Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻՋԲՈՒՀԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱ

Նոյեմբեր 16,2010 00:00

Նոյեմբերի 13-ին Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտը հյուրընկալել էր ուսանողական միջբուհական օլիմպիադայի մասնակիցներին: Առաջին անգամ Վանաձորում էին արցախցի ուսանողները, ովքեր եկել էին մասնակցելու ֆիզմաթ եւ բնագիտական առարկաներից կազմակերպվող օլիմպիադային: Ուսանողներն իրենց գիտելիքները չափեցին ոչ միայն տեսությունից, այլեւ փորձարարական հմտություններ ու կարողություններ դրսեւորեցին: Արդյունքում՝ հաղթեցին բոլորը՝ տուն վերադառնալով մասնակցության վկայականներով: Անշուշտ, առանձնացան լավագույնները՝ ստանալով 1-ին, 2-րդ, 3-րդ կարգի դիպլոմներ: Արդյունքներն ամփոփելիս կազմակերպիչները եզրակացություններ կատարեցին, որոնք հաշվի կառնեն հետագայում: «Մեկ օրը քիչ է: Նման օլիմպիադաները պետք է անցկացվեն 2 օրով՝ 1 օրը տրամադրվի տեսության հարցերին, 2-րդ օրը՝ փորձերին»,- նկատեց ՎՊՄԻ պրոռեկտոր Վիլեն Քոչարյանը:
Արցախյան կրթական համակարգի հետ մանկավարժական ինստիտուտի համագործակցությունն ու բարեկամությունը խոր արմատներ ունի: 1988-ի դժվարին ժամանակաշրջանում արցախցի գործընկերներին եւ ուսանողներին սիրով հյուրընկալեցին Կիրովականի մանկավարժական ինստիտուտում: Վերջինը կարեւոր դերակատարում է ունեցել նաեւ Արցախի պետական համալսարանի կազմավորման գործում: Հին բարեկամությունը վերաթարմացվեց 2010-ին, երբ ամռանը Արցախ մեկնեց Վանաձորի մանկավարժական ինստիտուտի պատվիրակությունը՝ ռեկտոր Գուրգեն Խաչատրյանի ղեկավարությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել