Բուլղարիան բնապահպանական հիմնախնդիրները նկատի ունենալով՝ հրաժարվել է Բուրգաս-Ալեքսանդրապոլ նավթամուղի նախագծից, որով նախատեսվում էր ռուսական նավթը Բուլղարիայի տարածքով հասցնել Թուրքիա: Reuters-ի մատուցմամբ, այս մասին հայտարարել է Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը (նկարում)՝ հավելելով, որ նախագծի դադարեցման մասին որոշումը վերջնական է:
Բուրգաս-Ալեքսանդրապոլ նավթամուղի շինարարության շուրջ պայմանագիրը Ռուսաստանն ու Բուլղարիան կնքել էին 2008թ. սկզբին: Բուլղարիայի նախկին կառավարությունը հայտարարել էր, թե 282 կմ-անոց նավթամուղի շինարարությունը կարժենա մեկ մլրդ դոլար եւ Բուլղարիայի համար ռազմավարական նշանակություն կունենա՝ Եվրոպայի համար ձեւավորելով էներգետիկ հանգույց: Բայց երկրի ներկայիս կառավարությունը չի հավատում նախագծի տնտեսական արդյունավետությանը, որովհետեւ նավթամուղով միայն ռուսական նավթ է փոխադրվելու:
Հիշեցնենք, որ Բուլղարիայի գործող վարչապետը նախկինում էլ հարցականի տակ էր առել նախագծի տնտեսական հիմնավորվածությունը՝ նկատի ունենալով շրջակա միջավայրի աղտոտումն ու դրա տնտեսական արդյունավետության վերաբերյալ առկա անորոշությունը: Նոյեմբերի 13-ին ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի Բուլղարիա կատարած այցի ժամանակ Բուլղարիայի ղեկավարը հայտարարել էր միայն նախագծի՝ տնտեսական տեսանկյունից վերանայելու որոշման մասին՝ ոչինչ չասելով դրա հնարավոր կասեցման վերաբերյալ: Բուլղարիայի իշխանությունները նավթամուղի ծրագիրը չեղյալ հայտարարելու մասին հայտարարել են միայն այդ երկրից Պուտինի մեկնումից հետո:
Ի դեպ, այցի ընթացքում Պուտինը իր բուլղարացի գործընկերոջ կողմից «Կարակաչանկա» անունով շուն է նվեր ստացել: