Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Տվել են, չեն կարողանում ետ վերցնել

Նոյեմբեր 16,2010 00:00

\"\"Տավուշի մարզի Իջեւանի տարածաշրջանի Ազատամուտ համայնքի ղեկավար Ժորա Մարտիրոսյանը (նկարում) 2009թ. մայիսի 7-ին գրությամբ դիմել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանին եւ հայտնել, որ  Ազատամուտ համայնքի ֆիզիկական եւ իրավաբանական անձանց գույքահարկի վերաբերյալ գործառույթները կատարել է Իջեւանի համայնքների միությունը, որ այսուհետեւ համայնքը պատրաստակամ է ինքնուրույն կատարել գույքահարկի հաշվառման եւ հաշվարկման գործը: Համայնքապետը տեղեկացրել է, որ Իջեւանի համայնքների միությունը համաձայն է դրան: Ժորա Մարտիրոսյանը դիմումին կից ներկայացրել է Իջեւանի համայնքների միության գործադիր տնօրեն Գառնիկ Ղալումյանի գրավոր համաձայնության եւ համայնքի ավագանու համապատասխան որոշման պատճենները: Անցյալ տարվա հունիսի 8-ին ստացվել է ՊԵԿ նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանի պատասխանը: Նա նշել է, որ այդ հարցը քննարկվել է Պետական եկամուտների կոմիտեում եւ մերժվել՝ «հաշվի առնելով խոշոր կառույցների բաժանման գործընթացի նախադեպային լինելը եւ ավտոմատացված համակարգի վարման առումով բացասական հետեւանքները, գույքահարկի եւ հողի հարկի բնագավառում ներկայումս նախատեսվող լայնածավալ օրենսդրական փոփոխություններն (գալիք երկու տարիների ընթացքում անշարժ գույքի միասնական հարկի եւ փոխադրամիջոցների գույքահարկի ներդրում) ու դրանց ավտոմատացման եւ ներդրման հարցերը, ՀՀ պետական եկամուտների կոմիտեն մեկ անգամ եւս հայտնում է, որ նպատակահարմար չէ ավտոմատացված տեղեկատվական համակարգի լոկալացումը (մանրացումը) եւ խոշոր կառույցներից գյուղական համայնքների առանձնանալը»: Արմեն Ալավերդյանը նաեւ հայտնել է, որ ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարը խոշոր կառույցներից գյուղական համայնքների առանձնանալու աննպատակահարմարության հարցը քննարկելու համար հանձնարարական է տվել ՀՀ մարզպետներին: Արմեն Ալավերդյանի պատասխանից տպավորությունն այնպիսին է, որ հարցը չի ուսումնասիրվել: Նախ՝ Ազատամուտ համայնքի ղեկավարի խնդրանքը վերաբերում է միայն գույքահարկին, որովհետեւ նախկինում քաղաքատիպ ավան համարվող Ազատամուտը հող չունի, որ հողի հարկ հավաքագրվի. 1968թ. բնակավայրը հիմնվել է հարեւան Դիտավան գյուղերի հողերի վրա: Սակայն ՊԵԿ նախագահի տեղակալը կարծես չի նկատել «այդ մանրուքը»՝ գույքահարկի խնդրին խառնելով նաեւ հողի հարկը: Սակայն դա չէ կարեւորը, այլ այն, որ կառավարությունը տեղական ինքնակառավարման մարմնին չի թույլատրում կատարել օրենսդրությամբ համայնքապետարանին վերապահված գործառույթները: Ու ստացվում է, որ ՏԻՄ-երի ձեւավորումից 14 տարի անց էլ դրանք շարունակում են մնալ գործադիրի «շուքին ներքո»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել