ադամյանը, Ալ. Սպենդիարյանը, Ս. Չարեքյանը, Գ. Բուդաղյանը, Կ. Սարաջյանը, Մ. Մալունցյանը, Օ. Դուրյանը, Մ. Տերյանը, Ռ. Վարդանյանը, Ա. Քաթանյանը, Դ. Խանջյանը, Վ. Գերգիեւը, Վ. Պապյանը, Մ. Ավետիսյանը եւ Լ. Ճգնավորյանը: Եվ միայն սկսած 1989-ից նվագախումբը համերգներով հանդես է եկել արտերկրում՝ ԱՄՆ-ում, Ավստրիայում, Կանադայում, Շվեյցարիայում, Իսպանիայում, Պորտուգալիայում, Մեծ Բրիտանիայում եւ այլուր: 2000թ. Էդ. Թոփչյանի՝ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր նշանակվելուց հետո էլ, կոլեկտիվը հիշարժան համերգներ է ունեցել Գերմանիայում, Ռուսաստանում, Չեխիայում, Ֆրանսիայում, Ճապոնիայում:
ՀՊՖՆ-ն նոյեմբերի 27-ին հերթական հյուրախաղերի կմեկնի Գերմանիա եւ Սլովակիա: Այս մասին «Առավոտին» տեղեկացրեց Էդ. Թոփչյանը: Նրա փոխանցմամբ, հանդես կգան Ֆրանկֆուրտի հանրահայտ «Ալտեօպերում» եւ Բրատիսլավայի «Ռեդուտա» սրահում: Ծրագրում ընդգրկված են Բորոդինի, Վեբերի, Դվորժակի, Շոստակովիչի եւ Խաչատրյանի ստեղծագործություններից: Հարցին՝ ինչո՞ւ հայկական նվագախմբի հյուրախաղային երկացանկում չեն գերիշխում հայ կոմպոզիտորները, Թոփչյանը պատասխանեց. «Այս անգամ ցանկություն էինք հայտնել կատարելու Ավետ Տերտերյանի 3-րդ սիմֆոնիան, սակայն հրավիրող կողմն է հաստատում համերգների ծրագրերը: Ֆիլհարմոնիկի համերգները արտերկրում կայանում են ճանաչված դահլիճներում եւ աբոնեմենտային են, ինչը նշանակում է, որ շուրջ մեկ տարի առաջ են որոշվել ՀՊՖՆ-ի ծրագրերը, գուցե դա արվում է՝ հաշվի առնելով իրենց երկրներում տարվա ընթացքում ելույթ ունեցած նվագախմբերի երկացանկը եւ տեղի հանդիսատեսի պահանջարկը»:
Էդ. Թոփչյանին հիշեցրինք, որ ցանկացած հյուրախաղից հետո Հայաստան վերադառնալիս նա առաջինը նշում է սրահը հանդիսականով լեփ-լեցուն լինելու փաստը, ինչը չենք կարող ասել տեղական համերգների մասին: Այս առիթով մեր զրուցակիցն ասաց. «Ցանկություն ունենք ՀՊՖՆ-ին կից ակադեմիա հիմնելու եւ պատրաստված հանդիսատես կրթել մանուկ հասակից: Ձեր հարցի պատասխանը միայն այս նախագիծը իրագործելու սահմաններում է: Ես կասեի՝ սա ոչ թե հերթական, այլ փրկության նախագիծ է: Հասկանալի է, որ իրականացնելու գործում անհրաժեշտ են մեծ ներդրումներ: Այս առիթով էլ հույսս ՀՀ նախագահն է, որը քանիցս օգնության ձեռք է մեկնել ֆիլհարմոնիկին: Մյուս կողմից էլ ցանկություն կա ֆիլհարմոնիկ նվագախումբ հրավիրել 10 բարձրակարգ երաժիշտ՝ Եվրոպայից: Սա էլ, անշուշտ, կախված է գումարից»:
Աշխարհի ճանաչված կամ, ավելի ճիշտ՝ երկիրը ներկայացնող սիմֆոնիկ նվագախմբերն ունեն իրենց ինքնաթիռը, օրինակ՝ երբ Վիեննայի ֆիլհարմոնիկը մեկնում է հյուրախաղերի, «Ավստրիական ավիաուղիների» տրամադրած օդային տրանսպորտի մի կողմին գրված է «Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախումբ»: Նույնը կարելի է տեսնել Գերմանիայի լավագույն նվագախմբերը տեղափոխող «Լուֆթհանզա» ավիաուղիների ինքնաթիռներին: Հետաքրքիր է՝ Հայաստանի թիվ 1 նվագախումբը կարժանանա՞ այս պատվին: Էդ. Թոփչյանն այս առիթով ասաց. «Վիեննայի, Գերմանիայի եւ այլ ավիաուղիները պատիվ են համարում ազգային նվագախումբը տեղափոխել ազգային ավիաուղու միջոցով: Նման երազանք ես էլ ունեմ: Իհարկե, չեմ ակնկալում, որ ինքնաթիռ տրամադրվի բոլորովին անվճար… Գուցե այդ օրն էլ գա, երբ մեր ազգային ավիափոխադրողի ինքնաթիռի մի կողմում էլ գրված կլինի՝ «Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել