Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՌՈՒՍՆԵՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ՌԴ ՕԳՏԻՆ ԼՐՏԵՍՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԱԾ ԱՆՁԻՆ

Նոյեմբեր 16,2010 00:00

Շվեյցարական դեսպանության աջակցությամբ, ռուսաստանցի դիվանագետը հանդիպել է Վրաստանում լրտեսության մեջ մեղադրվող Ռուսաստանի 4 քաղաքացիներից մեկի հետ: Այդ մասին փոխանցում է «Ազատություն» ռ/կ-ն: Երեկ այդ մասին հայտնել է Վրաստանի արտգործնախարարի տեղակալ Նինո Քալանդաձեն, որի մատուցմամբ, իրենք ստացել են պաշտոնական նոտան, որում ռուսական կողմը խնդրում էր հայտնել ձերբակալված ՌԴ քաղաքացիների ինքնությունը եւ ռուսաստանցի դիվանագետին թույլ տալ հանդիպել նրանց հետ:
«Այդ նոտան մենք փոխանցեցինք իրավասու մարմիններին, ստացանք նույնականացնող տվյալները, որոնք փոխանցեցինք Շվեյցարիայի դեսպանությանը: Հուսով ենք, դրանք արդեն փոխանցվել են ռուսական կողմին: Ինչ վերաբերում է երկրորդ խնդրանքին, ապա ձերբակալվածներից մեկի հետ հանդիպում արդեն կայացել է: Նրանց ցանկության դեպքում կկազմակերպվեն հանդիպումներ նաեւ մյուսների հետ»,- ասել է Վրաստանի փոխարտգործնախարարը՝ չհստակեցնելով, թե կոնկրետ ում հետ է հանդիպել ռուսաստանցի դիվանագետը:
Ռուսաստանի հետախուզության օգտին լրտեսության մեղադրանքով Վրաստանում ձերբակալված 13 անձանցից 4-ը, այդ թվում` հայազգի Արմեն Գեւորգյանը եւ Ռուբեն Շիկոյանը, ՌԴ քաղաքացիներ են: «Գրուզիա օնլայն» ինտերնետային պարբերականի վկայությամբ, Քալանդաձեն հայտնել է նաեւ, որ ներկայումս բանակցություններ չեն ընթանում ձերբակալված ռուսաստանցիներին ռուսական կողմին հանձնելու հարցով եւ նման առաջարկ չի ստացվել եւ ստացվելու դեպքում էլ վրացական կողմը չէր բավարարի, որովհետեւ, վրացի պաշտոնյայի ասելով, հանցագործությունը, որում մեղադրվում են նաեւ ՌԴ քաղաքացիները, տեղի է ունեցել Վրաստանի տարածքում, նրանք պետք է կանգնեն վրացական դատարանի առաջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել