Դպրոց գնալ դատա՞րկ, թե՞ դասագրքերով ծանրաբեռնված պայուսակներով
Հաճախ կարելի է ականատես լինել, թե ինչպիսի դժվարությամբ են դպրոցականները քարշ տալիս իրենց պայուսակները: Աշակերտների մեծամասնությունը չի ցանկանում օրվա բոլոր առարկաների գրքերն իր հետ դպրոց տանել: «Առավոտի» զրույցը մի շարք դպրոցների ծնողների եւ տարբեր դասարանների երեխաների հետ՝ պարզեց, որ այսօր դպրոցական պայուսակները դարձել են պատուհաս նրանց գլխին: 4-րդ դասարանցի Արմենը սովորում է թիվ 20 դպրոցում, նա կշռել է իր դպրոցական պայուսակը՝ 5,5 կիլոգրամ: Մեզ հետ զրույցում Արմենն ասաց. «Պայուսակս այնքան ծանր է, որ մինչեւ դպրոց եմ հասնում՝ այդ օրվա բոլոր անգիրները գլխիցս թռնում են»: Թիվ 36 դպրոցի ծնող Արփինե Հովսեփյանն էլ պատմեց, թե մի անգամ ինչ պատմության մեջ են ընկել. «Դուստրս սովորում է 8-րդ դասարանում: Մի քանի շաբաթ առաջ սկսեց մեջքի սուր ծակոցներ ունենալ, ինձ թվաց, թե մրսել է: Ասում էի տաք հագնվիր, կանցնի: Սակայն նրա վիճակն օր օրի վատթարացավ: Բժշկի այցելեցինք, ասաց, որ երեխան ծանր իր է բարձրացրել, դրանից էլ մեջքի հետ կապված խնդիրներ ունի: Ախր աղջիկս նույնիսկ տան գործ չի անում, չգիտեինք, թե այդ ինչ իր պիտի բարձրացրած լիներ: Հետո հիշեցի, որ անընդհատ բողոքում էր պայուսակի ծանրությունից: Կշռեցինք՝ 7,5 կիլոգրամ էր»:
Դպրոցական պայուսակների ծանրության մասին ծնողական քննարկում էր ծավալվել նաեւ armedu.am կայքի ֆորումներից մեկում: Ծնողները բարձրացնում են հետեւյալ հարցը. «Արժե մի պահ կանգ առնել ու խորհել, արդյո՞ք երեխաների ֆիզիկական առողջության հաշվին ձեռք բերված գիտելիքները մեզ պետք են»: Ծնողները նկատում են. «Արդյունքում աշակերտական պայուսակի փոխարեն ստացվում է մի ծանր պարկ, որն աշակերտը ստիպված շալակած ամեն օր կրում է դպրոց, ապա տուն: Այս ֆոնի վրա, արդեն բոլորովին զարմանալի չէ, թե ինչու բարձր դասարաններում հատկապես տղա աշակերտները պայուսակ չեն բռնում»: Ծնողների ինտերնետային հետաքննությունը բացահայտել է, որ դպրոցական պայուսակի քաշը չպետք է գերազանցի աշակերտի քաշի 10%-ը, ինչը 5-րդ դասարանի աշակերտի դեպքում միջին հաշվարկներով տատանվում է 3-3,5 կգ-ի սահմանում:
Ծնողները բարձրացնում են նաեւ այն հարցը, թե ով է պատասխանատու նշված իրավիճակի համար. «Միայն պատկերացնել կարելի է, թե ինչ բարդույթներ ձեռք կբերի ծռմռված ողնաշարով դեռահասը, կամ թեկուզ եւ այն, որ նա չի կարողանա ծառայել բանակում…»:
«Առավոտը» նշված խնդիրների մասին զրուցեց օրթոպեդ-վնասվածքաբան Արա Անթառանյանի հետ: Նա նշեց. «Համաձայն եմ, որ դպրոցական պայուսակները ծանր են, բայց դրանք չեն կարող դառնալ սկոլյոզի առաջացման պատճառ: Դպրոցական պայուսակների ծանրությունը կարող է բերել հոգնածության ցավերի, որոնք կարող են լինել տարբեր տեւողության: Բայց այստեղ էլ կա «թակարդային» իրավիճակ. եթե այդ ցավերը տեւում են մեկ շաբաթից ավելի, պետք չէ վերագրել զուտ պայուսակի ծանրությանը, պետք է ուղղակի դիմել բժշկի»: Պարոն Անթառանյանը ծնողներին խորհուրդ է տալիս դպրոցական պայուսակ գնելիս ընտրել երկթեւանիները, այնպիսիները, որոնք համեմատաբար թեթեւ քաշ ունեն: Մասնագետը նշեց, որ այս պահի դրությամբ ՀՀ-ում որեւէ ուսումնասիրություն չկա, որը կպարզի, թե որ դասարանում քանի կիլոգրամանոց պայուսակ պետք է բռնել: Պարոն Անթառանյանը նշեց, որ, օրինակ՝ Ֆրանսիայում դպրոցական պայուսակները բեռնաթափելու համար առաջարկել են մեկ դասագիրքը տպագրել երեք առանձին գրքերով: Դառնալով ծնողների այն առաջարկին, որ լավ կլիներ նույն դասագրքից տպագրվեր աշակերտի եւ դպրոցի համար, որպեսզի աշակերտը դասագրքերը չտանի դպրոց, պարոն Անթառանյանն ասաց. «Հայտարարենք, որ պետությունը պիտի բոլոր դասագրքերը գնի, բայց ի՞նչ միջոցներով: Կամ եթե դա ծնողի վրա դնենք, հերթական ծանր դիլեմայի առաջ ենք կանգնելու: Գուցե ծնողները դա անեն հ/կ-ների՞ միջոցով»: