Երեկ «Armenia Marriott»-ում համերգից առաջ լրագրողների հետ շփվեց հայտնի սերբ երաժիշտ Գորան Բրեգովիչը, ով գտնվում է այստեղ «Երեւանյան հեռանկարներ» 11-րդ երաժշտական փառատոնի շրջանակներում: Ասուլիսի ընթացքում Գ. Բրեգովիչը խոսեց սպասվող համերգի մասին, ինչպես նաեւ համբերատար պատասխանեց տեղական ԶԼՄ ներկայացուցիչների հղած հարցերին:
Լրագրողներին զարմացրեց, որ նա այլեւս կինոյի համար երաժշտություն չի գրում. «Ես չէի կարող իմ ողջ կյանքը նվիրել այդ գործունեությանը»,- ասաց նա եւ հավելեց, որ կինոյի երաժշտություն գրել է իր ընկերների համար: Երաժշտի ձեւակերպմամբ, երբ գրել է առաջին երաժշտությունը «Գնչուների ժամանակ» ֆիլմի համար, ինքն արդեն ռոք աստղ էր, իսկ ռոք աստղերը ֆիլմի համար երաժշտություն ընդհանրապես չեն գրում: Հարցին՝ ինչո՞ւ է իր նվագախումբը կոչվում «Հարսանիքի եւ թաղման», Գ. Բրեգովիչը այսպես պատասխանեց. «Գիտե՞ք, մեզ մոտ ավանդույթ կա, երբ հուղարկավորում են հանգուցյալին, հոգեհանգստի հաց են տալիս: Բանն այն է, որ երաժիշտները, որոնք նվագում են այս նվագախմբում, նախկինում մասնակցել են եւ հարսանիքների, եւ «հոգեհանգստյան հացերի», որտեղ, ի դեպ, բացի սգո երաժշտությունից, հնչում է նաեւ ուրախ երաժշտություն, այնպիսին, ինչպիսին ժամանակին սիրել է հանգուցյալը»:
Գ. Բրեգովիչը հայտնեց նաեւ, որ Երեւանում առաջին անգամ է եւ ծանոթ չէ հայկական երաժշտությանը: Հասցրել է լսել երկու ժողովրդական երգ ու հավանել է: Երաժիշտը կես կատակ-կես լուրջ ասաց, որ գուցե ոգեւորվի Հայաստանով ու ինչ-որ բան «գողանա» (նկատի ունի երաժշտությունը)՝ նոր երգի համար: Հարցին էլ՝ հասցրե՞լ է համտեսել հայկական կոնյակ, Բրեգովիչն ասաց, որ անպայման կհամտեսի: Հաջորդ հարցը վերաբերում էր համերգի «Ալկոհոլ» խորագրին: Երաժիշտը պարզաբանեց, որ իր հայրը գինեգործությամբ է զբաղվում, սակայն ինքը ժամանակ չունի այդ գործով զբաղվելու: