Լրահոս
Օրվա լրահոսը

Վենդետա՝ օրը ցերեկով, մեկ տարին չլրացած

Նոյեմբեր 16,2010 00:00

\"\"
«Գժոյանների Արտակը»:

Նոյեմբերի 14-ին, ժամը 15-ի սահմաններում, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Կենտրոնի բաժնին տեղեկացրել են, որ պարանոցի եւ մարմնի տարբեր մասերում կտրած-ծակած վնասվածքներով, Զավարյան 49/1 հասցեից իրենց մոտ են տեղափոխել թիվ 2 վարժարանի 9-րդ դասարանի աշակերտ՝ 13-ամյա Սարգիս Դավիթի Վարդիկյանին: Երեխան, գիտակցության չգալով, մահացել է:
Ոստիկանության Կենտրոնի բաժնի աշխատակիցները շտապ մեկնել են դեպքի վայր, որտեղ հայտնաբերել են արյան հետքեր, հայտնաբերվել է նաեւ այն տաքսի ավտոմեքենան, որով Սարգիս Վարդիկյանը տեղափոխվել էր բժշկական կենտրոն:
Նույն օրը ոստիկանության Կենտրոնի բաժնի պետի գլխավորությամբ ստեղծվել է օպերատիվ քննչական խումբ: Իրավապահները կարողացել են պարզել, որ 13-ամյա Սարգսին դանակի մի քանի հարվածներ է հասցրել Արտակ Մելքոնյանը, ով հանրությանը հայտնի է «Գժոյանների Արտակ» մականունով: Մեզ հետ զրույցի ժամանակ հարեւանները, որոնք չցանկացան ներկայանալ, պատմեցին, որ երեխան իրենց բակում լվանալիս է եղել հոր տաքսի ավտոմեքենան: Այդ ժամանակ նրան է մոտեցել 38-ամյա Արտակ Սոսի Մելքոնյանը եւ իր մոտ եղած խոհանոցային դանակով 15-ից ավելի հարվածներ է հասցրել երեխային, որից 3-ը՝ սրտի շրջանում: «Առավոտի» տեղեկություններով, Կենտրոնի ոստիկանությանը հաջողվել է հայտնաբերել նաեւ հանցագործության գործիքը՝ 26 սմ երկարությամբ դանակը, որի շեղբը 11,5 սմ է, իսկ բռնակը՝ 14,5 սմ: Իր գործը կատարելուց առաջ «Գժոյանների Արտակը» գլխին քաշել էր սեւ գլխարկ, աչքերին դրել մուգ ակնոց՝ չճանաչվելու համար, ինչը նրան չի հաջողվել:
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կենտրոնի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրօրի 104 հոդվածի հատկանիշներով (սպանություն):
Հարեւանները մեզ հետ զրույցում նաեւ չբացառեցին, որ տեղի ունեցածը վրեժխնդրության (վենդետա) հետ է կապված. 2009-ի նոյեմբերի 29-ին Տիգրան Մեծի պողոտայի 61 շենքի 17 բնակարանում հայտնաբերվել էր 12-ամյա դանակահարված երեխա, իսկ քիչ անց «Էրեբունի» բժշկական կենտրոնից հայտնել էին, որ նշված հասցեից բիոլոգիական մահով իրենց մոտ է տեղափոխվել Սոս Արտակի Մելքոնյանը, որը սովորում էր Չարենցի անվան թիվ 67 դպրոցի 9-րդ դասարանում: Սոսը Արտակ Մելքոնյանի 12-ամյա որդին էր: Նրա սպանության մեջ մեղադրվում էր 2 մարդ, որոնցից մեկը դատապարտվել է եւ այս պահին գտնվում է ազատազրկման վայրում, իսկ Սարգիս Վարդիկյանը, ով նաեւ մասնակցություն է ունեցել Սոսի սպանության մեջ, չի դատապարտվել՝ հանցագործության սուբյեկտ չլինելու պատճառով (12 տարեկանից փոքր էր):
Այսօր Կենտրոնի քննչական բաժինը միջնորդությամբ դիմելու է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ Արտակ Մելքոնյանի նկատմամբ երկամսյա կալանք կիրառելու միջնորդությամբ: Այս պահին Ա. Մելքոնյանը գտնվում է Երեւանի ոստիկանության ՁՊՎ-ում:
Երեկվանից ոստիկանության մի քանի ստորաբաժանումներ հսկողության տակ են վերցրել «Գժոյանների» բնակության վայրը, քանի որ կա լուրջ մտավախություն, որ հնարավոր է վենդետան շարունակվի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել