Ֆրանսիայի նոր կառավարությունը, որի կազմը հայտարարել է Ելիսեյան պալատի գլխավոր քարտուղար Կլոդ Գեյնոմը, էական ու սկզբունքային փոփոխությունների չի ենթարկվել, բայց անդամների թիվը կրճատվել է՝ 37-ից հասնելով 31-ի: Այդ մասին հաղորդում է ԼՁԸՀ-ՁԸհհ-ը: Նախագահ Նիկոլա Սարկոզին վարչապետի պաշտոնին է վերադարձրել Ֆրանսուա Ֆիյոնին (նկարում), որի հրաժարականը ընդունել էր նախօրեին: Արտգործնախարարի պաշտոնում Բեռնար Քուշներին կփոխարինի արդարադատության նախկին նախարար Միշել Ալիո-Մարին, Բորդոյի քաղաքապետ, երկրի նախկին վարչապետ Ալեն Ժյուպեն նշանակվել է պաշտպանության նախարար, պաշտոնից հեռացվել է աշխատանքի նախարարը: Ինչպես եւ խոստացել էր նախագահ Սարկոզին, նախարարների եւ պետքարտուղարների թիվը կրճատվել է, ընդ որում՝ որոշ նախարարների գործառույթները էականորեն ընդլայնվել են: Նիկոլա Սարկոզիի ասելով, այս կազմով Ֆրանսիայի կառավարությունը 2012թ. նախագահական ընտրությունների նախաշեմին ավելի դինամիկ կլինի եւ ավելի արդյունավետ կաշխատի:
Նոր կառավարության կազմում, ինչպես ԵՄ երկրների գերակշիռ մասում, պահպանվել են կանանց քվոտաները, կառավարության կազմում 11 կին կա, որոնցից 4-ին վստահվել են պետական կարեւորագույն պաշտոններ: Ինչպես նախկին, այնպես էլ կառավարության նոր կազմում ներկայացված են նաեւ այլ, այդ թվում՝ ընդդիմադիր Սոցիալիստական, կուսակցությունների անդամներ: