Հայաստանի շախմատիստների առաջատար՝ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը Մոսկվայում ավարտված աշխարհի նախկին չեմպիոն Միխայիլ Տալի հինգերորդ հուշամրցաշարում 1-2-րդ տեղերը բաժանեց Ռուսաստանի ներկայացուցիչ Սերգեյ Կարյակինի հետ:
Արոնյանը, Կարյակինը, ինչպես նաեւ Շախրիյար Մամեդյարովը ինը տուրում վաստակեցին հավասար՝ 5,5-ական միավոր, սակայն լրացուցիչ գործակիցներով ադրբեջանցին հարկադրված էր համակերպվել ընդամենը երրորդը ճանաչվելու հետ:
Հայ գրոսմայստերն իր վերջնական հաջողության հիմքը դրեց մեկնարկային երեք տուրերում՝ իր անվան դիմաց գրանցելով 2,5 միավոր: Դրանից հետո հայ շախմատիստը մնացած բոլոր հանդիպումներում միավորը բաժանեց մրցակիցների հետ, ինչն էլ լիովին բավարարեց վերջնահաշվարկում գործակիցներով միեւնույն արդյունքն ունենալ Կարյակինի հետ: Հետաքրքրական է, որ հուշամրցաշարը լուսաբանող լրատվամիջոցների փոխանցմամբ, Լեւոնը վերջին տուրում միավորն արագ կիսել է ուկրաինացի Պավել Էլյանովի հետ ու մամուլի կենտրոնում երկար ժամանակ բարձր տրամադրությամբ սպասել մյուս պարտիաների ավարտին:
Տալի հուշամրցաշարի ամփոփիչ մրցաշարային աղյուսակն այսպիսի տեսք ունի:
1-2. Լեւոն Արոնյան (Հայաստան), 5,5
Սերգեյ Կարյակին (Ռուսաստան
3. Շախրիյար Մամեդյարով (Ադրբեջան), 5,5
4. Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան), 5,0
5. Հիկարու Նակամուրա (ԱՄՆ), 5,0
6. Վան Հաո (Չինաստան), 5,0
7. Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան), 4,5
8. Բորիս Գելֆանդ (Իսրայել), 3,5
9. Ալեքսեյ Շիրով (Իսպանիա), 3,0
10. Պավել Էլյանով (Ուկրաինա) 2,5:
Այսօր նույն Մոսկվայում մեկնարկում է կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունը, որին Տալի հուշամրցաշարի մասնակիցներին միանում են եւս 10 ուժեղագույն գրոսմայստերներ:
Անդրիասյանը՝
ՌԴ գավաթի եզրափակչում
Հայաստանցի երիտասարդ գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը գերազանց է հանդես գալիս Բելգորոդում ընթացող շախմատի Ռուսաստանի գավաթի խաղարկությունում: Զավենը հանգստյան օրերին կայացած քառորդ եւ կիսաեզրափակիչ հանդիպումներում միեւնույն՝ 1,5:0,5 հաշվով պայքարից դուրս թողեց, համապատասխանաբար, Սանան Սյուգիրովին եւ Վլադիմիր Պոտկինին: Այսօր եւ վաղը 21-ամյա հայ շախմատիստը գլխավոր պարգեւը կվիճարկի գրոսմայստեր Արտյոմ Տիմոֆեեւի հետ: