Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՍՈՒԴԱՆԻ ՀԱՐԱՎՈՒՄ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՔՎԵ ԿԱՆՑԿԱՑՎԻ

Նոյեմբեր 16,2010 00:00

\"\"Աֆրիկյան միության ներկայացուցիչը հայտարարել է, թե Հյուսիսային եւ Հարավային Սուդանի իշխանություններին հաջողվել է պայմանավորվածություն ձեռք բերել Հարավի անկախության հանրաքվեի անցկացման ճանապարհին եղած խոչընդոտների մեծ մասը չեզոքացնելու շուրջ: BBC-ի մատուցմամբ, դիվանագետներն ասել են, թե կողմերը պայմանավորվել են սահմանների դեմարկացիա անել, նաեւ Հարավի կողմից անկախություն հռչակելու դեպքում ապահովել սուդանյան քոչվորների ազատ տեղաշարժը Հյուսիսի եւ Հարավի միջեւ: Ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում որոշում է ընդունվել նաեւ, որ քաղաքացիներին իրավունք կտրվի ընտրություն կատարել՝ որոշելու համար, թե Սուդանի ո՞ր հատվածում են նրանք ցանկանում հաստատվել:
Հիշեցնենք, որ Հարավում հանրաքվե անցկացնելու շուրջ համաձայնությունը ձեռք է բերվել 2005թ.-ին, Սուդանի հարավային եւ հյուսիսային հատվածների բնակչության միջեւ շուրջ 20 տարի տեւած քաղաքացիական պատերազմին վերջ դրած՝ խաղաղ պայմանագրի կնքման շրջանակներում:
Փորձագետները կարծում են, որ Աֆրիկյան միության այս հայտարարությունը կթուլացնի այն լարվածությունը, որը երկրում աճում է հանրաքվեի օրվա մոտենալուն զուգահեռ: Ինչ վերաբերում է Հարավի եւ Հյուսիսի սահմանամերձ եւ նավթով հարուստ Աբյեյ վիճելի նահանգին, ապա ստորագրված պայմանագրի համաձայն, այն ենթարկվելու է միաժամանակ ե՛ւ Սուդանի նախագահին, ե՛ւ Հարավային Սուդանի կիսաինքնավար իշխանություններին:
Անկախության հանրաքվեն Սուդանի հարավային հատվածում տեղի է ունենալու 2011թ. հունվարին, բայց դրան մասնակցելու գրանցումն արդեն սկսված է:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել