Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՍՅՈՒՆԻՔՈՒՄ 8 ՀԱՄԱՅՆՔ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՊԱՐՏՔ ՈՒՆԻ

Նոյեմբեր 16,2010 00:00

\"\"Սյունիքի մարզում կան համայնքներ, որտեղ նախորդ տարիներին չվճարված աշխատավարձերի պատճառով խոշոր պարտքեր են կուտակվել, եւ համայնքների գործող ղեկավարները պետք է մարեն ժառանգած պարտավորությունները:

Սիսիանի տարածաշրջանի Ույծ գյուղն ամենախոշոր պարտքն ունի: Ներկայիս գյուղապետ Արտակ Ավետյանը ընտրվել է 2008 թվականին, երբ նախորդ  գյուղապետի թողած աշխատավարձերի եւ սոցվճարների ընդհանուր պարտքը 34 միլիոն դրամ էր: Պաշտոնավարման 2 տարիներին Ույծի գյուղապետը, իր ասելով, հողի հարկերից հավաքած գումարներով եւ հաստիքներ կրճատելով մեծ դժվարությամբ կարողացել է մոտ 6-7 միլիոն դրամ պարտք մարել: «Մեզ մոտ այս խնդիրը շատ լուրջ է: Նախկինից գոյացած պարտքերի պատճառով չենք կարողանում գյուղում մի ծրագիր իրականացնել: Հազիվ հասցնում ենք ընթացիկ աշխատավարձերը տալ ու պարտքերը մարել: Ամեն ինչ անում ենք պարտքերը քչացնելու համար, 2 տարում մոտ 20-25%-ը մարել ենք, դա մեծ գումար է մեզ համար»,- ասում է Ույծի գյուղապետ  Արտակ Ավետյանը: Այս գյուղում մոտ 600 բնակիչ է ապրում՝ զբաղվում են հիմնականում հողագործությամբ ու անասնապահությամբ:
Աշխատավարձերի պարտքեր կան նաեւ Մեղրի քաղաքում՝ Մեղրու գործող քաղաքապետ Սերգեյ Հայրապետյանը նախկինից մոտ 21 միլիոն դրամ աշխատավարձի ու սոցվճարների ընդհանուր պարտք ունի, ընթացիկ տարում էլ նոր պարտքեր են ավելացել: Սերգեյ Հայրապետյանի փոխանցմամբ՝ 7 միլիոն դրամի աշխատավարձի պարտք է առաջացել այս տարի, որից 3,1 միլիոնը արդեն մարվել է, իսկ մնացածը  մինչեւ տարեվերջ կմարեն: «Նախկին պարտքից 12 միլիոն դրամ է մնում, 9 միլիոնը մարել ենք այս տարի՝ դրույքաչափերի ցածրացման, հաստիքների կրճատման եւ 7 միլիոն պետական դոտացիան ամբողջությամբ աշխատավարձի պարտքի մարմանը տրամադրման արդյունքում: Իսկ որտեղի՞ց են հիմնականում պարտքեր առաջացել: Ոսկու կորզման ֆաբրիկա էր գործում մեզ մոտ, որը ստանձնել էր Մեղրու մանկապարտեզի հովանավորությունը եւ տարեկան 18 միլիոն դրամ էր տալիս: 2008 թվականի հունիսից ֆաբրիկան դադարեց գործել, ուստի եւ վճարումներ չեն կատարվել: Կրճատումներ արեցինք հաստիքներում, դրույքաչափերը նվազեցրինք, մանկապարտեզի ծախսերը հասցրինք 15 միլիոն դրամի, որն արդեն համայնքի բյուջեից է տրամադրվում»,- տեղեկացնում է Սերգեյ Հայրապետյանը:
Պարտքերի խնդիրը շատ ավելի լուրջ է Տաշտուն գյուղում: 2008 թվականի նոյեմբերի 13-ից գյուղապետ Հենրիկ Գաբրիելյանը չի պատրաստվում մարել իր նախորդի կուտակած պարտքերը, նշելով, որ աշխատավարձի պարտքերը առաջացել են ֆինանսական խախտումների արդյունքում: «1,2 միլիոն դրամ աշխատավարձի պարտք կար նախկին գյուղապետից: Բավականին խախտումներ ու սխալ հաշվարկներ են եղել նախկինում: Աշխատավարձի հիմնական պարտքերը գոյացել են դրանցից: Վերահաշվարկի ժամանակ պարզեցինք, որ բյուջեում միանգամից սղաճ է գրանցվել, այնուհետեւ գերաճ է արձանագրվել: Առանց ավագանու որոշման աշխատատեղ է կրճատվել, այնուհետեւ նոր հաստիք են ավելացրել, եւ դրանից բավականին լուրջ ֆինանսական պարտքեր են գոյացել: Ես իրավահաջորդն եմ նախկին գյուղապետի, բայց ես չեմ ցանկանում լինել հաջորդ ֆինանսական խախտում կատարողը: Արձանագրությունների մատյան չկա, իրավաբանորեն  վճարման ոչ մի հիմք չունեմ, ես ոչ թե խուսափում եմ այդ պարտքերից, այլ ասում եմ՝ ինձ գրավոր հիմք տվեք եւ միանշանակ կմարեմ պարտքը: Մարզպետարան եմ դիմել, մարզպետարանի արխիվում էլ որեւէ փաստաթուղթ չենք գտել սրա վերաբերյալ: Նույնիսկ ՀՀ արդարադատության նախարարության եմ դիմել, որ իմանամ 2008թ. հունվարից մինչեւ նոյեմբեր ընկած ժամանակահատվածում ինչ նորմատիվներ են եղել: Սպասում եմ պատասխան նամակին, երբ  գրավոր հիմք ունենամ՝ ես կսկսեմ պարտքերը մարել: Իսկ հիմա շատ լարված իրավիճակ է, աշխատավարձեր չստացածներն ինձ են սխալ համարում ու ասում են՝ դատի կտան: Ես չեմ խուսափում, քանի որ ես ամենանվազագույն մեղքն ունեմ այս խնդրում, երբ  իրավական հիմք լինի, այն ժամանակ էլ առանց վարանելու կանցնեմ չվճարված աշխատավարձերի վճարմանը»,-«Առավոտին» ասաց Տաշտունի գյուղապետ Հենրիկ Գաբրիելյանը: Նաեւ հավելեց, որ իր ղեկավարման ժամանակ աշխատավարձերի պարտքեր չեն առաջացել:
Նախորդ տարիներից աշխատավարձի գծով պարտքեր ունեն նաեւ Արավուս, Բարձրավան, Հալիձոր, Հարթաշեն, Սվարանց գյուղերը:

Նախկին գյուղապետերից ստացած պարտքերի ձեռքը կրակն ընկած համայնքապետերը անկուսակցական են, իսկ վերջին հինգ գյուղերի ղեկավարները իշխող Հանրապետական կուսակցությունից են եւ գյուղապետ են աշխատում արդեն 3-րդ կամ 5-րդ անգամ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել