Երեկ Նկարիչների միությունում բացվեց «Մարմին. նոր պատկերային արվեստ» խորագրով գեղանկարների, լուսանկարների, քանդակների խմբակային ցուցահանդեսը: Ըստ նկարիչ Արարատ Սարգսյանի, ցուցահանդեսը նպատակային է. «Հասարակության մեջ խնդիր կա լուսանկարում կամ գեղանկարում մերկ մարմին տեսնելու: Անցյալում նկարիչներին արգելված էր մերկ մարմին պատկերելը: Այս ցուցահանդեսով նպատակ ունենք եղած տաբուները քանդել: Ներկայացված են ավագ սերնդի աշխատանքներից մինչեւ երիտասարդ ժամանակակիցները»:
Ցուցահանդեսի ամենաերիտասարդ մասնակիցը՝ 27-ամյա Սվետլանա Անտոնյանը ներկայացել էր կնոջ մերկ մարմինը պատկերող լուսանկարներով: «Կնոջ մերկ մարմնի միջոցով ցուցադրում եմ մարմնի եւ հոգու պարը: Ցանկանում եմ իմ մարմնի միջոցով ցույց տալ իմ հոգու վիճակը»: Սվետլանան կամ, ինչպես արվեստագետներն են նրան անվանում՝ Օկեանը, գտնում է, որ մարդիկ դեռ պատրաստ չեն մերկ մարմին տեսնելիս էրոտիկ մտքերով չտարվել. «Իմ լուսանկարներով ես փորձում եմ այդ բարդույթը հաղթահարել, որ մարդ լուսանկարի մեջ մերկ մարմին տեսնելիս չմտածի էրոտիկայի մասին: Ասում են՝ սա Հայաստանի համար չի, բայց արդեն ժամանակն է»: