Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄԵՆՔ ԸՆԴԱՄԵՆԸ ՔԱՐՀԱՏՆԵՐ ԵՆՔ, ԻՍԿ ՃԱՆԱՊԱՐՀՆ ՈՒՐԻՇՆ Է ԳՑՈՒՄ

Նոյեմբեր 16,2010 00:00

\"\"Հարցազրույց գրող, քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանի հետ

– Անգամ անազատության մեջ հոգեւոր-մշակութային կարողությունների բացառիկ, եթե չասենք՝ եզակի դրսեւորումներ ցուցաբերած մեր ժողովուրդը վերջին շրջանում ասես տեսակափոխ եղած լինի: Որտե՞ղ է թաղված շան գլուխը:
– Շան գլուխը գտնելու համար հարկավոր է իմանալ, որ մեր ժողովրդի տեսակափոխ լինելու գործընթացը ոչ թե հիմա է սկսվում, այլ ստարտը տրվել է շատ-շատ վաղուց: Այդ շեղումից սկսած՝ մենք սկսել ենք կաշկանդել մեր իսկ զարգացումը: Եթե ուշադիր լինենք, ապա կտեսնենք, որ բոլոր պատմական հայորդիները (չնչին բացառությամբ), ովքեր ձեր ասած հոգեւոր-մշակութային բացառիկ դրսեւորումներն են ունեցել՝ հալածվել են իրենց ժամանակների հայ իշխանավորների կողմից (հիմնականում՝ կրոնական): Գտնվելով օտար տիրապետողների ներքո, հայերիս միշտ թվացել է, թե մեզանում նկատվող բացասական երեւույթները գալիս են տիրապետողներից: Խորհրդային ժամանակներում, օրինակ, հայերը կարծում էին, թե իրենց դժվարությունների մեղավորը ռուսներն են, վստահ էին, որ եթե նրանք հեռանան, մեր կյանքը կկարգավորվի: Ժամանակը ցույց տվեց, որ այդպես չէ:
– Հայկական հասարակական- քաղաքական զինանոցի առկա պաշարներով ինչքա՞ն ժամանակ կպահանջվի ուշքի գալու համար:
– Եթե խոսքը վերաբերում է հրապարակում եղածին՝ ապա մի ողջ հավերժություն: Դեռ Նժդեհն էր դժգոհում, որ հայ միտքը սովոր է մակերեսային վերլուծությունների: Հայ միտքը դեռ չի տվել հետեւյալ հարցերի պատասխանները՝ ինչ հիվանդությամբ է տառապում հայ հանրությունը, երբ է հիվանդացել, ինչպիսին է եղել առողջ ժամանակ: Չունենալով այս հարցերի պատասխանները (ավելացնենք՝ նաեւ ժողովրդի տարիքը չիմանալով)՝ հայ միտքը չի կարող գտնել ուշքի գալու եղանակը: Դեռ 2006-ին եմ հեռուստաեթերով ասել, որ մեր բոլոր կուսակցությունները, առաջնորդները, կուռքերն ու հանրային կառույցները բարոյապես մեռնելու են: Ինչը որ տեսնում ենք այսօր: Ես մարգարե չեմ, պարզապես ունեցել եմ հանրության հիվանդության ախտորոշման ուրվագիծը, հետեւել եմ հասարակական-քաղաքական գործիչների կողմից առաջարկվող լուծումներին ու համադրելով՝ եզրակացրել, որ այդ լուծումները չեն բուժի մեր հանրության հիվանդությունը: Նման դեպքում լուծում առաջարկողը, որպես կանոն, հեղինակազրկվում է:
– Ճանապարհներ ցույց տալու գծով համարյա մասնագետ եք, ինչո՞ւ ելք չեք որոնում հեռուստալսարանին վերադարձնելու միշտ պահանջված Ձեր հաղորդաշարերից գեթ մեկը, ասենք՝ նույն «Ճանապարհը»:
– Էզոթերիկ ոլորտում կա այսպիսի մի արտահայտություն՝ «Մենք ընդամենը քարհատներ ենք, իսկ Ճանապարհն Ուրիշն է գցում»: Նույնը վերաբերում է նաեւ իմ «ճանապարհին»: Ասեմ, որ վեց հաղորդաշարերից, որոնք վարել եմ, ոչ մեկն իմ նախաձեռնությամբ չի բացվել: Այլ՝ Ուրիշի: Փակվելը՝ նույնպես: Կան հարցեր, մտքեր, մոտեցումներ, որոնք հրապարակայնացնել չի կարելի: Հենց հասնում եմ այդ պահին՝ հաղորդաշարը փակվում է: Իսկ հիմա այն, ինչ կա իմ մտքին, լայն լսարանի համար չէ: Ձեր հարցերին պատասխանելիս եւս ծանրութեթեւ եմ անում՝ չասելու համար այն, ինչը չի կարելի ասել: Հիմա հիմնականում քաղաքական ակումբային շրջանակներում եմ գործում, ուր համապատասխան մասնագետների հետ փորձում ենք գտնել վերը նշված հարցերի պատասխանները: Ասեմ, որ բավականին առաջընթաց կա:
– Հրապարակախոսության մեջ Դուք ընդգծված ազգային ուղղորդում ունեք, մինչդեռ գեղարվեստական ժանրի Ձեր հերոսները, որպես կանոն, հայեր չեն: Ի՞նչ փնտրել այս հակասության ներքո:
– Նախ ասեմ, որ առաջին վեպս Տիգրան Մեծին էր նվիրված լինելու: Մեկ տարուց ավելի աշխատել էի ձեռագրի վրա, սյուժեն գրեթե պատրաստ էր: Պարզելու համար, թե ինչպես հռոմեացիք կարողացան հաղթել մեզ՝ սկսեցի ուսումնասիրել նրանց քաղաքակրթությունը: Ու հմայվեցի: Հմայությունս տեւեց տասնհինգ տարի, որի արդյունքում ծնվեցին «Հուլիոս Կեսար»-ը, «Ալեքսանդր՝ որդի Ամոնի»-ն, «Կալիգուլա»-ն: Վերջին երկուսում քննարկվել են մեր հանրությանը հուզող խնդիրները, սակայն հունահռոմեական քողի տակ: «Մեգիրա» էզոթերիկ-գեղարվեստական վիպակում արդեն սյուժեն զարգանում է մեր ազգի հիմնախնդիրների շուրջ: Ներկայում աշխատում եմ «Թագավոր Պապ կամ մայրամուտից առաջ» վեպի վրա, որում փորձ է արվելու ցույց տալ, թե որտեղ է թաղված շան գլուխը եւ թե ինչ է պետք անել ուշքի գալու համար:  Ես բավականին ուշացումով հասկացա, թե ինչու ժամանակին ինձ «թույլ չտրվեց» գրել «Տիգրան Մեծը». հայկական համակարգը շատ ավելի բարդ ու վեր է հունահռոմեականից, այն ընկալելու, քննարկելու, ներկայացնելու համար իմաստնացման որոշակի ճանապարհ էր հարկավոր անցնել: Ինչ վերաբերում է հակասությանը, ապա ասեմ, որ սկզբնական շրջանում իմ հրապարակումները վերլուծական-ախտորոշումային էին, բայց երբ էզոթերիկ-գեղարվեստական հարթությունում ուրվագծվեցին ստեղծված կացությունից ելքերը, այդ պահից սկսած իմ հրապարակումները ստացան ընդգծված ազգային ուղղորդում: Դա ամենեւին իմ ցանկությամբ կամ նախասիրությամբ չի պայմանավորված, այլ հանրության հիվանդության ախտորոշումով: Այդ հիվանդությունը ես պայմանականորեն կոչում եմ հանրային մտածողական քաղցկեղ: Դեղը որոշում է ոչ թե բժիշկը, այլ հիվանդությունը: Եվ մեր հանրային հիվանդությունը բուժել անհնարին է առանց ուլտրաազգայնականության (ժամանակավոր, մինչեւ դուրս գանք ճահճից): Կրկնում եմ՝ սա իմ նախասիրությամբ չի պայմանավորված, այլ հիվանդության բնույթով: Ուլտրաազգայնականությանը պիտի խառնվի սոցիալականությունը: Ակնկալում եմ, որ իմ ասածները շատերի կողմից սվիններով կընդունվեն: Դա սպասելի է: Երբ տասնչորս տարի առաջ ասում էի, որ ընտրություններով հնարավոր չէ իշխանություն փոխել, որ նախագահ փոխելով ոչինչ չի փոխվի՝ քարեր էին «նետում» վրաս: Հիմա դա գիտեն բոլորը: Մի որոշ ժամանակ անց, երբ կհամոզվեն մյուս «իզմերի» անզորության մեջ, կընդունեն, որ ելքը սոցիալ-ազգայնականությունն է: Եթե ուշ չի լինի, իհարկե:
– Վերջին անգամ ո՞վ է շարժել Ձեր նախանձը, կամ՝ ո՞ւմ հետ եք մտովի փոխատեղվել:
– Ես որոնում եմ շաղված հանրությանը վեր խոյացնելու հնարը, եւ այդ առումով ինձ ապշեցրել է տասնիններորդ դարավերջի գերմանական էլիտան: Եվ հետո, ուղղակի ցնցված եմ 1923-38 թվականների Հիտլերով: Ես նրան համընդհանուր առումով գնահատելու խնդիր չունեմ, ես երեւույթին նայում եմ սոսկ հանրությանը վերափոխելու տեսանկյունից: Շատ բան հրապարակայնորեն ասել չեմ կարող, բայց ինչ-ինչ եղանակներով պարզել եմ, թե ով էր նա իրականում: Նրա այդ մի եսը անհայտ է մարդկությանը (մարդկության խիստ գերակշիռ մասին): Այս նախադասությունը համարենք որպես կցկտուր պատասխան փոխատեղվելու վերաբերյալ հարցադրմանը:
– Ի՞նչ նկատի ուներ Դոստոեւսկին, երբ խոսում էր գեղեցիկի աշխարհափրկիչ առաքելության մասին …
– Եթե գեղեցիկ ասելով հասկանանք ներդաշնակը, իսկ տգեղ ասելով՝ աններդաշնակը, ապա ամեն ինչ պարզ ու հասկանալի կդառնա: Եթե լինեն ներդաշնակ մարդկային հոգիներ, ներդաշնակ միջանձնային, հասարակական, ազգամիջյան, միջպետական հարաբերություններ, ապա աշխարհը փրկված կլինի: Այդպիսի վիճակ, ասեմ, որ աշխարհն ունեցել է. դա եղել է, երբ հայերը համարվում էին աշխարհի արիստոկրատիան: Այդպիսի վիճակ առաջիկայում էլ է լինելու, ու կրկին հայերի շնորհիվ: Այդ եւ չասված այլ բաների մասին կխոսվի «Թագավոր Պապ կամ մայրամուտից առաջ» վեպում:
– Որքանո՞վ են նույնական կրոնն ու հավատքը:
– Այդ խնդիրն առանձնակի չեմ ուսումնասիրել եւ փորձագետի մակարդակի գիտելիքներ չունեմ: Կարող եմ ասել հետեւյալը՝ հավատքը ձեւավորվում է բնության հետ անմիջական շփումից, տիեզերաճանաչողության պրոցեսի ընթացքում: Այն միջնորդավորված չէ: Կրոնները մարդածին են, քաղաքական նպատակներով հիմնական հավատքից առանձնացվում են որոշ սպեկտրներ եւ որոշակի խնդիրներ լուծելու նպատակով հրամցվում մարդկության այս կամ այն հատվածին: Դրա համար էլ կրոնները, որպես կանոն, հաստատվում են սրով ու սրով էլ պահվում: Կամ էլ՝ մեռնում են բարոյապես:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել