Լրահոս
Օրվա լրահոսը

Ում են համարում լավ գիտնական-2

Նոյեմբեր 16,2010 00:00

Կամ պարզ ձեռնարկ՝ ոչ գիտնականների համար

Երեւի շատերը գիտեն սպորտի մեջ գոյություն ունեցող որակավորման արդյունքների մասին: Անկախ նրանից, թե քո հայրենիքում կամ ձեր գյուղում տվյալ մարզաձեւից ո՞ր տեղն ես գրավում՝ միջազգային մրցումների ժամանակ պետք է ցույց տաս նվազագույն արդյունք, որպեսզի քեզ թողնեն մասնակցել հիմնական մրցումներին: Օրինակ, Աթենքի Օլիմպիական խաղերի ժամանակ (2004թ.) կանանց թռիչք-բարձրություն մարզաձեւում որակավորումն անցած էին համարում 1մ 93սմ բարձրությունը հաղթահարած մարզուհիներին: Մինչեւ չցատկես այդ բարձրության վրա դրված ձողի վրայով՝ չես մասնակցի հիմնական մրցումներին: Ցավոք, մենք դեռ չունենք նման արդյունք ունեցող մարզուհիներ եւ բնականաբար օլիմպիադային չենք մասնակցում: Նմանատիպ որակավորում կա ծանրամարտում, որտեղ Հայաստանն ունեցել է եւ ունի հրաշալի ծանրորդների թիմ, որոնցով արդարացիորեն հպարտանում ենք: Սրանք հիրավի իրենց մասնագիտության մեջ «ակադեմիկոսներ» են, որովհետեւ ոչ միայն հաղթահարում են որակավորման շեմը, այլ ցույց են տալիս արդյունքներ, որոնք առաջնակարգ սպորտային նշանակություն ունեն: Այս օրինակների նմանությամբ էլ փորձելու եմ բացատրել գիտության մեջ գոյություն ունեցող որակավորման շեմը՝ թվերով:

Ամեն անգամ, երբ փորձում ես լուրջ խոսակցություն սկսել հայկական գիտության այսօրվա վիճակի մասին, հայտնվում է ինչ-որ «չճանաչված հանճար» եւ բարձրացնում տիեզերական աղմուկ՝ տարբեր թեմաներով: Օրինակ, որ ինքը հանճարեղ գիտնական է, մնացածը՝ հանցագործ: Որ քիչ էր մնում Նոբելյան մրցանակ ստանար, բայց խանգարեցին: Երբ փորձում ես գտնել նրա արած գիտական նվաճումները, պարզվում է՝ սովորական «պատվոգիր փախցնող» է եղել ամբողջ կյանքում: Լավագույն հրապարակված գործերը ոչ առաջնակարգ սովետական կամ ավելի վատ՝ հայկական գիտական ամսագրերում են: Եվ հղումների թիվն էլ ծիծաղելիորեն քիչ է: Չգիտես ինչու, այդ խեղկատակներով Հայաստանում զբաղվող չկա: Երեւի նրանք պետք են՝ դժվար պահերին լուրջ խոսակցությունը տիեզերական աղմուկով կոծկելու համար: Մեր ձեռնարկը ոչ գիտնականների համար է՝ բայց «չճանաչված հանճարներին» էլ պետք կգա:

Տեսնենք՝ կա՞, արդյոք, որեւէ համակարգ՝ հասկանալու համար, թե ինչպիսի նվազագույն թվային տվյալներ պետք է ունենա մարդ, որ իմաստ ունենա խոսել նրա «համաշխարհային գիտության մեջ ունեցած ներդրումից»:

Պարզվում է՝ կա այդպիսի համակարգ, եւ կազմակերպված գիտություն ունեցող երկրներում դա կիրառվում է՝ բնական գիտությունների համար: Հումանիտար գիտություններում նմանատիպ մոտեցումները, ըստ երկրի կամ ըստ շարադրման լեզվի, խիստ տարբերակման կարիք ունեն եւ պետք է կիրառվեն մեծ վերապահումներով: Նորից անդրադառնանք «Thomson Reuters» գործակալությանը եւ օգտվենք նրանց սահմանումներից եւ տվյալներից: Գիտնականի կատարած աշխատանքները բնութագրում են հիմնական երեք պարամետրով՝ տպագրված աշխատանքների թիվը, նրանց վրա եղած հղումները եւ, այսպես կոչված, h-idex–ը: Առաջին երկու պարամետրերը պարզ են: Սահմանելու կարիք ունի երրորդը: Օգտվենք բերված աղյուսակից:

Օրինակ, հոծ միջավայրերի ֆիզիկայի մասնագետ Ս.Կ.Դ.-ի h-idex-ը հավասար է 39-ի: Դա նշանակում է, որ նրա 628 տպագրված հոդվածներից 39-ը ունի 39 եւ ավելի հղումներ: Սա մի պարամետր է, որը նկարագրում է այն փաստը, թե տվյալ հեղինակը ունի առնվազն 39 հետաքրքիր աշխատանք: Ասեմ, որ տվյալ հեղինակի աշխատանքների այս խումբը ունի 39-ից մինչեւ 270 հղում ունեցող հոդվածներ, այսինքն՝ սրանց մեջ էլ կան տարբեր հետաքրքրության աստիճան ունեցող հոդվածներ: Ընդունված է համարել, որ հեղինակի h-idex-ը պետք է լինի ավելի բարձր, քան 20-ը, որից հետո նոր համարվում է, որ այս հեղինակը մտնում է բարձր հղումներ ունեցողների խմբի մեջ: Ինչպես տեսնում եք, տարբեր գիտական ուղղությունների համար վերցրել եմ այնպիսի երկրների ներկայացուցիչների, որոնք գիտության ասպարեզում չեն համարվում գերտերություններ: Օրինակ, ֆիզիկոս Է. Վիտտենի եւ բիոֆիզիկոս Մ. Կարպլուսի (երկուսն էլ ԱՄՆ-ից են) աշխատանքների վրա հղումների թիվը մոտենում է 100 հազարի եւ նրանք մեր դեպքում չափանիշ չեն: Բայց ինչն է հետաքրքիր՝ ինչքան էլ չարչարվեցի, չկարողացա տեղեկություն ստանալ նրանց ակադեմիկոս լինելու մասին: Մարդիկ ուղղակի ստորագրում են պրոֆեսոր եւ վերջ: Գիտության մեջ, ինչպես լուրջ սպորտային մրցումների ժամանակ, կա որակավորման, այն է՝ կվալիֆիկացիայի շեմ: Դա h-idex-ի 20-ից ավելի լինելն է: Սա իր հետ բերում է մի քանի պարզ «շեմային» թիվ: Օրինակ, որպեսզի ասենք, որ հեղինակը ունի 21 (այսինքն՝ 20-ից ավելի) հետաքրքիր աշխատանք, նա ընդհանրապես գոնե այդքան աշխատանք պետք է ունենա վարկանիշ (իմպակտ ֆակտոր) ունեցող ամսագրերում: Կասեք՝ այս վերջին պարզագույն պնդումն ավելորդ է:

Չգիտեմ, ՀՀ ԳԱԱ ընտրությունների ժամանակ ամեն ինչ էլ հնարավոր է: Աչքը տեսածից է վախենում: Իհարկե, կան այնպիսի հազվադեպ դեպքեր, երբ գիտնականը համաշխարհային գիտության մեջ մեծ ներդրում է ունենում մեկ հոդվածով, ինչպես, օրինակ, ռուսաստանցի մաթեմատիկոս Գրիգորի Պերելմանը: Ինչքան տաղանդավոր, այնքան էլ տարօրինակ մի մարդ, որին ստիպելով էլ չես կարող ընդունել որեւէ ակադեմիա: Նա նույնիսկ իր աշխատանքները չի տպագրում ամսագրերում՝ ուղղակի դնում է ինտերնետային բաց կայքում եւ, բնականաբար, ֆորմալ պարամետրով այս մարդուն չես բնութագրի: Բայց քանի որ բոլոր ինֆորմացիոն աղբյուրները, այդ թվում՝ գիտական, հեղեղված են Պերելմանի մասին լուրերով, մենք էլ ընդունենք, որ նա հանճար է: Ինչեւէ, զինվելով այս պարզագույն թվերով, որոնք համարվում են նվազագույն որակավորման շեմ, որից հետո մասնագետները (ոչ թե մենք) կարող են որոշել, թե համաշխարհային գիտության մեջ ի՞նչ ավանդ ունի տվյալ գիտնականը՝ սպասենք ՀՀ ԳԱԱ ընտրությունների արդյունքներին:

ՍԱՍՈՒՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Նախկին Երեւանի ֆիզիկայի ինստիտուտի աշխատակից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930